Ռուսական ՏԱՍՍ գործակալութիւնը հրապարակել է Թեհրանում իր թղթակից Նիկիտա Սմագինի «Յետղարաբաղեան համախտանիշ. ինչու Թեհրանի եւ Բաքւի հակամարտութիւնը չի կարգաւորւի» վերնագրով ծաւալուն յօդւած՝ անդրադառնալով Իրանի եւ Ադրբեջանի լարւած յարաբերութիւններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւններին:
«alikonline.ir» - Ռուսական ՏԱՍՍ գործակալութիւնը հրապարակել է Թեհրանում իր թղթակից Նիկիտա Սմագինի «Յետղարաբաղեան համախտանիշ. ինչու Թեհրանի եւ Բաքւի հակամարտութիւնը չի կարգաւորւի» վերնագրով ծաւալուն յօդւած՝ անդրադառնալով Իրանի եւ Ադրբեջանի լարւած յարաբերութիւններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւններին:
«Վերջին օրերի իրադարձութիւնները նոր մակարդակի են հասցրել Իրանի ու Ադրբեջանի հակասութիւնները: 2010-ականներին թւում էր, որ Բաքուն եւ Թեհրանը, միմեանց նկատմամբ երկար տարիների անվստահութիւնից յետոյ, վերջապէս գտել են լիարժէք համագործակցութեան հիմքը: Սակայն վերջին պատերազմը Ղարաբաղում փոխել է ինչպէս ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում, այնպէս էլ ադրբեջանական կողմի դիրքերը:
Ներկայ սրացման սկզբնական պատճառն Ադրբեջանի փորձերն են՝ սահմանափակել Իրանի եւ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրների համալիրը չի սահմանափակւում միայն այս հարցով: Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանում Իսրայէլի ներկայութեամբ եւ տարածաշրջանում Թուրքիայի հզօրացմամբ: Բաքուն, իր հերթին, զգում է իր փոխւած դերը եւ չի ցանկանում ուշադրութիւն դարձնել իսլամական հանրապետութեան ազգային շահերին»,- գրում է հեղինակը:
Իսրայէլն առաջ է շարժւում
«Թել Աւիւի եւ Բաքւի յարաբերութիւնների զարգացումը լրջօրէն անհանգստացնում է Թեհրանին: Առաջին հերթին, իրանական կողմը վախենում է, որ յաւերժական թշնամին յենակէտ կը ստանայ հէնց իր հիւսիսարեւմտեան սահմանին: Իրանցի փորձագէտներն արդէն յայտարարել են, որ իրանական միջուկային արխիւը, որը 2018-ին բացել է հրէական պետութեան այն ժամանակւայ վարչապետ Բենիամին Նեթանեահուն, գողացւել է իսրայէլական յատուկ ծառայութիւնների կողմից՝ ադրբեջանական կողմի միջնորդութեամբ...
Թեհրանն ակնյայտօրէն զգում է Թել Աւիւի ճնշման աճը, որն արդէն մի շարք ուղղութիւններով մօտեցել է Իրանի սահմանին: Սա իրանական կողմին ուղղւած սպառնալիքների որակապէս նոր բնոյթ է: Վերջինս վրդովւած է տեղի ունեցածից, սակայն, կարծես, դեռ ամբողջութեամբ չի ձեւակերպել չէզոքացման պատասխան մարտավարութիւնը: Հետեւաբար, առայժմ իսլամական հանրապետութիւնը սահմանափակւում է իր հարեւաններին բոցաշունչ նախազգուշացումներով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թւում է, որ նա կողմնորոշւել է. Իսրայէլի հետ փոխգործակցութիւնը լուրջ է եւ երկարաժամկէտ: Աւելին, յաղթելով ղարաբաղեան վերջին պատերազմում՝ Բաքուն չափազանց վստահ է իր ուժերի վրայ, որպէսզի թոյլ տայ, որ ինչ-որ մէկն իրեն ասի՝ ում հետ պէտք է համագործակցի»,- նշում է Սմագինը:
Հայաստանի կարեւորութիւնը
Թեհրանը գտնւում է միջազգային լուրջ մեկուսացման մէջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարւող քաղաքականութեան պատճառով, եւ շահագրգռւած է գտնելու այդ սահմանափակումները յաղթահարելու ուղիներ: Նշւում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լաւ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժէքաւոր տնտեսական գործընկեր է: 2020 թւականի վերջին երկրների միջեւ առեւտուրը կազմել է 400 մլն դոլար»,- նշել է յօդւածագիրը: Յօդւածում շեշտւում է այն հանգամանքը, որ Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք եւ արդիւնաբերական արտադրանք, ինչպէս նաեւ նաւթամթերք եւ գազ:
Յիշատակւում է նաեւ դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետութիւնը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,- ասւած է յօդւածում:
«Բացի այդ, հայկական տարածքն այլընտրանքային ուղի է Հիւսիս-Հարաւ տրանսպորտային միջանցքի համար: Ադրբեջանը շարունակում է մնալ Կովկասում այս նախագծի հիմնական մասնակիցը: Այնուամենայնիւ, հաշւի առնելով Բաքւի եւ Թեհրանի միջեւ աճող հակասութիւնները, իրանական կողմը ակնյայտօրէն չի ցանկանայ այլընտրանք կորցնել այս խոստումնալից տարանցիկ ճանապարհի համար:
Ադրբեջանը, իր հերթին, շահագրգռւած է Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ամբողջական դադարեցմամբ: Արդէն տնտեսական ծանր վիճակում գտնւող Թեհրանի համար այս մօտեցումը բացարձակապէս անընդունելի է թւում: Զարմանալի չէ, որ Բաքւի յայտարարութիւնները Նախիջեւանի հանրապետութիւն միջանցք ճեղքելու եւ այդպիսով հայ-իրանական սահմանը վերահսկողութեան տակ առնելու պատրաստակամութեան մասին իրանական կողմից բուռն բողոքի պատճառ է դարձել»,- նշում է հեղինակը:
Վտանգաւոր լարւածութիւն
«Սահմանի երկու կողմերում ակա կատաղի հռետորաբանութեան եւ զօրավարժութիւնների ֆոնին, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հակամարտութեան խորացումը հսկայական ռիսկեր է պարունակում երկու երկրների համար: Լիարժէք ռազմական գործողութիւնները բացառւում են: Երկու երկրների համար սա բացարձակ անտանելի բեռ է՝ ծայրայեղ բացասական հետեւանքներով:
Առճակատման հիբրիդային տարբերակը տեսականօրէն հնարաւոր է, բայց այն նաեւ չափազանց մեծ ռիսկեր է պարունակում թէ՛ Իրանի, թէ՛ Ադրբեջանի համար...
Բացի այդ, կայ տնտեսական գործօնների մի ամբողջ շարք: Վերջին տարիներին Բաքուն եւ Թեհրանը հասել են համագործակցութեան լաւ մակարդակի եւ յոյս ունեն զարգացնել այն: Ցանկացած լուրջ սրացում վերջ է տալիս այս ծրագրերին»,- նկատում է Սմագինը:
Փակ շրջան
«Երկու երկրներն էլ ամէն ինչ կանեն, որպէսզի խուսափեն առկայ լարւածութեան բացայայտ առճակատման վերածւելուց: Բայց խնդիրն այն է, որ կողմերի միջեւ առկայ հիմնական հակասութիւնները չեն վերանայ: Բաքուն մի կողմից որոշում է կայացրել դաշնակիցների ընտրութեան հարցում: Թուրքիայի հզօրացումն աւելի քիչ է անհանգստացնում Իրանին, քան Իսրայէլի ներկայութիւնը: Բայց Իրանն ընտրութիւն չի կարող կատարել. Կովկասում նա պէտք է գործ ունենայ ինչպէս Անկարայի, այնպէս էլ Թել Աւիւի հետ: Ադրբեջանի աճող ամբիցիաները կը շարունակեն դրդել այս երկրի իշխանութիւններին`խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին:
Իրանը, իր հերթին կը շարունակի պնդել, որ իր ազգային շահերը պէտք է հաշւի առնւեն: Թեհրանի տեսանկիւնից, ադրբեջանական կողմն արդէն բաւականին շատ բան է ստացել Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ, որի արդիւնքները իսլամական հանրապետութիւնը չի պատրաստւում վիճարկել: Աւելին, Իրանն արդէն գտնւում է ծանր վիճակում, ուստի մտադիր չէ նահանջել:
Հնարաւոր փոխզիջում կարող է լինել Ադրբեջանի հրաժարւելն իրեն ու Նախիջեւանը կապող միջանցք ստեղծելու գաղափարից: Աւելին, Ռուսաստանը կարող է նաեւ դէմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդէն կոչ է արել Մոսկւային յայտնել իր դիրքորոշումը տարածաշրջանում հնարաւոր սահմանների փոփոխման հարցում: Եթէ Բաքուն նոյնպէս փաստացի դադարեցնի վիճարկել Հայաստանի հետ առեւտրի Իրանի իրաւունքը, ապա Թեհրանը կարող է նւազեցնել Իսրայէլի ներկայութեան հարցում քննադատութեան աստիճանը:
Սակայն փոխզիջումն այս դէպքում պէտք է բխի բացառապէս Ադրբեջանից: Հազիւ թէ Իրանը կարող է դրա դիմաց ինչ-որ արժէքաւոր բան առաջարկել: Վերջին պատերազմից յաղթանակած դուրս եկած Բաքուն դժւար թէ այդքան հեշտութեամբ համաձայնի նման սցենարին:
Ամէն դէպքում, մոտ ժամանակներս իրանական եւ ադրբեջանական կողմերի միջեւ լարւածութեան որոշակի մակարդակ կը պահպանւի: Միեւնոյն ժամանակ, երկու կողմերի ռացիոնալ նկատառումները պէտք է յետ պահեն իրավիճակը սայթաքումից դէպի իրական առճակատում»,- եզրափակել է հեղինակը: