Հա

Քաղաքական

08/01/2022 - 13:35

«Ղազախական զարգացումները, հնարաւոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակութիւն ունենան հարեւան այլ աւտորիտար ռեժիմներում եւս». Փորձագէտ

«Ակնյայտ է, որ նման որոշում կայացւեց, եւ, ընդհանրապէս, այս գործընթացը գործարկւեց Ռուսաստանի ազդեցութեամբ, քանի որ վերջին մի քանի ամիսներին յատկապէս Ռուսաստանի շուրջ բաւականաչափ կարեւոր եւ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արմէն Պետրոսեանը:

«alikonline.ir» - Ղազախստանում իրավիճակը մնում է լարւած: Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան համաձայն՝ ՀՀ զինւած ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թւով 100 զինծառայող։ Ինչպէս նշում են Արտգործնախարարութիւնից, Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակութեան օբիեկտների պահպանութիւնն է լինելու։

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանի գնահատմամբ՝ ղազախստանեան իրադարձութիւնները հերթական իրողութիւնն է, որն ապակայունացնում է Ռուսաստանի շուրջ իրավիճակը։

Փորձագէտը հէնց սրանով է պայմանաւորում Ռուսաստանի Դաշնութեան կտրուկ արձագանգը խնդրին, այն է՝ կոնկրետ գործողութիւնների նախաձեռնում՝ նաեւ ՀԱՊԿ խողովակներով։

«Ակնյայտ է, որ նման որոշում կայացւեց, եւ, ընդհանրապէս, այս գործընթացը գործարկւեց Ռուսաստանի ազդեցութեամբ, քանի որ վերջին մի քանի ամիսներին յատկապէս Ռուսաստանի շուրջ բաւականաչափ կարեւոր եւ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արմէն Պետրոսեանը՝ յիշեցնելով ուկրայինական հակամարտութեան ակտիւացման, Արեւմուտք-Ռուսաստան յարաբերութիւնների սրման եւ այսօր արդէն ղազախական զարգացումների մասին՝ նկատելով,- ՌԴ իշխանութիւնները այդ իրադարձութիւնները գնահատում են՝ որպէս հերթական գունաւոր յեղափոխութեան փորձ՝ իրենց անմիջական հարեւանութեամբ, յետխորհրդային տարածաշրջանում, որը կարող է ուղիղ հետեւանքներ ունենալ նաեւ հէնց ՌԴ-ի վրայ»։

Ի պատասխան հարցին, թէ այս զարգացումներն ի՞նչ ազդեցութիւն կունենան Հայաստանի վրայ, փորձագէտը մի քանի հանգամանքներ առանձնացրեց։

«Այս զարգացումներում ուղղակիօրէն շօշափւում են մեր տարածաշրջանում երկու առանցքային դերակատարների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը։ Այսինքն՝ այս զարգացումները կարող են վերածւել հերթական մրցակցային տիրոյթի այս երկու խաղացողների միջեւ եւ աւելի բարդացնել, խորացնել, կամ հակառակը՝ աւելի մտերմացնել երկկողմ յարաբերութիւնները, որոնք թէ՛ բացասական, թէ՛ դրական առումով կարող են անդրադառնալ Կովկասեան տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի վրայ»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ դրական միջավայրի առաջացումը յաւելեալ կերպով կը նպաստի Թուրքիա-Ռուսաստան յարաբերութիւնների սերտացմանը, ինչը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ունի յստակ խնդիրներ՝ յատկապէս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ կապւած, իսկ թուրք-ադրբեջանական սցենարով այդ խնդրի լուծմանն ընդդիմացող առանցքային կողմերից մէկը Ռուսաստանն է։

Ըստ Արմէն Պետրոսեանի՝ ղազախական զարգացումները, հնարաւոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակութիւն ունենան այդ երկրին հարեւան, կամ այդ երկրի հետ որոշակի կապեր ունեցող այլ աւտորիտար ռեժիմներում։ Այս համատեքստում նա յիշեցրեց Հայաստանում 2018 թւականին տեղի ունեցած իշխանափոխութեանը յաջորդած գործընթացները նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնում.

«Անգամ կարգախօս կար՝ «Ռուսաստանում՝ ինչպէս Հայաստանում»։ Բնականաբար, ռուսական կողմից մտավախութիւն կար, որ կարող է նոյն շղթայական ռեակցիայի միջոցով իրադարձութիւնները շարունակւեն ՌԴ տարածքում։ Եւ այս դէպքում արդէն լուրջ խնդիրներ կառաջանային, եւ Ռուսաստանը ստիպւած կը լինէր իր ուշադրութիւնը շեղել նաեւ մեր տարածաշրջանից, կենտրոնանալ սեփական խնդիրների վրայ, որից վստահաբար դարձեալ կօգտւէին Ադրբեջանը եւ Թուրքիան՝ առաջ մղելով սեփական օրակարգը։

Հնարաւոր է՝ նաեւ նոյն շղթայական ռեակցիայով նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նաեւ հարեւանութեամբ գտնւող աւտորիտար երկրներում՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Եւ չնայած այնտեղ դեռեւս չեն երեւում ակնյայտ հնարաւորութիւններ նման զարգացումների, բայց սովորաբար, աւտորիտար վարչակարգերի պարագայում նմանատիպ զարգացումները տեղի են ունենում շատ անակնկալ կերպով եւ ցանկացած չնչին պատճառով։ Իսկ նման իրադարձութիւններն արդէն ուղղակի ազդեցութիւն են ունենալու Հայաստանի վրայ, որովհետեւ Ադրբեջանում, օրինակ, նման գործընթացները կարող են Ալիեւին դրդել նոր ռազմական էսկալացիայի։ Նկատենք՝ Ադրբեջանի դէպքում ընդունւած մեթոդ է ներքին լարւածութիւնն արտաքին մարտահրաւէրներով մեղմելու, շեղելու գործելաոճը»։

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։