Հա

Քաղաքական

07/12/2021 - 12:25

Չինաստան, Իրան ու Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է հակառակորդների հետ հաշտութեան եզրեր գտնել

Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանն՝ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի օրէցօր խորացող ճգնաժամին։

«alikonline.ir» - Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանն՝ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի օրէցօր խորացող ճգնաժամին։

ԱՄՆ-ի համար թիւ մէկ մարտահրաւէրը ոչ թէ Ռուսաստանը կամ Իրանն են, այլ Չինաստանը։ Տնտեսական տարբեր ցուցանիշներով Չինաստանն արդէն իսկ գերազանցում է ԱՄՆ-ին, իսկ մի շարք տարածաշրջաններում Չինաստանի աճող ազդեցութիւնը լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս Վաշինգտոնին։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանը։

«Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցութիւնը տեղի է ունենալու ամենատարբեր տարածաշրջաններում` ամենատարբեր ձեւերով եւ մեթոդներով։ Դրանք լինելու են գործընթացներ, որոնք բախւելու են ճանապարհ եւ գօտի տրամաբանութեան մէջ։ Երկու գերտէրութիւնների մրցակցութիւնը լինելու է բաւականին կոշտ»,- նշեց նա։

Չինաստանը ԱՄՆ-ի համար առաջնահերթութիւն է, բայց Վաշինգտոնում նաեւ Իրանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու անհրաժեշտութիւն են տեսնում։ Ծայրաստիճան լարւած յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով վերջին օրերի երկկողմ հանդիպումները թէեւ խօսում են բանակցային գործընթացի մասին, սակայն կարծես թէ կողմերին դեռեւս չի յաջողւել սայլը տեղից շարժել։

«Եթէ կողմերն ընդհանուր համաձայնութեան չգան, նշանակում է` լարւածութիւնը շարունակւելու է ոչ միայն երկկողմ յարաբերութիւններում, այլեւ Հարաւային Կովկասում, մանաւանդ եթէ հաշւի առնենք, որ Իսրայէլից արդէն իսկ յայտարարութիւններ են հնչում, որ թոյլ չեն տայ` Իրանը դառնայ միջուկային գերտէրութիւն»,- շեշտեց Սարգսեանը։

Միացեալ Նահանգների համար յաջորդ պայթունավտանգ գօտին Ուկրայինան է, որի շուրջ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի չի յաջողւում ընդհանուր յայտարարի գալ։ Օրերս տեղի ունեցաւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը. Բլինքէնը բաւականին կոշտ արտայայտւեց` ասելով, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրների կը բախւի, եթէ պատերազմական գործողութիւններ սկսի Ուկրայինայի դէմ, Լաւրովն էլ իր հերթին հակադարձեց, որ Ռուսաստանը չի պատրաստւում որեւէ գործողութեան դիմել։

«Ուկրայինան լրջագոյն խնդիր է դարձել թէ՛ Ռուսաստանի, թէ՛ ԱՄՆ համար։ Երկու կողմից էլ այնքան մեծ է զինւած ուժերի կենտրոնացումը, որ դա կարող է բաւականին լուրջ հետեւանքներ ունենալ ամբողջ Եւրոպայի համար։ Դրա համար էլ ե՛ւ Եւրոպան, ե՛ւ ԱՄՆ-ն լարւածութեամբ հետեւում են գործընթացներին` փորձելով ամէն ինչ անել, որ կողմերը չգնան ռազմական բախումների»,- յաւելեց Սարգսեանը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ ուկրայինական ճգնաժամը լուծելու հարցը կը քննարկեն դեկտեմբերի 7-ին նախատեսւած առցանց հանդիպման ժամանակ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։