ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դէյւիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցութիւն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Արամ Գալուստեանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկեան քաղաքական յարաբերութիւնների առաջնահերթութիւնները։
«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դէյւիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցութիւն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Արամ Գալուստեանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկեան քաղաքական յարաբերութիւնների առաջնահերթութիւնները։
ՀՅԴ անդամները շնորհակալութիւն են յայտնել կոնգրեսական Սիցիլինիին՝ իր քաղաքական քաղաքական գործունէութեան ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ եւ վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին եւ Հայ Դատի աշխատանքներին ցուցաբերած աջակցութեան համար։
Արթուր Խաչատրեանը կոնգրեսական Սիցիլինիին է ներկայացրել 2020 թւականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական յանցագործութիւնների, էթնիկ զտումների հետեւանքով Արցախում եւ Հայաստանի Հանրապետութեան ու Ադրբեջանի միջեւ սահմանին ստեղծւած իրավիճակը։ Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծել է, որ հնարաւոր չէ Հայսստանի ու Ադրբեջանի միջեւ հասնել արդար եւ կայուն խաղաղութեան, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման: «Խաղաղութիւն կը հաստատւի միայն եթէ նախ արդարութիւնը յաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական յանցագործութիւններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- նշել է նա։
Խօսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրեանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինւած ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։ «Հայ զինւորականները յարձակման են ենթարկւում եւ զոհւում Հայաստանի մայրաքաղաք Երեւանից ընդամէնը 60 կմ հեռաւորութեան վրայ»,- ասել է Արթուր Խաչատրեանը:
ՀՅԴ Բիւրոյի անդամ Արամ Գալուստեանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում աւելի քան մէկ դար առաջ սկսած Հայոց Ցեղասպանութիւնը։ «Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրւած Թուրքիայի եւ թիւրքական աշխարհի միջեւ։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականութիւնը։ Եթէ նրանք չկանգնեցւեն, հայերի գոյութիւնն իրենց պատմական հայրենիքում վտանգւած կը լինի»,- ասել է նա։
Առանձին անդրադարձ է եղել նաեւ հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Գալուստեանը փոխանցել է, որ աւելի քան 200 հայ զինւորական եւ քաղաքացիական անձինք են պահւում ադրբեջանական գերութեան մէջ։ Նրանք կտտանքների են ենթարկւում, արձանագրւել են նաեւ արտադատական մահապատիժների դէպքեր։ «Չնայած նոյեմբերի 9-ի յայտարարութեանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկեան եւ միջազգային կոչերն անյապաղ եւ առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին՝ Ադրբեջանը շարունակում է նրանց որպէս պատանդ պահել՝ Հայաստանից յաւելեալ զիջումներ կորզելու նպատակով»,- ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամը։ Նա նաեւ մտահոգութիւն է յայտնել ամերիկեան կառավարութեան կողմից 907 բանաձեւի կասեցման վերաբերեալ, ինչը հնարաւորութիւն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցութիւն տրամադրել։ «Ինչպէս համոզւել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դէմ, հայերին սպանելու համար»,- եզրափակել է Արամ Գալուստեանը։
Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալութիւն է յայտնել ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար եւ հաւաստիացրել, որ շարունակելու է իր ամբողջական զօրակցութիւնն ու աջակցութիւնը Հայաստանին եւ Արցախին։