Հա

Քաղաքական

07/11/2021 - 12:10

«Ո՞վ կարող է լինել Էրդողանի ժառանգորդը». Մելքոնեանը` թուրք առաջնորդի վարկանիշի մասին

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական կեանքում շարունակաբար քննարկւող արտահերթ ընտրութիւնների վերաբերեալ խօսակցութիւններին:

«alikonline.ir» - ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական կեանքում շարունակաբար քննարկւող արտահերթ ընտրութիւնների վերաբերեալ խօսակցութիւններին:

Թուրքիայում արտահերթ ընտրութիւնները շատ մեծ բացառութիւն չեն եւ կազմում են այդ երկրի քաղաքական աւանդոյթի մի մասը, քանի որ շատ յաճախ են տեղի ունեցել, մանաւանդ` ըստ քաղաքական նպատակայարմարութեան, որովհետեւ նոյն իշխող ուժը յայտարարել է արտահերթ ընտրութիւնների մասին` հասկանալով, որ իր վարկանիշը կարող է աւելի անկում ապրել, Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշին, ապա այն հիմա իսկապէս բաւական ցածր է, եւ դրան գումարւում են առողջական տարատեսակ խնդիրները, որոնց մասին նշւում եւ ապացուցւում է տարբեր տեսանիւթերով։ Այդ ամէնը ժողովրդի մօտ նրա հանդէպ բնականաբար առաջացնում է վստահութեան որոշակի կորուստ։ Բացի դրանից, Թուրքիայի տարատեսակ խնդիրներն ու յատկապէս գերակտիւ արտաքին քաղաքական քայլերը բաւական թանկ են նստում տնտեսութեան վրայ։ Կարեւոր դերակատարում ունի նաեւ քաղաքական սերնդափոխութեան անհրաժեշտութիւնը, մանաւանդ որ Էրդողանն այդ երկիրը կառավարում է 2002 թւականից»,- նշեց թուրքագէտը։

Մելքոնեանի դիտարկմամբ` այդուհանդերձ նախկին արտգործնախարար եւ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի տեսակէտները մասամբ են համապատասխանում իրականութեանը, որովհետեւ Էրդողանի վարկանիշն այնուամենայնիւ կրիտիկական սահմանագծին չի հասել, բայց եթէ առողջական խնդիրները գլուխ բարձրացնեն, կարող է ստեղծւել բոլորովին այլ իրավիճակ, երբ իշխող կուսակցութիւնն ընտրութիւնների կը գնայ առանց լիդերի։

Թուրքագէտն աւելի շատ հաւանական համարեց նոր կոալիցիոն կառավարութեան ձեւաւորումը, ինչի շնորհիւ վերջ կը տրւի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան բացարձակ իշխանութեանը, որը սկսւել է 2002 թւականից։

«Թէեւ Թուրքիան այդ դէպքում կարող է մտնել իր կեանքի նոր փուլ, բայցեւայնպէս դեռ վաղ է ասել, որ էրդողանական դարաշրջանը շատ արագ կը փակւի, քանզի կայ ժառանգորդի հետ կապւած մի քանի սցենար, թէ ինչպիսին պէտք է լինի քաղաքականութեան շարունակութիւնն Էրդողանից յետոյ, ընդ որում` ժառանգորդի դերում դիտարկւում են նաեւ ուժային կառոյցների ներկայացուցիչները»,- ասաց Մելքոնեանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար ու վարչապետ, հիմա էլ էրդողանի գլխաւոր քննադատ Ահմեդ Դաւութօղլուն հաւանական է համարել արտահերթ ընտրութիւնների անցկացումը՝ այն կապելով երկրի տնտեսութեան վատ վիճակի հետ: Դաւութօղլուի կանխատեսմամբ՝ Թուրքիայի բնակչութեանը ծանր ժամանակներ են սպասում` գազի, վառելիքի թանկացումներ, գնաճ։ Սա, ըստ նախկին պաշտօնեանի, դժգոհութիւնների ալիք է բարձրանալու։ Նախկին պաշտօնեան համոզւած է, որ նոր ընտրութիւնների դէպքում Էրդողանի կուսակցութիւնը իշխանութիւնից հեռացւելու է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։