Հա

Քաղաքական

01/12/2021 - 12:50

Ի՞նչ խնդիր լուծեց Մոսկւան Բրիւսէլում սպասւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումից առաջ

«168 ժամ»-ի հետ զրոյցում պարզաբանելով հարցը, թէ ինչ տւեց Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, եւ ինչ սպասել Բրիւսէլում սպասւող բարձրաստիճան բանակցութիւններից, վրացի տարածաշրջանային հարցերում մասնագիտացած վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին եւս կարծիք յայտնեց, որ հանդիպման մեխը դելիմիտացիա-դեմարկացիա սկսելու շուրջ պայմանաւորւածութիւնն էր, իսկ մնացած հարցերն ընթացիկ բնոյթ են կրում եւ բանակցման փուլում են:

«alikonline.ir» - Շուրջ 10 ամսւայ դադարից յետոյ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Փաշինեան-Պուտին-Ալիեւ յետպատերազմեան երկրորդ բանակցութիւնները, որի արդյունքներով յայտարարութիւն տարածւեց:

Ամենաուշագրաւ պայմանաւորւածութիւնը եւ պաշտօնական նորութիւնը պայմանաւորւածութիւնն է՝ ադրբեջանահայկական սահմանին կայունութեան եւ անվտանգութեան մակարդակը բարձրացնելուն ուղղւած քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ՝ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի յայտի հիման վրայ Ռուսաստանի Դաշնութեան խորհրդատվական մասնակցութեամբ յանձնաժողովի ստեղծման ուղղութեամբ։ Այլ աննախադէպ նորութիւններ այս հանդիպումը չէր պարունակում, եւ մի շարք հարցերի պատասխաններ դեռ օդից կախւած իրավիճակում են:

Մասնաւորապէս խօսքը, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի մասին է. հայկական կողմը պաշտօնապէս մի քանի անգամ նշել է, որ միջանցք չի քննարկւում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օւերչուկը եւս նման պնդում է արել, սակայն որոշ պաշտօնական, այդ թւում՝ ռուսական անդրադարձներում տարածաշրջանային կոմունիկացիայի դէպքում կիրառւում է նաեւ «միջանցք» տերմինաբանութիւնը:

Աւելին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովում Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն իրականութիւն է դառնում։ «Այս նոր տրանսպորտային ենթակառուցւածքը կը դառնայ Արեւելք-Արեւմուտք եւ Հիւսիս-Հարաւ միջանցքների կարեւոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպութեան անդամ պետութիւնները կօգտւեն այդ միջանցքից»,- ասել է նա:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցւածների ընդլայնման կարեւորութիւնը՝ յայտարարելով, թէ յաջողութեամբ շարունակւում է ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնունդը։ «Այս առումով Թուրքիայի առաջնորդութեամբ կեանքի կոչւած Կասպից ծովով անցնող Արեւելք-Արեւմուտք միջանցքի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն այս ուղղութեամբ մեր ջանքերի լաւագոյն դրսեւորումն է, մեր երկիրը տարածաշրջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի կարեւորութիւնը եւս ակներեւ է»,- ասել է Էրդողանը:

Այսինքն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները Սոչիի բանակցութիւններից յետոյ եւս շարունակում են շրջանառել միջանցքի գաղափարը, ինչը եւս ուշագրաւ նիւանս է եռակողմ բանակցութիւններին յաջորդող փուլի դէպքում:

Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ Սոչիում ՌԴ-ն փորձեց վերահաստատել իր բացառիկ միջնորդական դերակատարութիւնը, խաղաղապահ առաքելութիւնն Արցախում եւ դրա կարեւորութիւնը, սակայն նաեւ ողջունեց դեկտեմբերի 15-ին ԵՄ ԱլԳ 6-րդ գագաթնաժողովի շրջանակում եւրոպական միջնորդութեամբ կազմակերպւելիք բարձր մակարդակի հանդիպումը:

«168 ժամ»-ի հետ զրոյցում պարզաբանելով հարցը, թէ ինչ տւեց Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, եւ ինչ սպասել Բրիւսէլում սպասւող բարձրաստիճան բանակցութիւններից, վրացի տարածաշրջանային հարցերում մասնագիտացած վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին եւս կարծիք յայտնեց, որ հանդիպման մեխը դելիմիտացիա-դեմարկացիա սկսելու շուրջ պայմանաւորւածութիւնն էր, իսկ մնացած հարցերն ընթացիկ բնոյթ են կրում եւ բանակցման փուլում են:

Գոգոլաշւիլիի խօսքով, սահմանազատումը բաւականին երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Նրա կարծիքով, աւելի բովանդակային ու բաց են քննարկումների խորհրդապահական հատւածները, որոնց ընթացքում, պարզ է, որ ինտենսիւ բանակցութիւններ են տեղի ունեցել:

«Հաղորդւեց, որ հանդիպումը տեւել է 3 ժամ, նման ժամանակահատւածը ցուցիչ է, որ ընթացել են բանակցութիւններ, վստահաբար, տեղեկատւութեան մեծ մասը մնում է դռների յետեւում: Այս հանդիպումից ակնկալւում էր սահմանազատման հարցում առաջընթացը, սակայն այլ ակնկալիքներ եւս կային, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցւածքների ուղղութեամբ, սակայն այստեղ վերջնական պայմանաւորւածութիւններ կարծես թէ չկան, եւ այդ մասով որեւէ նորութիւն չհանրայնացւեց, ու յայտարարութիւնում պարզապէս անդրադարձ էր կատարւել գլխաւոր թեմաներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մոտիւներով:

Կարծում եմ՝ այս փուլում հանդիպման բովանդակութիւնը ռուսական կողմի համար այդքան կարեւոր չէր, կարեւորն այն էր, որ այս հանդիպումը տեղի ունեցաւ եւրոպական կողմի կազմակերպած հանդիպումից առաջ եւ, համաձայնեցնելով նաեւ դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցը, ՌԴ-ն այդ հարցի համակարգումը եւս ստանձնեց, թէեւ ԵՄ-ն մայիսի 12-ից յետոյ ակտիւօրէն խօսել է այդ հարցում մասնակցութիւն ունենալու մասին:

Վերջին եռակողմ յայտարարութիւնը սահմանների վերաբերեալ արդէն սահմանափակում է որեւէ այլ երկրի ու կենտրոնի մասնակցութիւն բանակցային գործընթացին: Կարծում եմ՝ սա պատահական չէր Բրիւսէլում կայանալիք բանակցութիւններից առաջ, եւ Մոսկւան փորձում է յստակ կերպով ուղղորդել այն օրակարգը, որը կարող է լինել Բրիւսէլում՝ դրանով իսկ կանխատեսելի դարձնելով ազդեցութիւնը: Կարծում եմ՝ Բրիւսէլում դա հասկանում են եւ ցանկանում են մասնակցել հէնց քաղաքական բնոյթի հարցերի բանակցմանը»,- ասաց վերլուծաբանը:

Նա այն կարծիքին է, որ աշխարհաքաղաքական ներկայիս փուլում Բրիւսէլի մասնակցութիւնը եւ ընդհանուր առմամբ պատասխանատւութեան մասնակի տեղաբաշխումը ձեռնտու է բոլոր խաղացողներին:

Սոչիի հանդիպումից յետոյ ի՞նչ սպասել Բրիւսէլում սպասւող բանակցութիւններից՝ հարցին, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը պատասխանեց, թէ դժւար է յիշել՝ երբ է վերջին անգամ Արեւմուտքի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում եղել, ինչը ցուցիչ է նրա, որ Արեւմուտքը չունի բարձրաստիճան ներգրաւում Հարաւային Կովկասում, սակայն ձգտում է մի փոքր փոխել իր դիրքաւորումը, աւելացնել իր ազդեցութեան քաղաքական բաղադրիչը:

«Բրիւսէլի հանդիպումը նախատեսւած է, որպէսզի նպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի վերականգնմանը: Մեծ դժւարութեամբ յաջողւել է նախարարական հանդիպումներ կազմակերպել, սակայն համանախագահները յայտնւել են անգործ իրավիճակում, նոյնիսկ աշխատելու դէպքում՝ չունեն օրակարգ, քանի որ բոլոր հարցերով զբաղւում է Ռուսաստանը: Այսինքն՝ այստեղ կայ մրցակցութիւն քաղաքական հարցերի քննարկման համար, ուստի մնում է, որ զբաղւեն հումանիտար հարցերով, սակայն դա չէ ակնյայտօրէն Բրիւսէլի նպատակը»,- ասաց Ռարը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։