Ամենակարեւորը հիմա սահմահնին իրավիճակը վերջնականապէս կարգաւորելն է, եւ այստեղ, իհարկէ, առանց Ռուսաստանի մասնակցութեան, ոչինչ անել հնարաւոր չէ։ Այդ մասին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 18-րդ նիստի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում իրավիճակի կարգաւորմանը։
«alikonline.ir» - Ամենակարեւորը հիմա սահմահնին իրավիճակը վերջնականապէս կարգաւորելն է, եւ այստեղ, իհարկէ, առանց Ռուսաստանի մասնակցութեան, ոչինչ անել հնարաւոր չէ։ Այդ մասին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 18-րդ նիստի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում իրավիճակի կարգաւորմանը։
Ռուսաստանի առաջնորդը, նախ, արժանին է մատուցել եւ Ադրբեջանի նախագահի, եւ Հայաստանի վարչապետի քաղաքական իմաստնութեանը։ Նրա խօսքով, այնուամենայնիւ, չնայած տեղի ունեցող իրադարձութիւնների ողջ ողբերգութեանը, նրանց յաջողւել է բարձրանալ այսրոպէական քաղաքական կոնիւնկտուրայից եւ ընդունել շատ պատասխանատու որոշումներ: «Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ է, թէ մէկ, թէ միւս երկրում, նոյնիսկ, դժգոհութիւններ կան [երկրների] ղեկավարների նկատմամբ։ Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարելի էր աւելի լաւ անել։ «Փորձէք աւելի լաւ անել: Այնուամենայնիւ, նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինեանին յաջողւեց կանգնեցնել արիւնահեղութիւնը։ Բայց բանը միայն դրանում չէ, թէեւ ոչինչ աւելի կարեւոր է, քան մարդկային կեանքեր պահպանելը, եւ լինել չի կարող»,- ասել է Պուտինը, յաւելելով, որ դեռ կան կարեւոր ասպեկտներ, այն է՝ պէտք է ստեղծել երկարաժամկէտ կարգաւորման պայմաններ տարածաշրջանում՝ ընդհանուր առմամբ։
Ռուսաստանի ղեկավարի համոզմամբ, այդ պայմանները կարող են ստեղծւել միայն այն դէպքում, եթէ երկու կողմերն էլ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները ընդունեն որպէս երկարաժամկէտ եւ երկու կողմերից էլ գնահատեն առաւելութիւնները: Նա փաստել է, որ Ադրբեջանը շահագրգռւած է Նախիջեւանի հետ նորմալ կապ ունենալով, նոյնպէս շահագրգռւած է կապերի ապասառեցմամբ: Միեւնույն ժամանակ, ըստ Պուտինի, Հայաստանի առջեւ ծառացած առաջին խնդիրներից մէկը արդիւնաւէտ տնտեսական կեանքն է, տարածաշրջանում արդիւնաւէտ փոխգործակցութիւնը, այդ թւում նաեւ Ադրբեջանի հետ ապագայի համար: «Սկզբունքօրէն Հայաստանը դրանում շահագրգռւած է։ Ապասառեցնել Թուրքիայի հետ յարաբերութիւնները, ժամանակակից բնոյթ հաղորդել դրանց։ Եւ դա եւ մէկ, եւ միւս դէպքում պէտք է յանգեցնի գլխաւոր նպատակին՝ երկու պետութիւնների անվտանգ գոյակցութեան եւ տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը։ Հնարաւոր է դա անել, թէ՞ ոչ։ Հնարաւոր է։ Եւ մենք արեցինք այն ամէնը, ինչ մեզանից կախւած է, որպէսզի արիւնահեղութիւնը դադարեցւի, բայց՝ ոչ միայն։ Մեր խաղաղապահներն արժանապատւօրէն կատարում են իրենց պարտքը, արդէն աւելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հայրենի վայրեր»,- յայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։
Դրա հետ մէկտեղ Պուտինը արձանագրել է, որ ընդհանուր առմամբ յաջողւում է պահպանել իրավիճակը հակամարտութեան գօտում այն տեսքով, որում այն կայ, չկան խոշոր ռազմական գործողութիւններ: «Այո, ցաւօք, միջադէպեր են տեղի ունենում։ Այո, ցաւօք, նոյնիսկ մարդիկ են երբեմն մահանում: Բայց, հաւանաբար, դժւար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարիների դիմակայութիւնից յետոյ: Ամենակարեւորը հիմա սահմանին իրավիճակը վերջնականապէս կարգաւորելն է, եւ այստեղ, իհարկէ, առանց Ռուսաստանի մասնակցութեան ոչինչ անել հնարաւոր չէ։ Բայց այստեղ, նոյնիսկ, մեզ, թերեւս, ոչ ոք այլեւս պէտք չէ, բացի երկու կողմերից եւ Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, որովհետեւ ռուսական բանակի գլխաւոր շտաբում քարտէզներ կան, քարտէզներ, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպէս է անցել խորհրդային շրջանում խորհրդային հանրապետութիւնների միջեւ սահմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը, յաւելելով, որ, հիմնւելով այդ փաստաթղթերի վրայ, պէտք է հանգիստ նստեն երկու կողմերից: Նրա խօսքով՝ այնտեղ կան բաներ, որոնք նաեւ փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել, այնպէս, որ միայն դա ճանաչւի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին։ «Կարելի է դա անել, թէ՞ ոչ։ Կարելի է։ Բայց, իհարկէ, մենք կողմ ենք նաեւ բազմակողմ ձեւաչափեր գտնելուն, այդ թւում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքն ակտիւացնելուն։ Մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ, այդ թւում՝ մեր գործընկերների հետ։ Գլխաւորը՝ հասնել գլխաւոր նպատակին՝ անվտանգութեան իրավիճակի ստեղծմանը եւ յարաբերութիւնների հետագայ կառուցմանը դրական հունով։ Առայժմ այն, ինչ մենք դրել ենք մեր առջեւ որպէս նպատակ, ընդհանուր առմամբ, մեզ յաջողւում է հասնել։ Իհարկէ, պէտք է նայել ապագային, նայել, թէ ինչ կը լինի յետոյ։ Իսկ չէ որ բանն այն չէ, որ մեր յայտարարութեան համապատասխան յօդւածով նախատեսւած է ռուսական զօրակազմի գտնւելու հնարաւոր երկարաձգում։ Արդեօ՞ք դա այդպէս է: Բանն այն է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւններ կառուցւեն։ Ահա թէ ինչն է ամենակարեւորը: Յոյս ունեմ, որ մեզ կը յաջողւի դա անել»,- ամփոփել է նա։