Հա

Քաղաքական

22/12/2021 - 12:40

Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայէլին. Թել Աւիւն ուժ չունի լայնածաւալ օպերացիայի համար

Վերջին շրջանում յաճախ է խօսւում իրանա-իսրայէլական հնարաւոր պատերազմի մասին: Վերլուծաբանները ռազմական բախման հաւանականութիւնը կապում են իրանական միջուկային ծրագրի հետ: Երբ վերջերս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզութեան վարչութեան տնօրէնը նշեց, որ Իրանը միջուկային զէնք ստեղծելու մտադրութիւն չունի, որ ագրեսիա դրսեւորւում է միայն Իսրայէլի կողմից, որ Միացեալ Նահանգներն այս դէպքում չի դառնայ իսրայէլական նկրտումների իրականացնողը, Թել Աւիւը պաշտօնապէս յայտարարեց, որ պատրաստ է միայնակ ռազմական գործողութիւններ սկսել Թեհրանի դէմ: 

ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐԵԱՆ

 

Վերջին շրջանում յաճախ է խօսւում իրանա-իսրայէլական հնարաւոր պատերազմի մասին: Վերլուծաբանները ռազմական բախման հաւանականութիւնը կապում են իրանական միջուկային ծրագրի հետ: Երբ վերջերս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզութեան վարչութեան տնօրէնը նշեց, որ Իրանը միջուկային զէնք ստեղծելու մտադրութիւն չունի, որ ագրեսիա դրսեւորւում է միայն Իսրայէլի կողմից, որ Միացեալ Նահանգներն այս դէպքում չի դառնայ իսրայէլական նկրտումների իրականացնողը, Թել Աւիւը պաշտօնապէս յայտարարեց, որ պատրաստ է միայնակ ռազմական գործողութիւններ սկսել Թեհրանի դէմ: Յայտարարութիւն, որը, ըստ էութեան, ոչ այնքան պատերազմի կոչ էր, որքան պնդում, որ ինքը չի ստել, որ Իրանի դէմ իր հնչեցրած մեղադրանքները համապատասխանում են իրականութեանը: Սա մօտաւորապէս յիշեցնում է մի իրավիճակ, երբ ուղեւորը վագոնից դուրս թռչելուց յետոյ սկսում է վազել արագ հեռացող գնացքի հետեւից՝ իր տեղը վերադառնալու համար…

Թեմային նւիրւած նախորդ հրապարակումներում «ՀՀ»-ն հիմնականում անդրադարձել է Իրանի հնարաւորութիւններին եւ միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին: Իսկ ինչպիսի՞ն են Իսրայէլի հնարաւորութիւնները, եւ արդեօք հրէական պետութիւնը կարո՞ղ է միայնակ դուրս գալ Իրանի դէմ: Պարզւում է՝ Թել Աւիւը կարող է պատրաստ չլինել Իրանի միջուկային օբիեկտների դէմ լիարժէք ռազմական սցենարին: Նման զգուշացումներ են հնչեցնում հրեական պետութեան պաշտօնաթող ու գործող պաշտօնատար անձինք՝ կանխատեսելով, որ պատերազմին նախապատրաստութիւնը կը տեւի նւազագոյնը երկու տարի: Իրավիճակը բարդացնում է նաեւ Իրանի պաշտպանական հնարաւորութիւնների բարելաւումը, ինչը տեղի է ունեցել վերջին տասնամեակում: Բացառւած չէ, որ իսրայէլական կողմի համար «աշխատանքային» տարբերակը մնում է միջուկային օբիեկտների դէմ թիրախային դիւերսիաների կազմակերպումը: Բայց դա էլ, անկասկած, իր գինը կունենայ: Հարցը, թէ արդեօք իրանական դիրքերի դէմ լայնամասշտաբ օպերացիա կը կազմակերպւի՞, ծագել է իսրայէլական ղեկավարութեան կողմից հրապարակային սպառնալիքների ֆոնին: ԱՄՆ-ի մերձաւորարեւելեան դաշնակիցն անհանգստացած է Վիեննայի բանակցութիւնների ընթացքից՝ կապւած «միջուկային գործարքի» հնարաւոր վերականգնման հետ: Իրանցի բանակցողները, ինչպէս վերջերս յայտնի դարձաւ, սկզբունքօրէն համաձայնել են նորից տեղադրել տեսախցիկներ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հնարաւորութիւն կը տան հետեւել Քարաջ քաղաքի միջուկային ենթակառուցւածքներին, նոյնիսկ միջազգային միջնորդների հետ տեքստի համանման ըմբռնում էին ցուցադրել, տեքստ, որը հիմք կը դառնայ հնարաւոր գործարքի համար։

Սակայն իսրայէլցիները վախենում են, որ էական զիջումները կօգնեն Թեհրանին՝ շարունակելու իր գաղտնի շարժումը դէպի ատոմային ռումբի ստեղծումը։ Ամերիկեան «New York Times»-ի հետ զրոյցում իսրայէլցի մի քանի այժմեան եւ պաշտոնաթող բարձրաստիճան պետական պաշտօնեաներ, ի դէպ, նշել են, որ իրենց երկիրը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք հնարաւորութիւն կը տան ոչնչացնել կամ զգալիօրէն դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Զրուցակիցներից մէկն ասել է, որ լայնամասշտաբ քարոզարշաւ նախապատրաստելու համար, որով յաճախ սպառնում են Իսրայէլի իշխանութիւնները, կը պահանջւի առնւազն երկու տարի: Հետախուզութիւնում «New York Times»-ի աղբիւրը ճշգրտել է, որ Իրանի տարածքում պոտենցիալ թիրախները, ինչպիսիք են Նաթանզի եւ Ֆորդոյի օբիեկտները, ունեն ընդարձակ ստորգետնեայ ենթակառուցւածք, եւ դժւար է դրանց էական վնաս հասցնել: Առանձին խնդիր է լիցքաւորող ինքնաթիռների անբաւարարութիւնը։ Վառելիքի փոխանցման հնարաւորութիւնը վճռորոշ նշանակութիւն ունի Իսրայէլի աւիացիայի համար, որը հիպոթետիկ ուժային սցենարի դէպքում ստիպւած է լինելու հատել արաբական որոշ երկրների օդային տարածքը, որոնք Իրանից կախւածութեան պատճառով վախենում են օգնութիւն ցուցաբերել նրա հիմնական հակառակորդին:

Վերջերս սպառազինութեան գնման հարցերով իսրայէլական միջգերատեսչական յանձնաժողովը հաստատել է պատւերը՝ ամերիկացիներից գնելու չորս KC-46 ինքնաթիռ, որոնք կարող են օդում մնալ մինչեւ 11-12 ժամ եւ լիցքաւորել տասնեակ կործանիչներ։ Չնայած Թել Աւիւը փորձում էր համոզել Վաշինգտոնին՝ շուտ ստանալու դրանք, վերջինս հրաժարւել է ժամանակից շուտ լուծել խնդիրը. KC-46-ի մատակարարումը կը տեւի առնվազն չորս տարի: Կարծում ենք՝ իսրայէլական կողմը հիանալի հասկանում էր, թէ ինչ պատասխան է ստանալու: Իրականում նրա նպատակը ոչ թէ այդ ինքնաթիռների արագ ձեռքբերումն էր, այլ ամերիկեան կողմին ցուցադրելը, որ սկսում է նախապատրաստւել ռազմական գործողութիւններին… «Շատ դժւար է, ես կասէի՝ գրեթէ անհնար է սկսել այնպիսի արշաւ, որը կը ծածկի այդ բոլոր օբիեկտները,- ասել է Իսրայէլի ռազմաօդային ուժերի պաշտօնաթող գեներալ Ռելիկ Շաֆիրը:- Աշխարհում, որում մենք ապրում ենք, միակ ռազմաօդային ուժերը, որոնք ունակ են նման օպերացիա իրականացնել, պատկանում են ԱՄՆ-ին»: Նրա խօսքերով՝ Թեհրանը միջուկային տասնեակ գործարաններ ունի, որոնք գտնւում են հողի տակ, եւ իսրայէլցիների համար դժւար կը լինի արագ ոչնչացնել դրանք:

Բացի այդ, ինչպէս նշում է Շաֆիրը, պաշտպանութեան նախարարութիւնը բաւարար քանակով մարտական խոշոր ինքնաթիռներ չունի՝ նորագոյն ռումբերի տեղափոխման համար, որոնք կարող են ոչնչացնել բունկերային կամ թունելային համակարգերը: Եւ յատուկ պաշտպանւող օբիեկտներին ստիպւած կը լինեն բազմաթիւ հարւածներ հասցնել, ինչը կարող է տեւել օրեր կամ նոյնիսկ շաբաթներ: Իսրայէլի իշխանութիւնները չեն շտապում կոնկրետացնել, թէ, իրենց պատկերացմամբ, որտեղով են անցնում «կարմիր գծերը», որոնք կարող են ուժային սցենարի կիրառում սադրել:

Ոչ պաշտօնական մակարդակով իսրայէլական պաշտօնեաներն ասում են, որ համբերութեան բաժակը կարող է լցնել իրանցիների՝ ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու մասին որոշումը: Առայժմ նշաձողը մնում է 60 տոկոսի մակարդակի վրայ:

«Մոսադի» նախկին թիրախային գործողութիւնների մասին պարբերաբար յայտնւող մանրամասները կասկած չեն թողնում, որ եթէ նոյնիսկ Իրանի միջուկային ենթակառուցւածքների դէմ լայնածաւալ արշաւը հաւանութեան չարժանանայ, դիւերսիոն յարձակումները կը շարունակւեն: Այդ դէպքում Իրանի իշխանութիւններն ստիպւած կը լինեն պատասխան տալ: Իսրայէլը պատրանքներ չունի, թէ ուժային սցենարն ինչպիսի հետեւանքների կը յանգեցնի: Ռազմական հետախուզութեան կանխատեսումների համաձայն՝ էսկալացիայի դէպքում Գազայի հատւածում կակտիւանայ պաղեստինեան «Համաս» խմբաւորումը, որը գործընկերային սերտ յարաբերութիւնների մէջ է Թեհրանի ու լիբանանեան «Հըզբոլլահի» հետ։

Համապատասխան սպառնալիքները, ինչպէս ենթադրում են հրէական պետութիւնում, գալիս են նաեւ Սիրիայից, որտեղ գործում են իրանամէտ անկանոն կազմաւորումներ։ «Հնարաւոր է՝ երբ իսրայէլական ինքնաթիռները փորձեն վայրէջք կատարել Իսրայէլում, պարզւի, որ իրանական հրթիռները ոչնչացրել են նրանց թռիչքուղիները»,- ասել է հակահրթիռային պաշտպանութեան ոլորտի փորձագէտ Թալ Ինբարը` նկարագրելով պատերազմի սցենարը: Առաւել եւս, որ, իսրայէլական հետախուզութեան տւեալներով, Իրանը վերջին տասնամեակի ընթացքում զգալիօրէն բարելաւել է իր պաշտպանական հնարաւորութիւնները։ Թեհրանը կարողացել է զգալիօրէն մեծացնել իր հզօրութիւնները 2012-ից ի վեր, երբ հրէական պետութիւնը նաեւ հաշւարկում էր տարածաշրջանային հակառակորդի միջուկային ենթակառուցւածքի դէմ ռազմական տարբերակները։ Իսկ դա զգալիօրէն մեծացնում է ռիսկերը։

 

«Հայասանի Հանրապետութիւն» օրաթերթ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։