Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:35

«Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական». Տարասով

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական:

«alikonline.ir» - Յունւարի 14-ին Մոսկւայում կը կայանայ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Այս մասին օրերս հաղորդել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Յունանեանը:

Երեւանն ու Անկարան դեկտեմբերին յայտարարեցին, թէ պատրաստ են յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած յստակ քայլեր ձեռնարկել եւ երկուստեք յատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, փորձառու դիւանագէտ Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանին։ Թէեւ հայկական կողմը հրապարակայնօրէն յայտարարում է, թէ բանակցութիւններն առանց նախապայմանների են, սակայն դեռ ամռանն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել որոշ նախապայմաններ հայկական կողմին:

Թուրքիայի նախագահը դեռեւս օգոստոսին նշել էր, որ Անկարան պատրաստ է կարգաւորել յարաբերութիւնները Երեւանի հետ` բարիդրացիութեան եւ միմեանց տարածքային ամբողջականութեան ճանաչման հիման վրայ: Նա նաեւ ասել էր, թէ նորագոյն պատմութիւնը չպէտք է թշնամանքի աղբիւր լինի, եւ, որ պէտք է կառուցողական քայլեր ձեռնարկւեն կայուն խաղաղութեան եւ համակեցութեան համար: Էրդողանն ասել է.

«Եթէ Երեւանը պատրաստ է շարժւել այդ ուղղութեամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման ուղղութեամբ։ Ժամանակն է կայունութիւնը եւ խաղաղութիւնը դարձնել մշտական եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցութեան համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, ու պնդել, թէ Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցութիւններ սկսել համապարփակ խաղաղութեան համաձայնագրի համար: «Ինչպէս եւ համաձայնեցւել է 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարաւորութիւններ կառաջանան, որոնք կը փոխեն Հարաւային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լաւ օգտագործել այս պատմական հնարաւորութիւնը»: Ամենայն հաւանականութեամբ, հայկական կողմը համաձայնել է առաջ շարժւել հէնց այս փաթեթով, քանի որ Էրդողանը յստակեցրել էր, որ սա ընդունելուց յետոյ միայն Անկարան կը սկսի աշխատանքը:

Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանն էլ իր հերթին յայտնել է օրերս, թէ Թուրքիան որ դէպքում պէտք է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորի։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալէաթ փաշա միութեան նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պէտք է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դէպքում։

1. Անմիջապէս իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերւած եռակողմ պայմանաւորւածութիւնները։

2. Հայաստանը պէտք է յարգի Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը եւ յայտնի դրա մասին։

3. Հայաստանը պէտք է հրաժարւի «Ցեղասպանութեան պնդումներից», քանի որ հէնց ՄԻԵԴ-ում Փերինչէք-Շւէյցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։

4. Պէտք է վերջ դնի Թուրքիայի դէմ թշնամանքին եւ ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրւած եւ թուրք ազգին նւաստացնող արձանը (Սողոմոն Թեհլիրեանի արձանը.- Խմբ.):

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական:

Ըստ նրա, նախապայմանների հարցում կոնկրետ տարաձայնութիւններ չկան, կողմերը փորձում են կարգաւորել յարաբերութիւնները, դա անել նաեւ առանց Մոսկւայի ուղիղ միջամտութեան:

Տարասովի տպաւորութեամբ, թէեւ հանդիպումը Մոսկւայում է լինելու, Մոսկւան որեւէ դերակատարութիւն չունի հայ-թուրքական երկխօսութիւնում, այն ՌԴ վերահսկողութիւնից դուրս է:

«Առաջին հանդիպումից երեւի թէ մեծ սպասելիքներ պէտք չէ ունենալ, թէեւ երեւի ընդհանուր առմամբ յայտնի են այն սցենարները, թէ ինչ ուղիով կը գնայ բանակցային գործընթացը: Սակայն պէտք է ուշադրութիւն հրաւիրեմ նաեւ նրա վրայ, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխութիւններ տեղի ունենում, այդ թւում՝ Թուրքիայում կարող են փոփոխութիւններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ յարակից գօտիներում, ուստի յստակօրէն կանխատեսել որեւէ ելք հնարաւոր չէ: Ինչպէս տեսնում էք, իրավիճակը Թուրքիայի համար եւս բարդ է Միջին Ասիայում, երկրի ներսում եւ այլ տարածաշրջաններում, ՌԴ-ն էլ իր հերթին իր մարտահրաւէրներն ունի՝ բանակցութիւններ Արեւմուտքի հետ, այս ամենում Հայաստանի հարցերը շատ փոքր են թւում, բայց դրանց վրայ կարող է ազդել այն ամէնը, ինչ տեղի է ունենում աւելի մեծ ու կարեւոր ռեգիոններում մեծ խաղացողների միջեւ: Այնպէս որ` կը սկսւեն հանդիպումները, ու կողմերը կը պատրաստւեն դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, յետոյ՝ սահմանների բացման, բայց իւրաքանչիւր գործընթաց կարեւոր է, իսկ այդ գործընթացները հիմա շատ են»,- ասաց վերլուծաբանը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

  • Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ
    Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ

    «alikonline.ir» - «Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչութեան նախագահ Սուրէն Պապիկեանն է: Այդ որոշումը ե՛ս եմ կայացրել, բայց Սուրէն Պապիկեանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Աւինեանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւոյթները, դրա համար մանդատ ենք ստացել»,- այսպիսի յայտարարութիւն արեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր վերջին առցանց ասուլիսում: Մինչդեռ 2018-ի ապրիլին յայտարարել էր, թէ՝ բուհերը պէտք է ապաքաղաքականացւեն ու որեւէ կուսակցական չպէտք է բուհ կառավարի:

    Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանին հարցրեց՝ Փաշինեա՞նը պէտք է որոշի ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահին, թէ՞ դրա համար հոգաբարձուների խորհուրդ կար ու խորհուրդը պէտք է որոշէր:

    Նա պատասխանեց. «Արդէն 3 տարի է՝ մենք հասկացել ենք, որ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինեանը իրենց նախկին էութեան, իրենց հաստատումների, համոզումերի 180 աստիճանով խեղւած իրականութիւնն են պարտադրում հայ ժողովրդին: Աւելի քան տրագիկոմիկ էր Նիկոլ Փաշինեանի շուրթերից լսելը, թէ՝ Հայաստանի բրենդային պատկերը ժողովրդավարութիւնն է: Նրանք դեռ հաւատում են, որ Հայաստանը ժողովրդավարութեան բաստիոն է»:

    Երբ փոխանցեցինք՝ Գագիկ Մելքոնեանն ասում է՝ Բրիւսէլ են կանչում, մեզ մարդատեղ են դնում, նշանակում է՝ ժողովրդավար ենք՝ Գալստեանը արձագանգեց. «Չգիտեմ ինչպէս կառուցեմ խօսքս, որ անձնական վիրաւորանքի դաշտ չտանեմ, բայց պարոն Մելքոնեանին, որ յայտնւել է խորհրդարանում ՔՊ ցուցակով, երեւի ինչ-որ առիթով եւրոպական կառոյցների, արժեհամակարգերի, կանոնադրութիւնների նաեւ մեր անդամակցութեան վերաբերեալ որոշակի նիւթեր կը տամ ու կը հասկանայ, որ Երեւան-Բրիւսէլ, Երեւան-Ստրասբուրգ տոմսի գոյութիւնը, կամ նոյնիսկ ժողովրդավարութեան, պառլամենտարիզմի մայրաքաղաք Լոնդոն մեկնելը դեռ չի նշանակում, որ դու այդ ինստիտուտի բաժնեկից եւ ժողովրդավար ես»:

    Ինչ վերաբերում է բուհերի քաղաքականացմանը, Լիլիթ Գալստեանը նշեց, որ այս իշխանութիւնները «զոռբայութեամբ» «Կրթութեան մասին» օրէնքում փոփոխութիւնները բերեցին ու անցկացրեցին արագընթաց. «Բուհերի կառավարման թափանցիկ ու ժողովրդավարական մեխանիզմներ ունէինք: Ըստ էութեան, բուհերի կառավարման խորհուրդը դարձրեցին 5 եւ 3-ը նշանակւում են լիազօր մարմնի կողմից: Սա եւս զաւթման մասին է խօսում: Այն Փաշինեանը, որն իբրեւ ընդդիմադիր պատգամաւոր այստեղ բոցաշունչ ելոյթներ էր ունենում կրթութեան համակարգի քաղաքականացման եւ իշխող քաղաքական ուժերի ձեռք տակ պահելու մասին էր խօսում, այսօր ոչ միայն բուհերն են քաղաքականացւում Պապիկեանի, Տիգրան Աւինեանի նշանակումով: Այստեղ խօսում են բարոյականութեան մասին, բայց երկրորդ վայրկեանին հակառակն են ապացուցում: Գլխիվայր այսօր էլ շրջում են դպրոցի կառավարման մոդելը եւ, ըստ էութեան, նոյնը վերաբերում է դպրոցի տնօրէններին, այլեւս տնօրէնի համար նախատեսել են նշանակովիութեան ինստիտուտը: Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ»:

    Դիտարկմանը, որ իրենք էլ ձեզ են քննադատում, որ դպրոցների տնօրէններին կուսակցականացրել էիք, դուք էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկեր էիք՝ Լիլիթ Գալստեանը պատասխանեց. «Ներողութիւն, շատ յաճախ անպատասխանատու գնահատականներ ենք շպրտում: Եթէ հանրակրթութեան մէջ խնդիրներ կան, գնում ենք ամէն ինչ ոչնչացման ճանապարհով, չենք գնում լուծման ճանապարհով: Սրանք մերժումն ու ուրացումը բերեցին հաւասարեցրեցին: Նախ, վերջին իշխանութիւնների օրօք մենք ընդամէնը մէկ տարի եւ մի քանի ամիս ենք եղել իշխանութեան մաս, բայց դա չի նշանակում, որ ես մերժում եմ դա: Հայրասպանութեան վերածւող ուրացումի են գնացել սրանք՝ կուզի կրթական համակարգին վերաբերի, արտաքին քաղաքականութեանը, բանակին: Դրա համար ունենք պարտւած, նւաստացած, զգետնւած Հայաստանը, Եռաբլուրն է նրանց կնիքը: Տկլոր, սին մեղադրանքները երբեւէ տեսե՞լ էք, որ փաստերով ամրագրեն: Այո, ունեցել ենք խնդիրներ, 3 տարի դուք եկել էք Հայաստանը նորովի կառուցելու, բայց որտեղ ձեռք տւեցին, այնտեղ աւեր եւ քանդում»:

    Փոխանցեցինք՝ ՔՊ պատգամաւոր Յակոբ Ասլանեանն ասում է, որ Եռաբլուրը ձեր մեղքն է, քանդեցիք երկիրը՝ Լիլիթ Գալստեանը հակադարձեց. «Մենք պետականութիւն ենք կառուցել, մենք երկիր ու հայրենիք ենք ազատագրել, ՀՅԴ-ն մասնակցել է հայոց պետականաշինութեանը: Կարելի՞ է այդպէս մերկապարանոց յայտարարութիւն անել, ո՞նց արձագանգենք, ասենք՝ տգիտութիւն է, չեմ պատասխանում այդ տգէտ յայտարարութիւններին: Իսկապէս տգէտ է, ո՞նց կարելի է: Եւ այդ յայտարարողը պատմութեան ուսուցիչ է, ո՞նց կարելի է այդքան սնամէջ լինել»:

     

  • Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից իր անկախութեան հռչակումը
    Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից իր անկախութեան հռչակումը

    Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

  • Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը
    Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը

    Նիկոլ Փաշինեանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, ասել է, որ Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել եւ որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Վերջերս էլ Թուրքիան Հայաստանին հրաւիրել է Անթալիայի դիւանագիտական ֆորումին, իսկ Նիկոլ Փաշինեանը հնարաւոր համարեց, որ առաջարկը չեն մերժի։

  • ««Այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը». «Փաստ»
    ««Այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը». «Փաստ»

    Այսպէս կոչւած՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագէտ, քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը միանգամից մի քանի կողմերի ներգրաււածութիւն է տեսնում:

  • «Փորձ է արւում մեղաւորի գտնել անցեալ եւ ապագայում անխուսափելի պարտութիւնների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը». Regnum  
    «Փորձ է արւում մեղաւորի գտնել անցեալ եւ ապագայում անխուսափելի պարտութիւնների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը». Regnum  

    Հայաստանի նախագահի հրաժարականի յայտարարութիւնը սենսացիա չդարձաւ: Իրական իշխանութիւնն ու լիազօրութիւնները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարութեանը, որը, չնայած ներքին քաղաքականութեան տապալումներին եւ անգամ 2020 թւականին պատերազմում կրած պարտութեանը, գլխաւորում է Նիկոլ Փաշինեանը: Այս մասին գրում է Regnum գործակալութեան յօդւածագիր Ալեքսանդր Սաւելեւը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։