Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:35

«Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական». Տարասով

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական:

«alikonline.ir» - Յունւարի 14-ին Մոսկւայում կը կայանայ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Այս մասին օրերս հաղորդել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Յունանեանը:

Երեւանն ու Անկարան դեկտեմբերին յայտարարեցին, թէ պատրաստ են յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած յստակ քայլեր ձեռնարկել եւ երկուստեք յատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, փորձառու դիւանագէտ Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանին։ Թէեւ հայկական կողմը հրապարակայնօրէն յայտարարում է, թէ բանակցութիւններն առանց նախապայմանների են, սակայն դեռ ամռանն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել որոշ նախապայմաններ հայկական կողմին:

Թուրքիայի նախագահը դեռեւս օգոստոսին նշել էր, որ Անկարան պատրաստ է կարգաւորել յարաբերութիւնները Երեւանի հետ` բարիդրացիութեան եւ միմեանց տարածքային ամբողջականութեան ճանաչման հիման վրայ: Նա նաեւ ասել էր, թէ նորագոյն պատմութիւնը չպէտք է թշնամանքի աղբիւր լինի, եւ, որ պէտք է կառուցողական քայլեր ձեռնարկւեն կայուն խաղաղութեան եւ համակեցութեան համար: Էրդողանն ասել է.

«Եթէ Երեւանը պատրաստ է շարժւել այդ ուղղութեամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման ուղղութեամբ։ Ժամանակն է կայունութիւնը եւ խաղաղութիւնը դարձնել մշտական եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցութեան համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, ու պնդել, թէ Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցութիւններ սկսել համապարփակ խաղաղութեան համաձայնագրի համար: «Ինչպէս եւ համաձայնեցւել է 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարաւորութիւններ կառաջանան, որոնք կը փոխեն Հարաւային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լաւ օգտագործել այս պատմական հնարաւորութիւնը»: Ամենայն հաւանականութեամբ, հայկական կողմը համաձայնել է առաջ շարժւել հէնց այս փաթեթով, քանի որ Էրդողանը յստակեցրել էր, որ սա ընդունելուց յետոյ միայն Անկարան կը սկսի աշխատանքը:

Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանն էլ իր հերթին յայտնել է օրերս, թէ Թուրքիան որ դէպքում պէտք է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորի։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալէաթ փաշա միութեան նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պէտք է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դէպքում։

1. Անմիջապէս իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերւած եռակողմ պայմանաւորւածութիւնները։

2. Հայաստանը պէտք է յարգի Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը եւ յայտնի դրա մասին։

3. Հայաստանը պէտք է հրաժարւի «Ցեղասպանութեան պնդումներից», քանի որ հէնց ՄԻԵԴ-ում Փերինչէք-Շւէյցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։

4. Պէտք է վերջ դնի Թուրքիայի դէմ թշնամանքին եւ ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրւած եւ թուրք ազգին նւաստացնող արձանը (Սողոմոն Թեհլիրեանի արձանը.- Խմբ.):

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Թուրքիան չի հրաժարւել իր որեւէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարւել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թւում՝ պատմական:

Ըստ նրա, նախապայմանների հարցում կոնկրետ տարաձայնութիւններ չկան, կողմերը փորձում են կարգաւորել յարաբերութիւնները, դա անել նաեւ առանց Մոսկւայի ուղիղ միջամտութեան:

Տարասովի տպաւորութեամբ, թէեւ հանդիպումը Մոսկւայում է լինելու, Մոսկւան որեւէ դերակատարութիւն չունի հայ-թուրքական երկխօսութիւնում, այն ՌԴ վերահսկողութիւնից դուրս է:

«Առաջին հանդիպումից երեւի թէ մեծ սպասելիքներ պէտք չէ ունենալ, թէեւ երեւի ընդհանուր առմամբ յայտնի են այն սցենարները, թէ ինչ ուղիով կը գնայ բանակցային գործընթացը: Սակայն պէտք է ուշադրութիւն հրաւիրեմ նաեւ նրա վրայ, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխութիւններ տեղի ունենում, այդ թւում՝ Թուրքիայում կարող են փոփոխութիւններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ յարակից գօտիներում, ուստի յստակօրէն կանխատեսել որեւէ ելք հնարաւոր չէ: Ինչպէս տեսնում էք, իրավիճակը Թուրքիայի համար եւս բարդ է Միջին Ասիայում, երկրի ներսում եւ այլ տարածաշրջաններում, ՌԴ-ն էլ իր հերթին իր մարտահրաւէրներն ունի՝ բանակցութիւններ Արեւմուտքի հետ, այս ամենում Հայաստանի հարցերը շատ փոքր են թւում, բայց դրանց վրայ կարող է ազդել այն ամէնը, ինչ տեղի է ունենում աւելի մեծ ու կարեւոր ռեգիոններում մեծ խաղացողների միջեւ: Այնպէս որ` կը սկսւեն հանդիպումները, ու կողմերը կը պատրաստւեն դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, յետոյ՝ սահմանների բացման, բայց իւրաքանչիւր գործընթաց կարեւոր է, իսկ այդ գործընթացները հիմա շատ են»,- ասաց վերլուծաբանը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։