168․am-ի հետ զրոյցում Հարաւային Կովկասի հարցերով վերլուծաբան, ռուս արեւելագէտ Ստանիսլաւ Տարասովը փորձեց ներկայացնել իրադարձութիւնների զարգացման տրամաբանութիւնը։
Նա նախ նշեց՝ իր մօտ տպաւորութիւն է ստեղծւում, թէ Ալիեւը նոր սցենար է որդեգրել եւ յստակ օրակարգով է մեկնելու Բրիւսէլ։
«alikonline.ir» - Փաշինեան-Ալիեւ երկրորդ ուղիղ հանդիպումը 44-օրեայ պատերազմից յետոյ կը կայանայ ոչ թէ Մոսկւայում, այլ Բրիւսէլում։
Եւրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնութեամբ, նրանք համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրիւսէլում` ԵՄ Արեւելեան գործընկերութեան համաժողովում։ Այս մասին հաղորդել է Եւրոմիութեան ղեկավարը:
Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը նախօրէին հեռախօսազրոյցներ է ունեցել Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի հետ` շարունակելով այս շաբաթ` աւելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի եւ Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենայ դեկտեմբերի 15-ին Բրիւսէլում:
Ըստ Եւրոպական խորհրդի պաշտօնական հաղորդագրութեան, «երկու երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրիւսէլում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ տարաձայնութիւնները հարթելու ճանապարհները` բարգաւաճ ու կայուն Հարաւային Կովկասի համար, ինչին աջակցում է Եւրոմիութիւնը»: Եւրոպական կողմի փոխանցմամբ, Շառլ Միշէլի հետ հեռախօսազրոյցների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները նաեւ համաձայնել են ուղիղ հաղորդակցութեան գիծ հաստատել` պաշտպանութեան նախարարների մակարդակով, որը կը ծառայի որպէս միջադէպերի կանխարգելման մեխանիզմ:
Սա կը լինի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկրորդ դէմ առ դէմ հանդիպումը` անցած տարւայ ղարաբաղեան պատերազմից յետոյ: Նախորդը կազմակերպւել էր Ռուսաստանի նախաձեռնութեամբ եւ անցել Մոսկւայում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխաւորութեամբ յունւարի 11-ին:
Բրիւսէլում սպասւող հանդիպումն ինտրիգային է թւում, քանի որ նոյեմբերի սկզբին, ըստ ՌԴ նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պէսկովի, նախատեսւում էր Փաշինեան-Պուտին-Ալիեւ տեսակոնֆերանս, որի ընթացքում, ըստ մի շարք տեղեկութիւնների, փաստաթղթերի ստորագրում էր նախատեսւում։
Սակայն Նիկոլ Փաշինեանը Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել էր, որ նման հանդիպում չի սպասւում։
Օրերս, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Դմիտրի Պէսկովը կրկին խօսել էր նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտութիւնից․ «Կասկած չկայ, որ ինչ-որ մի փուլում շփումներ անհրաժեշտ են լինելու։ Բայց որպէսզի դրանք հնարաւոր դառնան, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնութիւնն ու պատրաստակամութիւնը»։
Մոսկւայի օրակարգում, փաստօրէն, այդ հանդիպումը կար, սակայն ԵՄ-ին յաջողւեց կազմակերպել նման հանդիպում։ Սա առնւազն նշանակում է, որ կողմերը եւ, ըստ ամենայնի, հայկական կողմը չի համաձայնել նման հանդիպման Մոսկւայում, քանի որ դրա օրակարգում պէտք է լինէր սահմանների դեմարկացիայի-դելիմիտացիայի, ինչպէս նաեւ տարածաշրջանում ապաշրջափակման պայմանները, մասնաւորապէս, այսպէս կոչւած, Նախիջեւանի, Զանգեզուրի կամ Թուրքական միջանցքի հարցը։
168․am-ի հետ զրոյցում Հարաւային Կովկասի հարցերով վերլուծաբան, ռուս արեւելագէտ Ստանիսլաւ Տարասովը փորձեց ներկայացնել իրադարձութիւնների զարգացման տրամաբանութիւնը։
Նա նախ նշեց՝ իր մօտ տպաւորութիւն է ստեղծւում, թէ Ալիեւը նոր սցենար է որդեգրել եւ յստակ օրակարգով է մեկնելու Բրիւսէլ։
Նրա խօսքով, միանշանակ է, որ Բրիւսէլում օրակարգ լինելու է, չէ՞ որ Ալիեւն ու Փաշինեանը միմեանց հետ չեն պատրաստւում նարդի խաղալ, այլ հարցեր են պատրաստւում քննարկել, եւ ինչ-որ տեսլական կայ։ Եւ դա, Տարասովի համոզմամբ, չի լինելու Մոսկւայի առաջարկած օրակարգը։
«Միանշանակ է, որ Մոսկւայի նախաձեռնութիւնը մերժւեց, որին յաջորդեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում Լը Դրիանի հովանու ներքոյ, սիւնիքեան սրացումը, ապա արդէն խօսւեց Բրիւսէլում կայանալիք հանդիպման մասին։
Կարծում եմ՝ Ալիեւն ունի պրոյեկտ, այն է՝ առաջարկել Հայաստանի հետ Խաղաղութեան համաձայնագիր եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում Երեւանի հետ։ Կարծում եմ՝ Ալիեւը մի փոքր հեռաւորութիւն է սկսում պահպանել Անկարայից եւ ինքնուրոյնութեան որոշակի նշաններ փորձում ցուցաբերել։
Բնականաբար, Երեւանին ձեռնտու է այդ օրակարգը, որը Արեւմուտքն է տանում եւ յետոյ կը զարգացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ Արեւմուտքն է նշել կարգավիճակի խնդրի մասին։ Այստեղ ինտրիգն այն է, որ Ադրբեջանն է գնում դրան։ Ինչո՞ւ է Ադրբեջանը գնում Բրիւսէլ։ Այստեղ կարող է լինել տրամաբանութիւն՝ հաստատել որոշակի միջավայր հետագայում դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն իրականացնելու համար, դա մնալու է Մոսկւայի օրակարգը, Բրիւսէլը նման հարցեր չի քննարկել, թէկուզ միայն այն պատճառով, որ, ինչպէս ՌԴ նախագահն էր նշել, քարտէզները ՌԴ ԳՇ-ում են։ Այսինքն՝ սա կը մնայ Մոսկւայի օրակարգ, որը նա առաջ կը տանի, իսկ Բրիւսէլը կը զբաղւի մնացած քաղաքական հարցերով, Բրիւսէլ ասելով՝ նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Բացի դրանից, նման հանդիպման գնալու պատրաստակամութիւնն Ադրբեջանի կողմից յուշում է այն մասին, որ կարող է Ադրբեջանի կողմից լինել համաձայնութիւն կամ համակերպւածութիւն այն հանգամանքին, որ Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշւի, քանի որ ընդհանուր առմամբ Ալիեւը լուծել է իր պատմական խնդիրը՝ վերադարձրել է տարածքները եւ մնացած հարցերը լուծելու ճանապարհին է գտնւում։ Երրորդ հանգամանքը՝ կայ խաղաղապահների մանդատի հարցը, նրանք, ըստ էութեան, միջազգային իրաւունքի տեսանկիւնից գտնւում են Ադրբեջանի տարածքում, նրանք չունեն կարգավիճակ, կոպիտ ասած՝ թոյլտւութիւն այդտեղ առաքելութիւն իրականացնելու, այդ հարցը պէտք է որոշւէր Մոսկւա-Բաքու յարաբերութիւնների կոնտեքստում, եթէ չի լուծւում, ապա մնում է ԵԱՀԿ ՄԽ-ի կամ ՄԱԿ-ի տիրոյթում, որի պարագայում ռուս խաղաղապահները կը մնան։
Սակայն նրանց կը միանան կամ ֆրանսիացիները, կամ այլ արեւմտեան կոնտինգենտ։ Իրադարձութիւններն այս սցենարով գնալու դէպքում ԼՂ-ն կունենայ կա՛մ Սան Մարինոյի կարգավիճակը, կա՛մ կը լինի Մոսկւայի կամ Ֆրանսիայի պրոտեկտորատը։ Սա այն տեսլականն է, որը կարող է լինել Ալիեւի մօտ, քանի որ, կրկնեմ, Ալիեւն իր պատմական խնդիրն այս փուլում լուծել է»,- ասաց Տարասովը։
Ամփոփելով իր խօսքը եւ վերջին շրջանի ռազմական եւ քաղաքական իրադարձութիւնները՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ այն կարծիքին է, որ Փաշինեան-Ալիեւ գաղտնի համակարգում կայ։
«Թէ դա ով է եւ ինչպէս է իրականացնում, դժւար է ասել, պաշտօնապէս նման բանից չի խօսւի, թէկուզ յայտնի է օպերատիւ կապի մասին, ես ասում եմ այն տպաւորութիւնը, որը ձեւաւորւում է բոլոր փաստերի վերլուծութիւնից՝ կան գաղտնի կոնտակտներ կամ կոորդինացիա»,- նկատեց Տարասովը։
Արաքս Մարտիրոսեան