Հա

Քաղաքական

02/11/2021 - 11:45

Գերմանիայում մահացել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար պայքարած թուրք մտաւորականը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 64 տարեկան հասակում վախճանւել է Հայոց Ցեղասպանութեան դատապարտման համար պայքարած թուրք մտաւորական Դողան Աքհանլըն։ 

«alikonline.ir» - Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 64 տարեկան հասակում վախճանւել է Հայոց Ցեղասպանութեան դատապարտման համար պայքարած թուրք մտաւորական Դողան Աքհանլըն։ Այս մասին յայտնում է Akunq.net-ը:

Աղբիւրի համաձայն՝ Աքհանլըն երկար ժամանակ տառապում էր քաղցկեղով։ Տարիներ շարունակ Գերմանիայի Քեոլն քաղաքում բնակւած Աքհանլըն վերջին տարիներին ապրում էր Բեռլինում։

Դողան Աքհանլըն ծնւել է 1957 թ․, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող Արդւին նահանգի Շաւշաթ գաւառում։ Նա բազմաթիւ վեպերի եւ պիէսների հեղինակ էր։ 1985-1987 թթ. Աքհանլըն իր ձախակողմեան հայեացքների պատճառով Ստամբուլում ձերբակալւել է որպէս ընդդիմադիր եւ կտտանքների ենթարկւել թուրքական բանտում, իսկ 1991 թ․ գաղթել է Գերմանիա։ 2001 թ․ նա ստացել է Գերմանիայի քաղաքացիութիւն։ Աքհանլըն յայտնի էր մարդու իրաւունքների, պատմութեան եւ յիշողութեան մշակոյթի թեմաներին նւիրւած իր աշխատանքներով։

Գերմանական «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ Աքհանլըի մահւան կապակցութեամբ ցաւակցություն է յայտնել նաեւ Թուրքիա-Գերմանիա մշակութային ֆորումը, որն իր թւիթերեան էջում շեշտել է այս թուրք մտաւորականի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար պայքար մղած լինելու փաստը։

Աքհանլըն 2017 թ․ օգոստոսի 19-ին արձակուրդն անցկացնելու նպատակով մեկնել էր Իսպանիա, որտեղ նրան ձերբակալել էին, քանի որ Թուրքիան նրա նկատմամբ հետախուզում էր յայտարարել Ինտերպոլի միջոցով։ Այդ ժամանակ Գերմանիայի վարչապետ Անգելլա Մերկէլը թեմայի վերաբերեալ հանդէս էր եկել մեկնաբանութեամբ եւ Թուրքիային մեղադրել Ինտերպոլի ծառայութիւնները չարաշահելու մէջ։

Աքհանլըն բազմիցս բանտարկւել էր Թուրքիայում։ Նրան ձերբակալել էին նաեւ 2010 թ․, Ստամբուլի օդանաւակայանում։ Թէեւ 2011 թ․ նա արդարացւել էր, սակայն Թուրքիայի վճռաբեկ դատարանը 2013 թ․ դարձեալ դատական գործ էր յարուցել Աքհանլըի նկատմամբ եւ տաժանակիր աշխատանքով ցմահ բանտարկութիւն պահանջել։

Դողան Աքհանլըն իր ստեղծագործութիւնների եւ մտաւորականին վայել կեցւածքի համար արժանացել է բազմաթիւ միջազգային մրցանակների։

Նա 2005 թ․ այցելել է Հայաստան եւ մասնակցել Հայոց Ցեղասպանութեան թեմայով միջազգային գիտաժողովին։ 2018 թ․ Երեւանում հրատարակւել է Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատաւորները» գրքի (թուրք.` “Kıyamet Günü Yargıçları”) հայերէն թարգմանութիւնը: Գրքի թարգմանիչը եւ մեկենասն է Սոնա Զաքարեանը: Այն լոյս է տեսել «Նոյեան տապան» հրատարակչութեան կողմից:

Աքհանլըի վէպերը Թուրքիայում ընդգրկւել են լաւագոյնների շարքում: 2005 թ. նրա հեղինակած «Տիրամոր վերջին երազը» վէպն արժանացել է «Հիւրիեթ»-ի 2009 թ. մրցանակին: 2005 թ. թուրք գրաքննադատները նրա այս գիրքը դասել են 10 լաւագոյն վէպերի շարքին։

 

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։