Հա

Քաղաքական

15/01/2022 - 12:40

Ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր Մասաչուսեթսի միջին եւ աւագ դպրոցներում

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին եւ աւագ դպրոցներում ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր: 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին եւ աւագ դպրոցներում ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր: Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

2021 թ. փետրւարի 2-ին մի խումբ օրէնսդիրներ Մասաչուսեթսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանութեան կրթութեան վերաբերեալ No.692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրւեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրէնքի ուժ: Այն կիրառութեան մէջ կը մտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. յուլիսի 1-ից սկսած:

Օրինագիծը 12 տարւայ հետեւողական գործունէութեան արդիւնք է: Այն նախագծել էր սենատոր Մայքլ Ռոդրիգէզը, որը սկզբնական փուլում ներառել էր միայն Հրէից ցեղասպանութեան պատմութիւնը: Սակայն, տեսնելով Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների վերաբերեալ ամերիկեան հասարակութեան անտեղեակութիւնը՝ ընդլայնում է օրինագիծը՝ ներառելով նաեւ 20-րդ դարի միւս ցեղասպանութիւնները: Օրէնքը նախատեսում է. «Հասնել եւ նպաստել մարդու համապարփակ իրաւունքների ուսուցմանը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ցեղասպանութեան անմարդկայնութեան ուսումնասիրութեանը, ներառելով, բայց չսահմանափակւելով Հոլոկոստով, Հայոց Ցեղասպանութեամբ, Ուկրայինայի սով- ցեղասպանութեամբ, որը յայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի յոյների ցեղասպանութեամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառութեան նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացւած բռնութիւններով եւ Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնութիւններով»:

Օրէնքը սահմանում է, որ ցեղասպանութեան պատմութեան ուսուցումը նահանգում պէտք է կատարւի պատմութեան եւ հասարակագիտութեան ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպէս առանձին դպրոցական առարկայ՝ միեւնոյն ժամանակ պարզաբանելով դասաւանդման, յատուկ դպրոցական ձեռնարկների եւ գրքերի պատրաստման ֆինանսաւորումը:

ԱՄՆ 19 նահանգ արդէն գործադրել է նման օրէնքներ՝ կարեւորելով ցեղասպանութեան, մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների պատմութեան ուսուցումը՝ որպէս մարդու իրաւունքները յարգող, հանդուրժող եւ պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու նախապայման:

Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգային նախագահ Հերման Փուրութեանը օրէնքի ընդունման կապակցութեամբ յայտնել է, որ, ծնւած լինելով Ստամբուլում, գիտէ, թէ ինչ է նշանակում մեծանալ մի երկրում, որտեղ ոչ միայն ցեղասպանութեան մասին չի դասաւանդւում, այլեւ այն ժխտւում է:

Յաւելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի «Հաստատելով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ Նահանգների արձանագրութիւնները» վերնագիրը կրող (H.RES. 296) եւ Սենատի դեկտեմբերի 12-ի նոյնաբովանդակ «Արտայայտելով Սենատի այն միտքը, որ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնական ճանաչման եւ յիշատակման միջոցով» (S.Res.150) բանաձեւերն եւս շեշտադրում են Հայոց Ցեղասպանութեան կրթութեան անհրաժեշտութիւնը:

Երկու բանաձեւն էլ այս կապակցութեամբ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է յայտարարում Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը, Հայոց Ցեղասպանութեան փաստերի՝ ներառեալ Միացեալ Նահանգների մարդասիրական օգնութեան, մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան միջեւ առնչութիւնների վերաբերեալ կրթութիւնը եւ հանրային իրազեկումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։