2021 թւականի Թուրքիայի արտաքին քաղաքականութեան գնահատման ամփոփիչ ելոյթում արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգաւորման թեմային՝ շեշտելով, որ շուտով կը սկսւեն Ստամբուլ-Երեւան չարթերային թռիչքները:
«alikonline.ir» - 2021 թւականի Թուրքիայի արտաքին քաղաքականութեան գնահատման ամփոփիչ ելոյթում արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգաւորման թեմային՝ շեշտելով, որ շուտով կը սկսւեն Ստամբուլ-Երեւան չարթերային թռիչքները: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ Չաւուօղլուի՝ Հայաստանի ու Թուրքիայի յատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկւայում ու այդ գործընթացում կարեւոր է Ադրբեջանի հետ խորհրդակցութիւնը։
«Երկու կողմն էլ նշանակել է իր յատուկ ներկայացուցիչներին։ Այսուհետ անհրաժեշտ է, որ երկու ներկայացուցիչները հեռախօսազրոյց ունենան եւ պայմանաւորւեն դէմ առ դէմ հանդիպման ժամկէտների ու վայրի շուրջ: Մեր տպաւորութեամբ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենայ Մոսկւայում։ Բայց մենք ցանկանում ենք, որ նախքան առաջին հանդիպումը լինեն ուղիղ շփումներ։ Թէ չէ ինչո՞ւ երկու յատուկ ներկայացուցիչ նշանակւեց, որ ուղիղ կապ լինի»,- ասել է Չաւուշօղլուն։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նաեւ անդրադարձել է ցիւրիխեան արձանագրութիւնները մեջլիսի կողմից վաւերացնելու հնարաւորութեանը։ Չաւուշօղլուն նշել է, որ այդ արձանագրութիւններին վերադառնալու իմաստ այլեւս չկայ, քանի որ դրանց ամենակարեւոր մասերը չեղարկւել են ՀՀ Սահմանադրական դաատարանի կողմից:
«Հետեւաբար, դրանք արդէն անցեալում են մնացել, ցաւօք յաջողութիւն չունեցան այն ժամանակւայ պայմաններում,- ասել է Չաւուշօղլուն՝ յաւելելով,- Հիմա նոր գործընթաց է սկսւել, որի շրջանակներում անհրաժեշտ է նոր քայլեր անել: Յարաբերութիւնների կարգաւորումը Հարաւային Կովկասի խաղաղութեան եւ բարօրութեան համար կարեւոր է լինելու: Այս պատճառով էլ, յատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքերի փոխանակում են անելու ճանապարհային քարտէզի վերաբերեալ: Կարծում եմ, որ դրանից յետոյ օգտակար կը լինի, որ կանոնաւոր կերպով հանդիպեն եւ հեռախօսազրոյց ունենան»: