Հա

Քաղաքական

30/11/2021 - 10:12

«Մոսկւան ձգտում է Բաքւին, Երեւանին եւ աշխարհին ցոյց տալ, որ ինքն է լինելու կարգաւորման հիմնական ռեսուրսը». Մարկեդոնով

Սոչիում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի եռակողմ հանդիպումը նշանակալի է մի քանի պատճառով։ Այս մասին ըստ News.am-ի՝ ասւում է Bunin & Co Telegram-ալիքի համար ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի մեկնաբանութեան մէջ։

«alikonline.ir»- Սոչիում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի եռակողմ հանդիպումը նշանակալի է մի քանի պատճառով։ Այս մասին ըստ News.am-ի՝ ասւում է Bunin & Co Telegram-ալիքի համար ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի մեկնաբանութեան մէջ։

«Նախ, այն անցաւ ղարաբաղեան երկրորդ պատերազմի աւարտից մէկ տարի անց։ Բայց ոչ հայ-ադրբեջանական հակամարտութիւնից։ Ընդհակառակը, չափազանց շատ նշաններ կան, որ Բաքուն եւ Երեւանը շարունակում են հեռու մնալ խաղաղութիւնից՝ նրանց անտեսելու համար։ Հրադադարի ամենախոշոր խախտումը տեղի է ունեցել Սոչիի գագաթաժողովից ընդամենը տասն օր առաջ։

Երկրորդ՝ 2020 թւականի նոյեմբերից մինչեւ 2021 թւականի նոյեմբերն ընկած ժամանակահատւածում Ռուսաստանն ամրապնդել է իր առաջնորդութիւնը՝ որպէս խաղաղ գործընթացի մոդերատոր։ Եւ այս դերի հետ, որը ոչ պակաս կարեւոր է, համաձայն են ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում։ Մէկ տարւայ ընթացքում երեք համատեղ յայտարարութիւն։ Մինսկի խմբի միջնորդներից ոչ մէկը չի կարող պարծենալ նման քանակի բովանդակային փաստաթղթերով։ Փաստօրէն, Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձեւաչափը ԵԱՀԿ-ին, որպէս բանակցային հարթակ, երկրորդ պլան է մղել։

Երրորդ՝ Սոչիի գագաթաժողովը, թէեւ բանակցային ճանապարհին էական բեկման չյանգեցրեց, իզուր չէր։ Արդիւնքում յայտնւեց Պուտինի, Ալիեւի եւ Փաշինեանի երրորդ համատեղ յայտարարութիւնը։

Ոճական առումով այն շատ է տարբերւում նախորդ երկուսից։ Առաջինը՝ 2020 թւականի նոյեմբերի 10-ինը, եթէ կարելի է ասել, հրատապ փաստաթուղթ էր: Այն նախատեսում էր զինադադարի պայմանները եւ խաղաղ կարգաւորման որոշակի ուրւագիծ էր տալիս՝ հին ստատուս քւոյի տապալման եւ նորի ձեւաւորման համատեքստում։ Երկրորդը՝ 2021 թւականի յունւարի 11-ինը, կենտրոնացած էր տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման շուրջ։ Առաջարկւում էր որպէս խաղաղ գործընթացի անկււնաքար դնել տնտեսական նպատակայարմարութիւնը։ Չստացւեց։ Այսօր ոչ ոք չի հանում այս խնդիրը։

Սակայն նոր համատեղ յայտարարութեան մէջ հակամարտող երկրների միջեւ լիարժէք տրանսպորտային հաղորդակցութեան վերսկսման հարցն արդէն կապւում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդիւնաւէտութեան եւ սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հետ։ Այս կէտը նախկինում երբեք այսքան պարզ չի գրւել: Ակնյայտ է, որ 2021 թւականի ընթացքում հէնց սահմանի խնդիրը առաջին պլան մղւեց եւ դարձաւ տարածաշրջանային անվտանգութեան ամենավտանգաւոր մարտահրաւէրը։ Եւ Մոսկւան ձգտում է ցոյց տալ ե՛ւ Բաքւին, ե՛ւ Երեւանին, ե՛ւ ողջ աշխարհին, որ ինքն է լինելու այս հանգոյցը լուծելու հիմնական ռեսուրսը եւ գործիքը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։