Հա

Քաղաքական

07/11/2021 - 13:10

Մոսկւան հրաժարւո՞ւմ է թուրք-ադրբեջանական «3+3» ձեւաչափից

Նոյեմբերի 9-ին կը լրանայ Արցախում մարտական գործողութիւնների դադարեցման մէկ տարին։ 2020 թւականի հէնց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին եռակողմ յայտարարութիւն, որով փաստացի ձեւակերպւեց Ադրբեջանի յաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացաւ ստանալ նախկին ԼՂԻՄ յարակից շրջանները, այլեւ բռնազաւթեց Հադրութն ու Շուշին։ 

ԱՐՄԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ

 

Նոյեմբերի 9-ին կը լրանայ Արցախում մարտական գործողութիւնների դադարեցման մէկ տարին։ 2020 թւականի հէնց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին եռակողմ յայտարարութիւն, որով փաստացի ձեւակերպւեց Ադրբեջանի յաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացաւ ստանալ նախկին ԼՂԻՄ յարակից շրջանները, այլեւ բռնազաւթեց Հադրութն ու Շուշին։ 

Չնայած մէկ տարին լրանում է նոյեմբերի 9-ին, նախօրէին՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը այդ առթիւ հանդէս է եկել յայտարարութեամբ։ Այն հրապարակել էր ռուսական պետական ՏԱՍՍ գործակալութիւնը: Ի դէպ, յայտարարութիւնը հրապարակւած չէ Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական կայքէջում, սակայն ՏԱՍՍ-ում դրա հրապարակումից անցել է գրեթէ 1 օր, իսկ այն չի հերքւել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչութեան կամ նրա որեւէ ներկայացուցչի կողմից։ Հետեւաբար, այն կարելի է համարել պաշտօնական։

Նոյեմբերի 9-ից յետոյ արցախեան հիմնահարցի, տարբեր մակարդակներով հայ-ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին Մոսկւան հանդէս է եկել տարբեր յայտարարութիւններով, սակայն նոյեմբերի 5-ին տարածւած ՌԴ ԱԳՆ յայտարարութիւնն իր շեշտադրումներով եւ ուղերձներով էականօրէն տարբերւում էր նախորդներից։

Յայտարարութեան ամենակարեւոր թիրախն այն է, որ արցախեան հակամարտութեան լուծումը Մոսկւան տեսնում է ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափում, այլ ոչ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջարկւող «3+3» ձեւաչափով։ Ընդ որում, այդ հանգամանքը յայտարարութեան մէջ շեշտւում է երկու անգամ։ 

Նախ յայտարարութեան հէնց առաջին նախադասութեան մէջ նշւում է, որ Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրաւունք ձեռք բերել։ Խօսքն այստեղ բնականաբար հակամարտութեան լուծման նպատակով շփման մասին է եւ ուղղւած է հէնց Մինսկի խմբին, որովհետեւ միայն Մինսկի խումբն է, որ ուղիղ բանակցութիւնների եւ շփման մէջ է հակամարտող կողմերի հետ։ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են ե՛ւ Երեւան, ե՛ւ Ստեփանակերտ, ե՛ւ Բաքու։ Չնայած որ վերջին մէկ տարւայ ընթացքում խաղաղարարի եւ միջնորդի կարգավիճակում փորձում է հանդէս գալ նաեւ Թուրքիան, վերջինս առնւազն միայն բանակցութիւնների մէջ ներգրաււած կողմերից մէկի՝ Երեւանի հետ չունի որեւէ յարաբերութիւն։

Եւ ամենակարեւորը հաղորդագրութեան մէջ յստակ նշւում է, որ Մոսկւան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով՝ ընդգծելով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչւած ձեւաչափի ներուժը հեռու է սպառւելուց: Դրա վկայութիւնն է Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թւականի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան եւ շարունակել շփումները «3+2» ձեւաչափով»։ «3+2» ձեւաչափում 3-ը Մինսկի խումբն է (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան), իսկ 2-ը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Փոխարէնը, յայտարարութեան մէջ չկայ որեւէ խօսք թուրք-ադրբեջանական «3+3» ձեւաչափի մասին, որին հնարաւոր է անդամակցեն մի կողմից Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, միւս կողմից՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Աւելի վաղ, Մոսկւան տարբեր մակարդակներով յայտարարել էր, որ կողմ է այդ ձեւաչափին։

Արդեօ՞ք սա կարելի է ընկալել որպէս յետքայլ այդ ձեւաչափից։ Միգուցէ։ Մոսկւան կարծես թէ յանգել է այն եզրակացութեանը, որ սխալ է արել՝ թողնելով Թուրքիային միջամտել իր պատասխանատւութեան տակ գտնւող հակամարտութեանը։ Ընդ որում, սա առաջին դէպքն է, երբ միջամտութիւնը տեղի է ունեցել ռազմական ճանապարհով՝ առանց Մոսկւայի կարծիքը հաշւի առնելու։ Մոսկւան շատ լաւ գիտակցում է, որ Արցախում կամ Սիրիայում թուրքական կողմի հետ ցանկացած սիրախաղ նշանակում է փոխզիջում միւս տարածքում։ Ուստի առաջիկայում հնարաւոր է, որ Մոսկւան դադարեցնի խորացնել թուրքական կողմի հետ կապը արցախեան հակամարտութեան մասով՝ ձեւական թողնելով միայն Աղդամի տարածքում տեղակայւած ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որը չգիտես, թէ ինչն է հսկում։ 

Յայտարարութեան մէջ եւս մէկ հետաքրքիր կէտ կայ։ Փաստացի Մոսկւան հասկանում է, որ իր գործողութիւններով, յատկապէս, հայկական հանրութեան շրջանում ստեղծել է այն տեսակէտը, որ Ռուսաստանը փորձում է Արցախի հարցում սիրաշահել Ադրբեջանին՝ վերջինիս իր կողմից ստեղծւած միութիւններին անդամակցելու դիմաց։ Ուստի պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն հէնց այս ձեւակերպմամբ է տարածում իր յայտարարութիւնը։ «Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչութիւնն ուշադրութիւն է հրավիրում այն փաստի վրայ, որ եռակողմ յայտարարութեան ընդունումից մէկ տարի անց կարելի է վստահօրէն հերքել սոցիալական ցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատւական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղւած էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին յանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»»։ 

Որպէս դրա ապացոյց՝ հնարաւոր է Ռուսաստանն առաջիկայում Հայաստանահաճոյ որեւէ գործողութիւն իրականացնի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցում, բայց եւ չի կարելի բացառել նաեւ այն հանգամանքը, որ սա եւս մէկ ակնարկ է թուրք-ադրբեջանական կողմին առ այն, որ չորս տարի անց ռուս խաղաղապահները դժւար թէ դուրս գան տարածաշրջանից: 

 

Hetq.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։