Հա

Քաղաքական

13/01/2022 - 09:45

«Ցանկացած հաշտութեան պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամէնը թղթի կտոր դառնալ»․ Ալիեւ

Մեր քաղաքականութիւնը լիովին պարզ է ինչպէս պատերազմի ժամանակ, այնպէս էլ նախկին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ ապագայի հետ կապւած։ Մենք առաջարկել ենք, որ երկու երկրներն էլ ճանաչեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, սկսեն աշխատել սահմանազատման եւ հաղորդակցութիւնները բացելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրեն։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«alikonline.ir» - Մեր քաղաքականութիւնը լիովին պարզ է ինչպէս պատերազմի ժամանակ, այնպէս էլ նախկին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ ապագայի հետ կապւած։ Մենք առաջարկել ենք, որ երկու երկրներն էլ ճանաչեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, սկսեն աշխատել սահմանազատման եւ հաղորդակցութիւնները բացելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրեն։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, թէեւ 100 տոկոսանոց երաշխիք չէ, ամէն դէպքում զգալի չափով նւազագոյնի է հասցնում պատերազմի վտանգը։ Թէեւ մենք պէտք է նաեւ իմանանանք, որ ցանկացած հաշտութեան պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամէնը թղթի կտոր դառնալ։ Անկախ նրանից՝ կը ստորագրւի, թէ ոչ, ինչպէս ասացի, մենք պէտք է անընդհատ մեծացնենք մեր ռազմական հզօրութիւնը։ Իսկ հայկական կողմը դեռ տատանւում է։ Սա վկայում է այն մասին, որ պաշտօնական շրջանակներն այս հարցում դեռ իրենց կարծիքը չեն ձեւաւորել։ Նրանք մի կողմից հասկանում են, որ խաղաղութեան պայմանագրի բացակայութեան եւ ուժեղ Ադրբեջանի առկայութեան դէպքում իրենք մտահոգութիւններ կունենան։ Միւս կողմից, հասկանում են, որ եթէ խաղաղ պայմանագիր է կնքւում, ապա այն պէտք է անպայման դրոյթ պարունակի տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման մասին, եւ իրենք պէտք է պատրաստ լինեն դրան։ Ինչպէս ասում են՝ երկու քարի արանքում են մնացել։ Բայց նրանք պէտք է ընտրութիւն կատարեն, ճիշտ ընտրութիւն կատարեն։ Պարտադիր չէ, որ մեր բարեհաճ վերաբերմունքը յաւերժ մնայ, եւ այդ առաջարկները յաւերժ սեղանին կը մնան։ Եթէ նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականութիւնը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականութիւնը։ Մենք դրա համար հարիւրապատիկ աւելի շատ պատճառներ ունենք։ Որովհետեւ բոլորը, այդ թւում՝ համաշխարհային հանրութիւնը, քաջատեղեակ են, որ 1920 թւականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատւել է մեզանից եւ միացւել է Հայաստանին։ Նոյնպէս եւ Գէյչան։ Էրիւան քաղաքը Հայաստանին է փոխանցւել 1918 թւականի մայիսի 29-ին։ Այսինքն՝ մենք, ինչպէս ասում են, շատ գործօններ ունենք, որպէսզի չճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Բայց, չնայած դրան, յանուն ապագայ խաղաղութեան, յանուն երկրների յարաբերութիւնների կարգաւորման, մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխաւորել, որ նոյնը կը լինի նաեւ վեց ամիս յետոյ։ Չեն ուզում, դէ, թող չլինի։ Այդ ժամանակ կը տեսնենք՝ ինչ կը լինի»,- ասել է Ալիեւը:

Անդրադառնալով ռուս խաղաղապահներին նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաջադրանքը, թէեւ նրանց ներկայացնելու որոշ հիմնաւորւած պահանջներ կան։

«Ինձ թւում է, որ պէտք է աւելի լայն պրիզմայով նայել խաղաղապահների գործունէութեանը, եւ, իհարկէ, այստեղ շատ նեարդայնացնող պահեր կան։ Բայց միեւնոյն ժամանակ անարդար կը լինէր չյիշատակել նրանց դրական գործառոյթների մասին։ Այժմ նրանք կարեւոր առաջադրանք են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպէս մեր զինւորականների, այնպէս էլ Քելբաջարի եւ Լաչինի շրջաններ բեռների ուղարկումն ու փոխադրումը, եւ սկզբունքօրէն կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում խաղաղապահների գործունէութիւնը»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում ասել է Ալիեւը։

Նա նշել է, որ անցեալ տարի ադրբեջանա-ռուսական յարաբերութիւններն աւելի ինտենսիւ են դարձել։ «Անցնող տարին շատ բան պարզեց, միեւնոյն ժամանակ Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւններում ի յայտ եկաւ նոր տարր, որը նախկինում չկար։ Ադրբեջանա-ռուսական յարաբերութիւնները միշտ էլ շատ դրական են եղել։ Բայց անցեալ տարի մեր յարաբերութիւններն աւելի դինամիկ դարձան, աւելի շատ շփումներ եղան տարբեր մակարդակներում, այդ թւում՝ նախագահների մակարդակով»,- ընդգծել է Ալիեւը։

Ալիեւի խօսքով, միաժամանակ «Բաքուն ռուսական կողմին բազմիցս պահանջներ է յայտնել ապօրինի այցերի մասին ադրբեջանական տարածքներ, որոնք գտնւում են խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում»։

«Մենք մէկ անգամ չէ, որ պաշտօնապէս մեր դժգոհութիւնն ենք յայտնել անօրինական այցերի կապակցութեամբ։ Մեր պաշտպանութեան նախարարը մէկ անգամ չէ, որ նամակներ է յղել իր ռուս գործընկերոջը, ինչպէս նաեւ դժգոհութիւն է յայտնել խաղաղապահ առաքելութեան ղեկավարից։ Նման քայլեր են ձեռնարկւել նաեւ Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ադրբեջանի Խանքենդի քաղաք) անօրինական այցի ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները), իբր, աչքաթող են արել, չեն իմացել, ասացին, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել եւ այլն։ Ես կասեմ այնպէս, ինչպէս կայ՝ դժւար է դրան հաւատալ: Այս այցը կազմակերպւած էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ տանել նրանց, ում ուզում էր, նրան ուղեկցել են սահմանափակ թւով մարդիկ։ Նրա հետ միասին եղել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եւրոյանձնակատար Բարնիէն եւ եւս մէկ պատգամաւոր։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ ու վերադարձել են, իսկ նրանց այցի մասին լուրը յայտնի է դարձել միայն վերադարձից յետոյ։ Նրանք հաւանաբար վախեցել են, որ մենք իրենց կը կալանաւորենք Լաչինի միջանցքում»,- ընդգծել է Ալիեւը։

Նրա խօսքով՝ ադրբեջանական կողմը լիարժէք տեղեկատւութիւն ունի խաղաղապահների պատասխանատւութեան գօտի մտնող մարդկանց ու մեքենաների թւի մասին։ «Մենք գիտենք եւ՛ մեքենաների, եւ՛ մարդկանց թիւը, գիտենք, թէ քանի մարդ է մտել կամ դուրս եկել։ Մեր տւեալներով՝ պատերազմի ժամանակ այս տարածքները լքած 38 000 մարդ հետ է վերադարձել, իսկ նրանցից 11 000-ն ընդմիշտ հեռացել է այս վայրերից։ Նշւած տւեալներով՝ ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողութեան գօտում բնակւում է 27 000 մարդ»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։