Հա

Քաղաքական

09/10/2021 - 10:50

«Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը նաեւ ընդհանուր շահեր ու փոխզսպման լծակներ ունեն, չեմ կարծում՝ լուրջ բախում լինի». Սաֆրաստեան

Տարածաշրջանային «3+3» ձեւաչափը, առաջին հերթին, թուրքական նախագիծ է. 2008 թ. ամռանը՝ վրաց-ռուսական պատերազմից յետոյ, Էրդողանը նման ձեւաչափ ստեղծելու առաջարկով հանդէս եկաւ, ըստ որի՝ դրանում պէտք է ընգրկւէին հարաւկովկասեան երկրներն ու Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը: Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների մասնակցութեամբ «3+3» ձեւաչափ ձեւաւորելու վերաբերեալ հնչող յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Տարածաշրջանային «3+3» ձեւաչափը, առաջին հերթին, թուրքական նախագիծ է. 2008 թ. ամռանը՝ վրաց-ռուսական պատերազմից յետոյ, Էրդողանը նման ձեւաչափ ստեղծելու առաջարկով հանդէս եկաւ, ըստ որի՝ դրանում պէտք է ընգրկւէին հարաւկովկասեան երկրներն ու Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը: Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների մասնակցութեամբ «3+3» ձեւաչափ ձեւաւորելու վերաբերեալ հնչող յայտարարութիւններին:

«2008թ-ին Թուրքիան վախեցած էր, կարծում էր՝ Ռուսաստանը զինւած ուժերի կիրառելու կամ ու վճռականութիւն ունեն, եւ այդ տարբերակով առաջարկեցին, որ Հարաւային Կովկասն աշխարհաքաղաքական առումով բաժանւի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ռուսներն, իհարկէ, դրան չարձագանգեցին, քանի որ կարծում էին՝ իրենք են ազդեցութիւն ունեցող միակ ուժը տարածաշրջանում:

Հիմա՝ պատերազմից յետոյ, ո՞րն է նմանատիպ ձեւաչափ առաջարկելու հարցում Թուրքիայի խորամանկութիւնը: Առաջինը՝ Արեւմուտքը ներկայացւած չէ այս առաջարկում, դուրս է թողնւած, եւ սա, ըստ Թուրքիայի, գրաւիչ կը լինի Ռուսաստանի եւ Իրանի համար: Եթէ սա իրականութիւն դառնայ, կը ստացւի, որ Թուրքիան այս ձեւաչափում կը ներկայացնի նաեւ Արեւմուտքին՝ որպէս ՆԱՏՕ-ի դաշնակից, եւ այստեղ Թուրքիայի համար բոլորի հետ յարաբերութիւններում իր դերը բարձրացնելու լաւ հնարաւորութիւն կը ստեղծւի՝ աւանդական թուրքական հնարք է: Բայց ես համոզւած եմ, որ նման ձեւաչափ չի ստեղծւի՝ իրատեսական չէ, քանի որ Վրաստանը չի մասնակցի դրան, քանի որ Ռուսաստանը կայ: Նաեւ չեմ կարծում, որ Ռուսաստանը մեծ շահագրգռւածութիւն կունենայ դրանում, որովհետեւ երբ Թուրքիան դա առաջարկեց, Մոսկւայից առանձնապէս արձագանգ չեղաւ, իսկ Լաւրովն օրեր առաջ, կարծում եմ, արձագանգեց այս թեմային, քանի որ դրա մասին Իրանի արտգործնախարարի հետ էր քննարկում եղել: Միւս կողմից՝ Իրանը հասկանում է, որ մանաւանդ պատերազմից յետոյ դուրս է մղւել տարածաշրջանային գործընթացներից, Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերն ուժեղանում են, ռուս-թուրքական կենտրոն է գործում Աղդամում, եւ այլն: Ուստի, այս տարբերակը գայթակղիչ է Իրանի համար, քանի որ հնարաւորութիւն կը տայ նրան վերադառնալ Հարաւային Կովկաս, եւ Թեհրանի համար կարեւոր է նաեւ, որ Արեւմուտքը չմասնակցի այդ ձեւաչափին, դրա համար էլ համոզւած եմ, որ Իրանի արտգործնախարարն է այս հարցը բարձրացրել, Լաւրովն էլ, դրանից ելնելով, արձագանգել է, հետեւաբար, Ռուսաստանը ո՛չ կը խրախուսի եւ կը նպաստի ձեւաչափի ստեղծմանը, ո՛չ էլ կը խոչընդոտի դրան: Իսկ ինչո՞ւ պէտք է Ռուսաստանը Իրանի կամ Թուրքիայի հետ հարաւկովկասեան խնդիրները քննարկի»,- նկատում է թուրքագէտը:

Սաֆրաստեանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ պատերազմից յետոյ Թուրքիայի ազդեցութիւնը զգալիօրէն աճել է մեր տարածաշրջանում:

«Թուրքիան ուզում էր, որ ռուս-թուրքական խաղաղապահ ուժեր ձեւաւորւեն, ինչը ստացւեց՝ Ռուսաստանը թոյլ չտւեց, ուզում էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 4-րդ կողմը դառնայ, ինչը էլի չյաջողւեց: Ռուսաստանը Թուրքիային թողեց, որ նրանք ներգրաււեն միայն ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներում՝ 60-70 թուրք սպա է այնտեղ գտնւում, բացի այդ՝ ուզում էին, որ այդ կենտրոնը հնարաւորութիւն ստանան մոնիթորինգ իրականացնել հէնց Արցախի տարածքում՝ թուրք սպաները ոտք դնէին Արցախի տարածք, ինչը կրկին ռուսները թոյլ չտւեցին: Ես յիշում եմ՝ ինչ էր կատարւում թուրքական մամուլում, երբ ռուսական պատւիրակութիւնը եկել էր կենտրոնի ստեղծման պայմանների շուրջ բանակցելու, մեծ ճնշում էր գործադրւում ռուսական կողմի վրայ, որ գոնէ դա պոկեն, ինչը ռուսները թոյլ չտւեցին՝ մոնիթորինգն օդից՝ տեխնիկական միջոցներով է իրականացւում: Միւս կողմից՝ Ադրբեջանը ռազմական ու քաղաքական առումով իր ազդեցութիւնն է ուժեղացնում Ադրբեջանում, բայց չպէտք է մոռանալ նաեւ, որ Ադրբեջանի մի շարք շրջանակներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ՝ մօտ 2 միլիոն ադրբեջանցի է բնակւում Ռուսաստանում, եւ այլ, այնպէս որ Ռուսաստանի ազդեցութիւնն Ադրբեջանում պահպանւում է: Այսինքն, Թուրքիան նախատեսածից քիչ բան ստացաւ պատերազմից յետոյ, եւ 3+3 ձեւաչափ ստեղծելու թուրքական առաջարկի նպատակը տարածաշրջանում ազդեցութիւնը մեծացնելն է: Մանաւանդ, երբ Ադրբեջանի վրայ է հիմա մեծ ճնշում գործադրւել, որովհետեւ ստիպւած համաձայնւում է Մինսկի խմբի համանախագահութեան շրջանում քայլեր ձեռնարկել բանակցութիւնները վերսկսելու ուղղութեամ. յիշո՞ւմ էք՝ ինչպէս էր Ալիեւը խօսում համանախագահների հետ, երբ նրանք ամիսներ առաջ եկան տարածաշրջան, բայց հիմա արդէն համաձայնւում է, եւ այդ ճնշումն Արեւմուտքի կողմից եղաւ: Դրա համար էլ Թուրքիան ուզում է նման ձեւաչափ ստեղծել, որ նաեւ որոշ չափով ստւերի Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութիւնը, իր մօտեցումներն առաջ տանի»,- կարծում է Սաֆրաստեանը:

Ակադեմիկոսը չի կարծում, թէ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում առկայ լարւածութիւնը, որի պայմաններում լարում է նկատւում նաեւ Թեհրան-Անկարա յարաբերութիւններում, լուրջ բախման կարող է վերածւել:

«Կարծում եմ՝ լուրջ հետեւանքներ չեն լինի՝ երեք պետութիւններն էլ, լինելով թէ՛ պատմականօրէն, թէ՛ տարածաշրջանում գերակայ դիրք ունենալու տեսանկիւնից հակառակորդներ, նաեւ շահեր ունեն՝ դա նաեւ Սիրիայում է երեւում: Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրն էլ է բաւական զարգացած, ինչը երկուսի համար էլ կարեւոր է: 2008 թ-ին, տարածաշրջանային ձեւաչափ ստեղծելու առաջարկ անելով, Թուրքիան Իրանին դուրս էր թողել գործընթացից՝ որպէս ԱՄՆ-ի դաշնակից հանդէս գալով: Հիմա այլ Թուրքիայի հետ գործ ունենք՝ Անկարան աւելի ռիսկային է գործում, մէկ-մէկ՝ ԱՄՆ-ին է մերժում, Իրանի հետ է սիրավէպ սկսել: Բացի այդ, Ատրպատականում թուրքախօս բնակչութեան խնդիր կայ, որը Թուրքիան օգտագործում է միշտ՝ թուրքական հետախուզութիւնը պանթուրքիստական աշխատանք է տանու, ինչից Իրանի յատուկ ծառայութիւնները, վստահ եմ, շատ լաւ տեղեակ է: Աւելին՝ քրդական հարց կայ, որն Իրանն է օգտագործում Թուրքիայի հետ: Այնպէս որ, այնքան հակասութիւններ, շահերի ընդհանրութիւններ եւ մէկը միւսի վրայ ազդելու գործիքակազմ ունեն այս երկրները, որ չեմ կարծում, թէ լուրջ սրացման գնան ու անցնեն կարմիր գծերը: Թուրք-իրանական յարաբերութիւնները միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից իւրայատուկ նշանակութիւն ունեն՝ պատմական ու աշխարհաքաղաքական իմաստով մրցակցութիւն կայ, բազմաթիւ պատերազմներ են եղել, բայց արդէն մօտ 100 տարի Թուրքիան եւ Իրանը կարողանում են ընդհանուր շահերի գտնել եւ խուսափել ռազմական բախումների: Կարծում եմ՝ այս անգամ էլ այդպէս կը լինի»,- շեշտեց Սաֆրաստեանը:

 

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Պաքու-Ստեփանակերտ յարաբերակցութեան նախանիշը
    Ակնարկ. Պաքու-Ստեփանակերտ յարաբերակցութեան նախանիշը

    Միացեալ Նահանգներու, Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարներու եռակողմ հեռաձայնային հաղորդակցութենէն բխած լրատուութիւնը ուշագրաւ բաժին ունի, որ հետեւեալն է.

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ
    «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ

    Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր են հանւել տւեալներ, որ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարելու տեսանիւթում յանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» («Komando») ջոկատի զինւորականներն են։ «Թաթոյեան» հիմնադրամից յայտնում են, որ սա նաեւ բխում է տելեգրամեան ալիքների տւեալներից:

  • ԱՄՆ հայամէտ սենատորները փորձում են 0-ի հասցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնութիւնը
    ԱՄՆ հայամէտ սենատորները փորձում են 0-ի հասցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնութիւնը

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը զօրակցում է ամերիկացի սենատորների երեք շարք նախաձեռնութիւններին, որոնցով նախատեսւում է պատժամիջոցների ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին ու կանխել այդ երկներին ռազմական աջակցութեան տրամադրումը. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբէթ Չուլջեանը։

  • «Պէտք է առկախել Թուրքիայի հետ բանակցութիւնները, նրա գիրկը գնալն իմաստ չունի»․ Ռուբէն Սաֆրաստեան
    «Պէտք է առկախել Թուրքիայի հետ բանակցութիւնները, նրա գիրկը գնալն իմաստ չունի»․ Ռուբէն Սաֆրաստեան

    «Ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հետ կապւած, Թուրքիայի ղեկավարութեան՝ Էրդողանի եւ Չաւուշօլուի հրապարակային յայտարարութիւնները, ապացուցում են, որ Թուրքիան հովանաւորում եւ մաս է կազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ պահւածքի, հետեւաբար, այս փուլում Թուրքիայի հետ որեւէ բանակցութիւններ իմաստ չունեն»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինեան հնարաւոր հանդիպմանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։