Հա

Քաղաքական

11/10/2021 - 12:10

«Արդեօք Էջմիածինն ու Վատիկանը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ այլընտրանքային ծրագի՞ր ունեն». Regnum

Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է վերլուծաբան Ստանիսլաւ Ստրեմիդլովսկու՝ «Արդեօք Էջմիածինն ու Վատիկանը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ այլընտրանքային ծրագի՞ր ունեն» վերտառութեամբ յօդւածը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է վերլուծաբան Ստանիսլաւ Ստրեմիդլովսկու՝ «Արդեօք Էջմիածինն ու Վատիկանը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ այլընտրանքային ծրագի՞ր ունեն» վերտառութեամբ յօդւածը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Վատիկան, որտեղ նրան ընդունել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, այնուհետ բանակցութիւններ են ընթացել Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրօ Պարոլինի հետ: Գարեգին Բ-ի եւ Ֆրանցիսկոսի հանդիպումը տեղի է ունեցել Ղարաբաղեան երկրորդ պատերազմի մեկնարկից մէկ տարի անց: Մէկ տարի առաջ կռւի սկսւելու պահին կաթողիկոսը գտնւում էր Հռոմում: Նա ստիպւած էր շտապ վերադառնալ Երեւան, բայց միեւնոյն ժամանակ նրան յաջողւեց խօսել Պապի հետ: Որոշ ժամանակ անց Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն իտալական Il Messaggero թերթին տւած հարցազրոյցում նշել էր. «Մեր միջեւ կայ համագործակցութիւն (Էջմիածին եւ Սուրբ Աթոռ): Պապը մեզ պատմեց իր ցաւի մասին, մենք դատապարտեցինք յարձակումը: Նրան նաեւ բացատրեցինք, թէ ինչպէս է Թուրքիան աջակցում Ադրբեջանին այս պատերազմում: Մենք կարծում ենք, որ յարձակումը մտայղացւել է Անկարայի աջակցութեամբ»:

Սակայն այն ժամանակ Վատիկանը չկատարեց այն, ինչի յոյսն ունէր Հայաստանը: Հռոմի Պապը միանշանակ հայանպաստ դիրքորոշում չընդունեց եւ ամէն ինչում չմեղադրեց Ադրբեջանին: Միեւնոյն ժամանակ, Սուրբ Աթոռը չզիջեց Բաքւին, որը, իր համար յաղթական պատերազմից յետոյ, պնդում էր, որ «Ղարաբաղի հարցը» վերջնականապէս հանւել է օրակարգից եւ փորձում էր փաստացի հրաժարւել ԵԱՀԿ Մինսկի խմբից, աւելի ճիշտ՝ խաթարել դրա երեք համանախագահներից երկուսի՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ յետպատերազմեան կարգաւորման գործընթացին միջամտելու կարողութիւնը: 2020 թւականի դեկտեմբերին Վրաստանում եւ Հայաստանում առաքելական նւիրակը՝ արքեպիսկոպոս Խոսէ Աւելինօ Բետենկուրը, ժամանեց Երեւան եւ հանդիպեց Գարեգին Երկրորդի եւ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանի հետ: Կաթոլիկ Aci Stampa պորտալին տւած հարցազրոյցում նւիրակը ասել էր, որ նոյեմբերի 9-ին կնքւած հրադադարի համաձայնագիրը միայն խաղաղ գործընթացի սկիզբն է, որը «դժւար ու խարխուլ է դառնում այն ամենի պատճառով, ինչ մնում է չլուծւած»: Նա կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբին միջնորդ լինել պատերազմող կողմերի միջեւ եւ փորձել հնարաւորութեան սահմաններում գտնել փոխզիջումներ՝ ուղղւած լարւածութեան նւազեցմանը: 

Իրադարձութիւնների հետագայ զարգացումը ցոյց տւեց Վատիկանի դիւանագիտութեան հեռատեսութիւնը` կապւած Մինսկի խմբի հետ, որը ոմանք սկզբում փորձում էին լուսանցքից այն կողմ թողնել: Այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դէմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Աւելին, Նիւ Եօրքում ՄԱԿ-ի 76-րդ Գլխաւոր վեհաժողովի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջէյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյեանի հետ, որի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է «իրավիճակի ապաէսկալացմանն ուղղւած յատուկ նպատակային միջոցառումներ եւ հնարաւոր յաջորդ քայլեր»: Այսպիսով, Սուրբ Աթոռը եւ Էջմիածինը, կարելի է ասել, յաղթեցին այս խաղում, եւ գալիս է նոր էտիւդներ խաղարկելու ժամանակը:

Նկատենք, որ կաթողիկոսը միայնակ չի եկել Հռոմ: Նրան ուղեկցել են Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը եւ Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալեանը: 

Եթէ գերեվարւած զինւորների փոխանակումը մէկանգամեայ ակցիա է, ապա մարդու իրաւունքները եւ Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, վանքերի եւ կրօնական յուշարձանների պահպանման խնդիրը երկարատեւ թեմա է: Այստեղ, սակայն, Սուրբ Աթոռը մի փոքր սահմանափակւում է նրանով, որ Բաքուն ֆինանսաւորում է Եւրոպայում կաթոլիկ սրբավայրերի, այդ թւում՝ հռոմէական կատակոմբների վերականգնման աշխատանքները: Բայց Էջմիածինը կարող է բարձրացնել Արցախի՝ այժմ ադրբեջանցիների իրաւասութեան ներքոյ գտնւող վանքեր եւ տաճարներ հայ հաւատացյալների ազատ մուտքի հարցը: Եւ Վատիկանի համար շատ դժւար կը լինի լռել այս հարցում: 

Պատրիարք Մաշալեանի ներկայութիւնը կաթողիկոսի թիմում նոյնպէս հետաքրքրաշարժ է թւում: Սա արդէն խօսում է Թուրքիա վրայ դուրս գալու մասին: Պարզ է, որ Երեւանի եւ Բաքւի միջեւ երկխօսութիւն կառուցելը չի կարող չուղեկցւել Երեւանի եւ Անկարայի յարաբերութիւնների ապաշրջափակումով:

Եւ ի վերջոյ, Գարեգին Բ-ի Վատիկան կատարած ուղեւորութեան մէջ կայ ներքին հարթութիւն: Կաթողիկոսի այցը տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանի՝ Հռոմ կատարելիք այցի նախօրէին: Նախագահը, ըստ յայտարարութիւնների, հոկտեմբերի 11-ին պէտք է հանդիպի Ֆրանցիսկոս Պապի հետ: Կաթողիկոսին եւ նախագահ Սարգսեանին ինչ-որ բան կապում է: Անցեալ տարւայ դեկտեմբերի 8-ին, Երեւանում արքեպիսկոպոս Բետենկուրի գտնւելու ընթացքում, Գարեգին Բ-ն դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ հրաժարական տալու կոչով, ինչպէս իր յայտարարութեան մէջ էր՝ «ցնցումները, հնարաւոր բախումները եւ ողբերգական հետեւանքները կանխելու համար»: Դեկտեմբերի 13-ին կաթողիկոսն իր նստավայրում ընդունեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու Վազգէն Մանուկեանին: Էջմիածնի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկւել են երկրում ստեղծւած իրավիճակը, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներն ու սպառնալիքները: Իսկ նախորդ օրը Սարգսեանը զրուցել է Մանուկեանի հետ: Սա ցոյց տւեց նախագահից եւ կաթողիկոսից ընդդիմութեան թեկնածուի համատեղ աջակցութիւնը եւ Փաշինեանի քաղաքական հեռանկարների նկատմամբ հաւատի բացակայութիւնը:

Այնուամենայնիւ, վարչապետը «ողջ մնաց» եւ նոյնիսկ կարողացաւ վերընտրւել արտահերթ ընտրութիւններում: Այլ հարց է, թէ ինչպէս կանցնի նրա երկրորդ ժամկէտը: Գուցէ Գարեգին Երկրորդը եւ Սարգսեանը այժմ յարաբերութիւններ են կառուցում Սուրբ Աթոռի հետ՝ որպէս Արեւմուտքի հետ երկխօսութեան զուգահեռ ուղի՝ յոյս ունենալով, որ մի քանի տարի յետոյ վարչապետի աթոռը կը սասանւի: Դա հեռահար խաղ է, բայց այդպէս է գործում Եկեղեցին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրան կը հետաքրքրի, թէ որքանով է լուրջ այն, ինչ անում են Էջմիածինն ու Սուրբ Աթոռը ղարաբաղեան կարգաւորման հարցում, Հայաստանի ապագայի տեսլականը եւ ինչպէս է այս ամէնը կապ ունենալու Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերեալ Ռուսաստանի դիրքորոշման հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։