Հա

Քաղաքական

08/01/2022 - 11:50

«Փաշինեանն ամէն ինչի պատրաստ է, սա այդպիսի մարտավարութիւն է». Ի՞նչ է կատարւում Ղազախստանում, եւ ինչո՞ւ է ՀՀ-ն զինծառայողներ ուղարկում այնտեղ

168.am-ի զրուցակիցն է արտաքին քաղաքականութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը:

«alikonline.ir» - 168.am-ի զրուցակիցն է արտաքին քաղաքականութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը:

 

- Պարոն Տրոֆիմչուկ, Ղազախստանը դարձաւ յետսովետական հերթական երկիրը, որտեղ ներքին մի շարք օբիեկտիւ իրողութիւնների, խնդիրների եւ ներքաղաքական գործընթացների ֆոնին թէժ մասսայական փողոցային պրոցես սկսւեց: Կա՞յ արդեօք աշխարհաքաղաքական կոնտեքստ այն ամենում, ինչ տեղի է ունենում Ղազախստանում: Ինչպէ՞ս դիտարկել ղազախստանեան իրադարձութիւնները:

- Անխօս, այստեղ կայ աշխարհաքաղաքական բաղադրիչ: Ինչպէս ոչ մէկ անգամ եմ նշել, այդ թւում` հայկական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցներում, Ռուսաստանի համար փորձում են խնդիրներ, ապագայ պատերազմների էմբրիոններ ստեղծել, հրդեհել Ռուսաստանի շուրջբոլորը: Ներկայումս դա Կենտրոնական Ասիան է, որը, ինչպէս ասում են, այդ իմաստով իր ժամին էր սպասում: Սա տարածաշրջան է, որը գտնւում է ծայրաստիճան անկայուն վիճակում` մի շարք պատճառներից ելնելով, որոնցից գլխաւորն ու ամենադժւարինն աֆղանական խնդիրն է։ Շատերն ուրախ ծիծաղում էին ամերիկացիների վրայ, որոնք «արագ փախան Աֆղանստանից», բայց ներկայումս՝ Ղազախստանում բռնկւած անկայունութիւնից յետոյ, կարծում եմ` հումորն էապէս կը պակասի:

Այսպիսով, եթէ նայենք ՌԴ շուրջբոլորը, պատկերը բաւականին բարդ է ստացւում՝ հիւսիս-արեւմտեան ուղղութեան վրայ մշտական լարւածութիւն՝ Բալթեան երկրների հետ, Բելառուսը, որին Արեւմուտքը շրջափակման մէջ է գցել եւ ուժեղացւած պատժամիջոցների ռեժիմ սահմանել, Դոնբաս եւ Ուկրայինա, Ղարաբաղ, որտեղ դեռ ոչինչ աւարտւած չէ (կարծում եմ, որ վերջին օրերի ընթացքում դա հասկացել են նաեւ շատ ադրբեջանցիներ), եւ ահա հսկայական Ղազախստանը, էլ չասած արդէն այդ ռեգիոնի այլ հանրապետութիւնների մասին: Հաւաքածուն, ցաւօք, ամբողջական է:

Հէնց այս կոնտեքստում էլ պէտք է դիտարկել Ղազախստանում տեղի ունեցողը: Եւ, կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է: Բասմաչի «էպոսը», որն առայժմ ռազմավարական ռեզերւում էր, այստեղ գործի կը դրւի արդէն նոր ձեւաչափով: Ուստի խօսել այս ուղղութեամբ ինչ-որ յաղթանակների մասին, չնայած տակտիկական յաջողութիւններին եւ արձագանգներին, անտեղի է:

 

- Զարգացումների ինչպիսի՞ ելք էք ակնկալում: Եթէ լինեն ռադիկալ փոփոխութիւններ, դա ի՞նչ կը նշանակի Ռուսաստանի, յետսովետական ողջ տարածաշրջանի, այդ թւում` Հայաստանի համար:

- Ռուսաստանի համար դա կը նշանակի` անցեալ դարի 1980-ականների աֆղանական ձեւաչափին մօտենալ, գրեթէ մտնել այդ ձեւաչափ: Արդէն հիմա շատ վերլուծաբաններ խօսում են ռուս-ղազախական սահմանի խնդրի մասին, որն իրականում ռազմատեխնիկական առումով չկայ, բայց այն ձգւում է հազարաւոր կիլոմետրերով: Սրանք արդէն հայ-ադրբեջանական քարտէզային խնդիրները չեն:

Ռուսաստանում կան մի շարք շրջաններ, որոնք իրենց մենթալիտետի պատճառով կարող են գաղափարական ճնշում զգալ անկայունութեան հարաւային գօտիներից։ Մասնաւորապէս՝ Պովոլժիէն: Հայաստանն անխուսափելիօրէն եւ աւտոմատ կերպով ընկնում է համընդհանուր քաոսացման գօտի, քանի որ գտնւում է ռուսական պերիմետրի առանցքային կէտերից մէկում, Ռուսաստանի շուրջ ցանկապատում, որը փորձում են ամէն կողմից հրդեհել:

Ի դէպ, կարեւոր հանգամանք յիշեցնեմ, որի մասին բոլորը մոռանում են. Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, ուստի կարիք չկայ խօսել այն մասին, որ իբրեւ թէ ՌԴ-ն, ինչպէս 1968 թւականի «Պրահեան գարնան» ժամանակ, իր տանկերն ինչ-որ տեղեր է մտցնում: Ուստի նման զօրամիաւորումների ներդրման հետ կապւած սոցիալական խնդիրը չի վերանում, տեղի կոռումպացւած պաշտօնեաները ոչ մի տեղ չեն վերանում, գները չեն ընկնում։ Նոյնը ահաբեկիչների դէպքում է, որոնք շատ են այնտեղ, որտեղ շատ են գողացւած գումարները։ Եւ այս ամէնը շարունակւում է ընդմիշտ։ Ընդհանուր առմամբ ես սա անւանում եմ «ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլ» արդէն արեամբ ու պատերազմներով լիովին այլ մաշտաբի:

 

- Շատերը Հայաստանում կարծում են, որ Ղազախստանում տեղի ունեցողը շարունակութիւնն է մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական իրադարձութիւնների: Որքանո՞վ են տեղին նման կարծիքները:

- Նոյնիսկ մասնագէտները յաճախ չեն հասկանում, թէ ինչ է կատարւում իրենց շուրջը` կրկնելով ինչ-որ «գունաւոր յեղափոխութիւնների» մասին։ Այստեղ վաղուց նման յեղափոխութիւններ չեն եղել, բայց կայ ուղիղ ուժային, զինւած ճնշում իշխանութիւնների վրայ։ Հէնց այդ պատճառով էլ նման խնդիրներ են՝ խնդիրը մշտապէս բաց թողնելով, հարւածը ժամանակին չեն նկատում: Սրանք «ծաղիկներով փուչիկներ» եւ ուրախ ամբոխներ չեն, որոնք քայլում են փողոցներով, ինչպէս տեսնում էք, սա բոլորովին այլ ձեւաչափ է:

Եւ, ի դէպ, պէտք է նկատի ունենալ, որ քանի դեռ մեր երկրներում կան, այսպէս ասած, «ամենայաջողակ եւ ամենաանարդար գործարարները», այդ թւում՝ Forbes-ի ցուցակից, այս ամէնը կը շարունակւի ընդմիշտ։ Բնակչութիւնը երբեք չի համակերպւի այն փաստի հետ, որ իրենց ընդհանուր, նախկին խորհրդային գումարներն այնպէս են բաշխւել, որ բնակչութիւնն ինքը ոչինչ չի ստացել։ Եւ հէնց այս նոյն «յաջողակները» հնարաւորութիւն ունեն ահաբեկիչներ գնել, կամ էլ քաղաքական կախւածութեան մէջ են ընկնում իրենց գանձերի արեւմտեան հսկիչներից՝ անելով այն, ինչ իրենց այնտեղից ասում են։

Հայաստանում չի եղել ոչ մի յեղափոխութիւն, քանի որ ոչինչ դէպի լաւը չի փոխւել: Եւ ոչ միայն դէպի լաւը, այլեւ աւելի վատ է դարձել, այդ թւում՝ ռազմաքաղաքական տեսանկիւնից: Իսկ իրական յեղափոխական զօրքերը, ինչպէս մենք յիշում ենք պատմութիւնից, ընդհակառակը՝ սկսում են յեղափոխական ընդլայնում բոլոր ուղղութիւններով: Եւ արդէն առաւել եւս ղազախստանեան իրադարձութիւնների ֆոնին Նիկոլ Փաշինեանը, երեւում է, աւելի քիչ է յիշելու այն մասին, թէ ինչպէս է եկել իշխանութեան: Ի վերջոյ, այնտեղ մենք տեսանք սահմանադրական կարգի դէմ պայքարի նմանատիպ մեթոդներ եւ Հայաստանի ողջ տարածքի ենթակառուցւածքները շրջափակելու փորձեր։

 

- Հայաստանում կտրուկ քննադատութեան արժանացաւ որոշումը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, եւ որքան էլ տարօրինակ է, այդ մասին յայտարարեց Փաշինեանը, որն իշխանութիւնը վերցրել է յեղափոխական ճանապարհով: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը, որն այսօր էլ ունի բազում անվտանգային խնդիրներ եւ ում շահերը ՀԱՊԿ երկրների կողմից չեն ընկալւում, պէտք է ուժեր ուղարկի Ղազախստանի ներքին իրավիճակի կայունացման համար: Ինչո՞ւ Փաշինեանը որոշեց մասնակցել սրան:

- Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այդ պատճառով էլ մտաւ կոնտինգենտի կազմ, որն ուղարկւում է Ղազախստան: Փաշինեանը պարզապէս չկարողացաւ դեմարշի գնալ՝ հրաժարւելով կանոնադրական պարտականութիւններից: Առաւել եւս՝ նման անկայուն ժամանակահատւածում: Ի դէպ, Երեւանը, բնականաբար, յոյս ունի, որ յաջորդ անգամ, երբ խնդիրներ ծագեն ադրբեջանական բանակի հետ, ՀԱՊԿ-ն այլեւս չի կարողանայ մերժել իրեն:

Կայ եւս մէկ հանգամանք՝ Փաշինեանը հիմա ամէն ինչի պատրաստ է, բոլորի հետ համաձայն է, հիմա նրա համար տարբերութիւն չկայ, սա այդպիսի մարտավարութիւն է: Այդ թւում՝ նա պատրաստ է ամէն ինչ ստորագրել՝ թշնամու հետ խաղաղութեան պայմանագրեր, թէկուզ Թուրքիայի հետ արձանագրութիւններ:

Բացի այդ, ինքնին Նիկոլ Վովաեւիչին, ըստ երեւոյթին, ջերմացրել է նոյնիսկ այն միտքը, որ հէնց նա է որոշում կայացրել ՀԱՊԿ խաղաղապահ զօրախումբը Ղազախստան մտցնելու մասին։

Հէնց այսպիսի տեսք ունէր այդ ամէնը արտասահմանեան լրատւամիջոցներում՝ չնայած պարզ ձեւականութեանը։ Փաշինեանը՝ հրամանատար:

Հաւանաբար, ինչ-որ տեղ խորքում նրան ջերմացնում է մէկ այլ միտք եւս:

Ի վերջոյ, ոչ վաղ անցեալում հէնց նա Նազարբաեւին հրապարակային հասկացրեց, որ նրա «բռնապետութիւնում» ամէն ինչ կարգին չէ, ի տարբերութիւն «հայկական ժողովրդավարութեան»։ Եւ ահա արդիւնքը:

Եւ վերջապէս, Հայաստանի համար կարեւոր է, որ նոր իրադարձութիւնների պատճառով Ղարաբաղը կարծես թէ անցել է երրորդ-հինգերորդ պլան։ Թէեւ սա ունի իր վտանգը, քանի որ Հայաստանի ընդդիմախօսներն ու հակառակորդները կարող են ակտիւացնել Ղարաբաղի հարցը, երբ թւում է, թէ դա ոչ մէկի չի հետաքրքրում։ Առաւել եւս, որ մենք տեսնում ենք բազմաթիւ շրջանակների բացայայտ դժգոհութիւնը «եղբայրական, թուրքական Ղազախստանում» տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով։

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։