Հա

Քաղաքական

13/01/2022 - 11:20

«Ղազախական դէպքերը դանդաղեցրին թուրքական բեւեռի ձեւաւորման գործընթացը». արաբագէտ

Ռուսաստանն առաջանցիկ կերպով թոյլ չտւեց, որ այլ խաղացող ներգրաււի ղազախական գործընթացում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագէտ, արաբագէտ Արմէն Պետրոսեանը` անդրադառնալով Ղազախստանում կատարւող գործընթացներին:

«alikonline.ir» - Ռուսաստանն առաջանցիկ կերպով թոյլ չտւեց, որ այլ խաղացող ներգրաււի ղազախական գործընթացում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագէտ, արաբագէտ Արմէն Պետրոսեանը` անդրադառնալով Ղազախստանում կատարւող գործընթացներին:

Ղազախական դէպքերն ինչպիսի՞ ազդեցութիւն կունենան թուրքական աշխարհի հետագայ ճակատագրի վրայ: Փորձագէտի կարծիքով` դրանք որոշակիօրէն դանդաղեցրին թուրքական բեւեռի ձեւաւորման գործընթացը։

«Չենք կարող պնդել, թէ թուրքական բեւեռի ձեւաւորման նախագիծը ձախողւեց։ Որոշ ժամանակ անց կը տեսնենք թուրքական քաղաքականութեան ակտիւացում, յատկապէս՝ փափուկ ուժի կիրառմամբ սեփական ազդեցութիւնը տարածելու, ինչպէս նաեւ թուրքական աշխարհին նախկին ներուժով ինտեգրելու գործընթացներ»,- ասաց նա։

Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ չի ընդունում Ղազախստանում կատարւածը, թէեւ Թուրքիան եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք կառուցում են բազմաբեւեռ աշխարհ, մերժում են աշխարհի արեւմտակենտրոն պատկերը՝ ճանաչելով միմեանց ազդեցութեան գօտիներն ու շահերը: Ռուսաստանի գործողութիւնները Ղազախստանում ցաւոտ հարւած էին Մեծ Թուրան կառուցող Թուրքիային: Հարցին՝ այն, ինչ տեղի ունեցաւ Արցախում, կարո՞ղ ենք ընդունել որպէս Թուրքիայի պատասխան Ռուսաստանին, փորձագէտն արձագանգեց, որ Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւնները գործընկերային եւ մրցակցային են։

«Տարբեր տարածաշրջաններում, տարբեր հիմնախնդիրներում Ռուսաստանը եւ Թուրքիան մրցակիցներ են, խաղում են տարբեր դիրքերից, նրանց մրցակցութեան տիրոյթում գտնւող որեւէ հիմնախնդրի ակտիւացմանը, դերակատարներից որեւէ մէկի դիրքերի բարելաւմանը միւսը փորձում է հակադարձել մէկ այլ հիմնախնդրի ուղղութեամբ յստակ գործողութիւններով»,- ասաց փորձագէտը։

Արմէն Պետրոսեանի խօսքով` սա պատմական իրողութիւն է։ «Ես չէի պնդի, թէ Արցախում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ռուսաստանին, բայց, իհարկէ, նշւած իրողութիւնները հաշւի առնելով, կարող ենք նման գնահատական հնչեցնել։ Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկած նախագծերն իրենց ներուժով եւ առաջադրւած խնդիրներով ու նպատակներով առայժմ այնքան չէին հասունացել, կայացել, որ Թուրքիան ընդունակ լինէր այդպիսի միջամտութիւն ցուցաբերել»,- ասաց փորձագէտը։

Ըստ նրա` Ռուսաստանը Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին միջամտեց ոչ թէ ուղիղ ձեւով, ինչը կը թիրախաւորէր Մոսկւային, յատկապէս՝ աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից, այլ իր իսկ նախաձեռնութեամբ ձեւաւորւած ՀԱՊԿ-ով, իսկ Թուրքիան առայժմ չունի նման կառոյց, որը կը կարողանար իրաւական հիմնաւորումներով, իրաւական ընթացակարգով ապահովել Թուրքիայի ներխուժումը թուրքական աշխարհի անդամ որեւէ երկիր։

«Չէր բացառւում, որ, եթէ չլինէր Ռուսաստանի արագ արձագանգը, Ղազախստանում գործընթացները ծաւալւէին քաղաքացիական պատերազմի տրամաբանութեամբ: Նշեմ, որ Թուրքիան նման ձեւաչափով վերջին շրջանում գործել է իր համար կարեւորութիւն ներկայացնող գրեթէ բոլոր հակամարտութիւններում. սիրիական հակամարտութիւնը վերածւեց քաղաքացիական պատերազմի թուրքական ռազմավարութեան արդիւնքում»,- նշեց Պետրոսեանը։

Ըստ փորձագէտի` Ռուսաստանին յաջողւեց Ղազախստանին դուրս բերել ինչպէս թուրքական, այնպէս էլ չինական ազդեցութեան տակից։ «Մէկ կարեւոր իրողութիւն էլ կայ, որ մենք պէտք է հաշւի առնենք. ականատես ենք լինելու Ղազախստանի ներկայիս իշխանութիւնների կողմից ռուսական տիրապետութիւնից աստիճանաբար ազատւելու փորձերի, եւ չի բացառւում, որ այդ փորձերի արդիւնքում դարձեալ նոյն Ղազախստանը գնայ դէպի թուրքական աշխարհը, քանի որ արդէն տեսնում ենք Թուրքիայի կողմից այս ուղղութեամբ յաւելեալ ակտիւացում, որը ղազախական կանխատեսւելիք քաղաքական ուղեգծի համար ստեղծելու է հնարաւորութիւններ»,- նշեց Ա. Պետրոսեանը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանագնացների՝ մօտ օրերս սպասւող հանդիպմանը` փորձագէտն ասաց, որ Թուրքիան փորձում է, Ադրբեջանի հետ համագործակցելով, օրակարգ բերել բոլոր խնդիրները, որոնք պէտք է լուծւէին պատերազմից յետոյ, սակայն այդ խնդիրները տարբեր պատճառներով լուծւած չեն։

«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տեղի է ունեցել յստակ դերաբաշխում, եւ այսօր առաջին ջութակի դերում Թուրքիան է` փորձելով դիւանագիտական, քաղաքագիտական հարթութիւններում լուծել մինչեւ այժմ չլուծւած խնդիրները։ Վստահ եմ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ առաջին հանդիպման ժամանակ առաջ կը բերի սահմանների բացման հնարաւորութիւնը։ Իր կողմից Թուրքիան կը կատարի այնպիսի քայլեր, որոնք զիջում էլ չեն, թուրքական կողմը կը փորձի վաճառել այդ քայլերը Հայաստանի վրայ»,- ասաց Պետրոսեանը։

Փորձագէտի կարծիքով` հէնց այստեղ է, որ պէտք է դիւանագիտական ճկունութիւն ցուցաբերել եւ թոյլ չտալ, որ այն բոլոր քայլերը, որոնք Թուրքիան պարտաւոր է անել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար, փորձի վաճառել Հայաստանի վրայ եւ դրա դիմաց պահանջի ոչ հաւասարազօր գործողութիւններ։

«Թուրքիան աստիճանաբար փորձում է գործընթացից դուրս թողնել բոլոր այն խաղացողներին, որոնք փորձում են դերակատարում ունենալ այս գործընթացում։ Խօսքը Ռուսաստանի մասին է, որտեղ, ըստ էութեան, առաջին հանդիպումն է տեղի ունենալու։ Սա բնական է, որովհետեւ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Թուրքիան, պատերազմից յետոյ լիարժէք չվերադառնալով տարածաշրջան, փափուկ ուժի միջոցով փորձում է մտնել Հարաւային Կովկաս` օգտագործելով Հայաստանի հնարաւորութիւնները։ Տրամաբանական է, որ Թուրքիան աստիճանաբար ձգտելու է Ռուսաստանին դուրս թողնել այս գործընթացից։ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ այս գործընթացի վրայ վերահսկողութիւն ունենայ արեւմտեան որեւէ դերակատար, որը դաշնակցային յարաբերութիւններ կունենայ Թուրքիայի հետ եւ ազդեցութիւն։ Այս համատեքստում ամենապատեհ դերակատարն ԱՄՆ-ն է»,- եզրափակեց Արմէն Պետրոսեանը։

 

Լենա Կարապետեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։