Հա

Քաղաքական

19/10/2021 - 11:40

«Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

«alikonline.ir» - Իրանի ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն երէկ ճեպազրոյցի ժամանակ եւս մէկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրանին եւ Հայաստանին ուղղւած մեղադրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարութեանը կոչ անելով «թոյլ տալ շարունակել երկու երկրի պաշտօնեաների միջեւ երկխօսութիւնը դիւանագիտական ուղիներով եւ խուսափել բացասական յայտարարութիւններից»:

Յիշեցնենք՝ ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին Իլհամ Ալիեւն առանց փաստարկներ բերելու յայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ դաւադրութեամբ Ադրբեջանի օկուպացւած տարածքներն օգտագործել է դէպի Եւրոպա թմրանիւթ փոխադրելու համար: Այս յայտարարութիւններին հակադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի հետ միասին արդիւնաւէտօրէն պայքարում է նարկոթրաֆիքինգի չարիքի դէմ։

Ի դէպ, Իրանում Բաքւի բռնապետի յայտարարութիւններին արձագանգել են ոչ միայն արտգործնախարարութեան մակարդակով. այս մեղադրանքները բաւականին սուր են ընկալւել նաեւ հասարակական ու լրատւական շրջանակներում:

Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

Եթէ խօսենք քարոզչական եւ լրատւական մակարդակներում տեղ գտած արձագանգներին, ապա իրանական ԶԼՄ-ներում, որոնք կապակցւած են ե՛ւ պետական, ե՛ւ ռազմական կառոյցների հետ, բաւականին լուրջ հրապարակումներ եղան, որտեղ ե՛ւ Իլհամ Ալիեւի ընտանիքի վերաբերեալ բացայայտումներ ներկայացւեցին, եւ նաեւ՝ Բաքւի պետական աւիաուղիների կողմից միջազգային զէնքի առեւտրում ներգրաււած լինելու փաստեր, ահաբեկչական կառոյցներին ապօրինի զէնք մատակարարելու փաստեր:

Հասարակական արձագանգները եւս բացասական էին. սոցիալական տիրոյթում՝ յատկապէս թւիթերում եւ թելեգրամում, բաւականին շատ էին հակաադրբեջանական տրամադրութիւնները՝ նաեւ այն կոնտեքստից ելնելով, որ Ադրբեջանը, լինելով Իրանին հարեւան եւ բաւականին փոքր պետութիւն, յանդգնում է իրեն թոյլ տալ նման յայտարարութիւններ Իրանի նկատմամբ»:

Արձագանգելով մեր հարցադրումին՝ արդեօ՞ք քարոզչական մակարդակում այս լարւածութիւնը կը յանգեցնի նաեւ ռազմական լարւածութեան, իրանագէտը պատասխանեց. «Հնարաւոր ռազմական գործողութիւնների մասին, կարծում եմ, վաղ է խօսել, սակայն մի բան պէտք է նկատել, որ Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են, եւ եթէ նոյնիսկ որոշակի փուլում այդ լարւածութիւնը նւազի, այնուամենայնիւ, այս պետութիւնների յարաբերութիւններն այլեւս չեն լինելու այն մակարդակի վրայ, որ կար Հասան Ռուհանիի կառավարման շրջանում»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։