Հա

Քաղաքական

03/10/2021 - 12:40

«Իրանա-ադրբեջանական պատերազմը բացառւում է, եթէ Ադրբեջանը չգնայ արկածախնդրութեան». Իրանագէտ

Իրանա-ադրբեջանական լարւածութեան ներկայ փուլի, պատճառների եւ տարածաշրջանում հնարաւոր զարգացումների վերաբերեալ Hetq.am-ը զրուցել է իրանագէտ Գարիկ Միսակեանի հետ։

«alikonline.ir» - Իրանա-ադրբեջանական լարւածութեան ներկայ փուլի, պատճառների եւ տարածաշրջանում հնարաւոր զարգացումների վերաբերեալ Hetq.am-ը զրուցել է իրանագէտ Գարիկ Միսակեանի հետ։

 

- Պարոն Միսակեան, վերջին օրերին բաւականին լարւել են իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները։ Կողմերը բարձր մակարդակով քննադատում են միմեանց, երբեմն՝ նոյնիսկ սպառնում ռազմական գործողութիւններ սկսել։ Եթէ կարճ, արդեօ՞ք կայ իրանա-ադրբեջանական պատերազմի հաւանականութիւն։

- Եթէ կարճ խօսենք պատերազմի հաւանականութեան մասին, ապա դա գրեթէ բացառւում է, եթէ, իհարկէ, Ադրբեջանի Հանրապետութիւնը որեւէ արկածախնդրութեան չդիմի։ Այսինքն, եթէ պաշտօնական յայտարարութիւնները մի կողմ թողնենք եւ նայենք վերլուծաբանների ու ռազմական փորձագէտների յայտարարութիւնները կամ սոցիալական ցանցերի գրառումները, նշւում է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը, եթէ փորձի որեւէ կերպ որեւէ կրակոց արձակել Իրանի սահմանին, որեւէ ձեւով խոչընդոտել իրանական այս զօրավարժութիւններին կամ թէկուզ անվտանգային առումով Իրանը որեւէ լուրջ խնդիր տեսնի, ապա կարող է ռազմական լուծման գնալ։

Երկրորդ խնդիրն արդէն Սիւնիքին է վերաբերում, երբ շեշտւում է տարածքային ամբողջականութեան մասին։ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսն ու Իրանի բանակի գեներալներն ամենաբարձր մակարդակով յայտարարում են, որ եթէ փորձ արւի տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասաւորումներ անել առանց Իրանի կարծիքը հաշւի առնելու, ապա Իրանը կը դիմի լրջագոյն միջոցների, ընդհուպ՝ մինչեւ ռազմական։ Այս համատեքստում պատերազմը հնարաւոր է, բայց Բաքւի իշխանութիւնները եւ հէնց նոյն Իլհամ Ալիեւը լաւ հասկանում են, որ Ադրբեջանը, թէկուզ թուրքական կողմի աջակցութեամբ, այն պետութիւնը չէ, որ Իրանի դէմ փորձի ռազմական որեւէ պայքար մղել։

 

- Իրանական կողմը, տարբեր մակարդակներով Ալիեւին ուղղւած իր յայտարարութիւններում, նշում է իրանական սահմանների մօտ «սիոնիստական ռեժիմի» ներկայութեան անթոյլատրելիութեան մասին։ Եթէ ընդունում ենք, որ ադրբեջանա-իսրայէլական համագործակցութիւնը նորութիւն չէ Իրանի համար, ապա ինչո՞ւ է իրանական կողմն իր վերջին յայտարարութիւններում անընդհատ շեշտում «սիոնիստական ռեժիմ» երեւոյթը։

- Իրանի ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ ռազմական դիւանագիտութիւնները բաւականին բազմաշերտ են։ Այսինքն, այս քարոզչական պայքարում իրանական կողմը, իրանցի եւ արտասահմանեան վերլուծաբանները, այդ թւում՝ BBC-ի, կարծում են, որ Իրանն Ադրբեջանում հէնց իսրայէլական ներկայութիւնն է մշտապէս յիշատակում իր ընդհանուր արտաքին քաղաքական համատեքստում այն առումով, որ Իսրայէլը համարւում է Իրանին թշնամի պետութիւն։ Երկրորդ՝ Իրանում նաեւ հասկացել են, որ արցախեան պատերազմից յետոյ Իսրայէլը բաւականին ակտիւացել է Ադրբեջանում եւ նոյնիսկ խօսակցութիւններ կային Արցախի բռնազաւթւած տարածքներում իսրայէլական մոդելով խելացի քաղաք հիմնելու մասին, որը չափազանց բացասական էր ընկալւել Իրանի կողմից։

Խնդիրն իրականում բացայայտօրէն չասւող հանգամանքներում է, այսինքն՝ իրանական կողմն իրականում իր զօրավարժութիւններն իրականացնում է ի պատասխան թուրք-ադրբեջանա-պակիստանեան եղբայրական զօրավարժութիւնների եւ Կասպից ծովում իրականացւած թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների։

Իրանական բանակի եւ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հիմնական թիրախն Անկարան է, ապա նաեւ՝ Իսլամաբադը։ Սակայն հէնց սկզբնական փուլում, որպէսզի խուսափի Անկարայի ու Իսլամաբադի հետ քարոզչական բախումներից, իրանական կողմը որպէս թիրախ ընտրել է Իսրայէլին։ Չէ՞ որ բոլորը գիտեն, որ այդ թիրախը 40 տարի է՝ շրջանառւում է։

Իրանը Բաքւի բռնապետին որոշակիօրէն հասկացնում է, որ խնդիրն իրականում կապւած է Անկարայի հետ։ Այսինքն, երբ որ գեներալները յայտարարում են, որ Ալիեւը մի երրորդ պետութեան քաջալերմամբ է անում այդպիսի յայտարարութիւններ, դա հէնց անմիջական ակնարկ է Էրդողանին։

 

- Ստացւում է, որ ընդդէմ Իրանի այս պահին Ադրբեջանի շուրթերով խօսում է Թուրքիան։ Լարման այս փուլում ի՞նչ դեր ունի այդ երկիրը։

- Միանշանակ կարող ենք նման պնդում անել, քանի որ եթէ անտեսենք ամէն ինչ ու իրանցի վերլուծաբանների խօսքերը միայն արտայայտենք, ապա Իրանում, արցախեան պատերազմից յետոյ, կարծես թէ վերջնականապէս ձեւաւորւել է այն տեսակէտը, որ Բաքուն թէ՛ ռազմական եւ թէ՛ քաղաքական առումներով այլեւս անկախ չէ իր որոշումներում։ Նա մեծ կախւածութիւն ունի Անկարայից ու, որոշակի առումով, նաեւ՝ Իսրայէլից։ Իրանում Բաքւին՝ որպէս անկախ խաղացողի այլեւս չեն դիտարկում, այլ հիմնականում ընդունում որպէս Թուրքիայի ծաւալապաշտական եւ աշխարհաքաղաքական նպատակների իրականացման գործիքներից մէկը։

 

- Արեւմտեան Ատրպատականում հոկտեմբերի 1-ին սկսւած զօրավարժութեան համար Իրանը մեծ թւով զինտեխնիկա է տեղափոխել, եւ շատ վերլուծաբաններ դա աննախադէպ են որակում։ Արդեօ՞ք այս զօրավարժութիւնները եւ դրան մասնակցող աննախադէպ քանակով զինտեխնիկան ունեն յստակ ուղերձ, եւ արդեօ՞ք Իրանը, տարածաշրջանում ստատուս քւոյի խախտման դէպքում, պատրաստ է իրական ռազմական գործողութիւնների գնալ։

- Տեսէք, Իրանն այս զօրաշարժն իրականացրեց երկու փուլով։ Նախ՝ Իրանի յեղափոխութեան պահապանների կորպուսը զօրքեր կենտրոնացրեց Ադրբեջանի գրեթէ ողջ սահմանի երկայնքով։ Իր հերթին Իրանի բանակը Արեւելեան Ատրպատական նահանգում բաւականին արագ եւ մեծ քանակութեամբ զինտեխնիկա տեղափոխեց՝ փոխանցելով երկու հիմնական ուղերձ։

Հաշւի առնելով Իրանի ռազմական համակարգի առանձնայատկութիւնները՝ բանակը մշտապէս պատասխանատու է Իրանի սահմանների պաշտպանութեան եւ անվտանգութեան համար, իսկ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը՝ Իրանի սահմաններից դուրս ռազմական գործողութիւնների։ Այսինքն, այստեղ Ադրբեջանին հասկացրեցին, որ Իրանը պատրաստ է պաշտպանւելու ցանկացած յարձակումից, եւ նաեւ պատրաստ է յարձակման։

Ստացւում է, որ հիմնական թիրախը հէնց Թուրքիա-Նախիջեւան-Սիւնիք առանցքն է ու, դատելով փորձագէտների ու ռազմական վերլուծաբանների յայտարարութիւններից, Իրանը, Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դէպքում, մեծ հաւանականութեամբ կարող է միջամտել։ Ճիշտ է, դժւար է միանշանակ պնդել, թէ ինչ կը լինի, որովհետեւ մեր տարածաշրջանում կանխատեսումներ անելը մի քիչ բարդ է, բայց, դատելով ամէն ինչից, Իրանը բաւականին լուրջ է տրամադրւած։

 

- Եւ վերջին հարցը։ Շատ կարճ ժամանակ է, ինչ ձեւաւորւել է Իրանի նոր կառավարութիւնը։ Արդեօ՞ք այն ունի ադրբեջանամէտ թեւ, որը որոշակիօրէն կարող է ազդել Թեհրանի վարած արտաքին քաղաքականութեան վրայ։ Լարւածութեան լարման նւազման ուղղութեամբ, կարծես թէ, հոկտեմբերի 1-ին յայտարարութիւն էր արել Իրանի ներքին գործերի նախարարը։

- Իրանի քաղաքական համակարգի կառուցւածքն այնպիսին է, որ այնտեղ գրեթէ որեւէ պետութիւնամէտ գործիչներ չեն կարող իշխանութեան գալ։ Նախ, քանի որ երկրում ամէն ինչ, եթէ դա վերաբերում է ռազմական ու արտաքին քաղաքականութեան լուրջ հարցերին, որոշւում է հոգեւոր առաջնորդի գրասենեակում, իսկ նախագահը, ԱԳՆ-ն եւ կառավարութիւնը դրա իրականացնողներն են։ Իսկ եթէ խօսենք Իրանի բարեփոխիչների եւ պահպանողականների ընտրութիւնից, ինչը կարեւոր է այս համատեքստում, գրեթէ միշտ Իրանի պահպանողական ղեկավարութիւնը խնդիրներ է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ կապւած հէնց նոյն Իսրայէլի ներկայութեան հետ։ Յիշենք, որ ներկայումս իշխանութեան են հէնց պահպանողականները։

Եթէ բարեփոխիչները, ի դէմս Ռոհանիի, գերադասում էին տնտեսական յարաբերութիւնները եւ Ադրբեջանի մասով մեղմում էին արտաքին քաղաքականութիւնը, ապա պահպանողականները՝ հակառակը, միշտ վարել են բաւականին կոշտ քաղաքականութիւն, եւ դա նկատւեց հէնց առաջին ամիսներին, երբ Ռէյիսին յայտարարեց, որ կենտրոնանալու են նաեւ տարածաշրջանային քաղաքականութեան վրայ՝ զուգահեռաբար շարունակելով բանակցել Արեւմուտքի հետ։ Այսինքն՝ Իրանը, Արեւմուտքի հետ հասնելով որոշակի պայմանաւորւածութեան, կենտրոնանալու է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման եւ Թուրքիայի հետ մրցակցութեան վրայ, ինչն արդէն իսկ սկսւել է։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի ներքին գործերի նախարարի յայտարարութեանը, ապա սա կարելի է բնորոշել ոչ թէ որպէս ադրբեջանամէտ, այլ գրեթէ ամենահակաադրբեջանական յայտարարութիւններից մէկը, քանի որ այն յստակ ուղերձ էր Ադրբեջանին, որ մենք ձեզ համարում ենք մեր մշակութային պետութեան մաս եւ խորհուրդ ենք տալիս զերծ մնալ թշնամի պետութիւնների հետ յարաբերութիւններից։

Ներքին գործերի նախարարի յայտարարութեան մէջ կար նաեւ այն միտքը, որ ադրբեջանական ժողովուրդը պէտք է օրինակ վերցնի Իրանի ժողովրդից։ Սա յստակ ուղերձ էր հէնց Ալիեւին, որ Իրանը կարող է ներազդել Ադրբեջանի վրայ, օրինակ՝ ժողովուրդը կարող է իսլամական յեղափոխութիւն անել եւ ազատւել բռնապետից։ Այս յայտարարութիւնը դիւանագիտական ճանապարհով բաւականին լուրջ զգուշացում էր Ալիեւին, որ եթէ շարունակի նոյն տեմպերով, Իրանը կը սկսի փափուկ ուժի տեսանկիւնից պայքար մղել Ադրբեջանի դէմ։

 

Արմէն Միրզոյեան

(Լուսանկարը՝ Factor TV-ի)

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։