Հա

Քաղաքական

15/01/2022 - 12:40

Ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր Մասաչուսեթսի միջին եւ աւագ դպրոցներում

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին եւ աւագ դպրոցներում ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր: 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին եւ աւագ դպրոցներում ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր: Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

2021 թ. փետրւարի 2-ին մի խումբ օրէնսդիրներ Մասաչուսեթսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանութեան կրթութեան վերաբերեալ No.692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրւեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրէնքի ուժ: Այն կիրառութեան մէջ կը մտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. յուլիսի 1-ից սկսած:

Օրինագիծը 12 տարւայ հետեւողական գործունէութեան արդիւնք է: Այն նախագծել էր սենատոր Մայքլ Ռոդրիգէզը, որը սկզբնական փուլում ներառել էր միայն Հրէից ցեղասպանութեան պատմութիւնը: Սակայն, տեսնելով Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների վերաբերեալ ամերիկեան հասարակութեան անտեղեակութիւնը՝ ընդլայնում է օրինագիծը՝ ներառելով նաեւ 20-րդ դարի միւս ցեղասպանութիւնները: Օրէնքը նախատեսում է. «Հասնել եւ նպաստել մարդու համապարփակ իրաւունքների ուսուցմանը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ցեղասպանութեան անմարդկայնութեան ուսումնասիրութեանը, ներառելով, բայց չսահմանափակւելով Հոլոկոստով, Հայոց Ցեղասպանութեամբ, Ուկրայինայի սով- ցեղասպանութեամբ, որը յայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի յոյների ցեղասպանութեամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառութեան նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացւած բռնութիւններով եւ Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնութիւններով»:

Օրէնքը սահմանում է, որ ցեղասպանութեան պատմութեան ուսուցումը նահանգում պէտք է կատարւի պատմութեան եւ հասարակագիտութեան ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպէս առանձին դպրոցական առարկայ՝ միեւնոյն ժամանակ պարզաբանելով դասաւանդման, յատուկ դպրոցական ձեռնարկների եւ գրքերի պատրաստման ֆինանսաւորումը:

ԱՄՆ 19 նահանգ արդէն գործադրել է նման օրէնքներ՝ կարեւորելով ցեղասպանութեան, մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների պատմութեան ուսուցումը՝ որպէս մարդու իրաւունքները յարգող, հանդուրժող եւ պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու նախապայման:

Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգային նախագահ Հերման Փուրութեանը օրէնքի ընդունման կապակցութեամբ յայտնել է, որ, ծնւած լինելով Ստամբուլում, գիտէ, թէ ինչ է նշանակում մեծանալ մի երկրում, որտեղ ոչ միայն ցեղասպանութեան մասին չի դասաւանդւում, այլեւ այն ժխտւում է:

Յաւելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի «Հաստատելով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ Նահանգների արձանագրութիւնները» վերնագիրը կրող (H.RES. 296) եւ Սենատի դեկտեմբերի 12-ի նոյնաբովանդակ «Արտայայտելով Սենատի այն միտքը, որ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնական ճանաչման եւ յիշատակման միջոցով» (S.Res.150) բանաձեւերն եւս շեշտադրում են Հայոց Ցեղասպանութեան կրթութեան անհրաժեշտութիւնը:

Երկու բանաձեւն էլ այս կապակցութեամբ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է յայտարարում Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը, Հայոց Ցեղասպանութեան փաստերի՝ ներառեալ Միացեալ Նահանգների մարդասիրական օգնութեան, մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան միջեւ առնչութիւնների վերաբերեալ կրթութիւնը եւ հանրային իրազեկումը:

 

Յարակից լուրեր

  • El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լաւատես է Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում
    El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լաւատես է Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում

    Իսպանիայում առաջին անգամ լոյս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց Ցեղասպանութեան մասին: «Հայոց Ցեղասպանութիւն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլօ համալսարանի արդի համաշխարհային պատմութեան դասախօս, իրաւաբան Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքական կառավարութեան կողմից իրականացւած մեծ եղեռնագործութիւնը եւ պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

  • «ԵԽ զեկոյցը 2 նշանակութիւն ունի»․ թուրքագէտը բացատրել է՝ որոնք են դրանք
    «ԵԽ զեկոյցը 2 նշանակութիւն ունի»․ թուրքագէտը բացատրել է՝ որոնք են դրանք

    Հայոց Ցեղասպանութեան հարցը Եւրոխորհրդարանի կողմից առաջին անգամ չի բարձրացւում, Թուրքիային ճնշելու համար այդ խնդիրը յաճախ արծարծւող թեմաներից է։ Sputnik Արմենիայի եթերում այսպէս մեկնաբանեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը ԵԽ զեկոյցը, որտեղ Թուրքիայից պահանջւում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

  • «Մարդկային պատմութիւնները կը քանդեն ատելութեան պատերը». ի՞նչ փոխւեց հայկական արմատները բացայայտած Ֆեթհիյէ Չեթինի կեանքում
    «Մարդկային պատմութիւնները կը քանդեն ատելութեան պատերը». ի՞նչ փոխւեց հայկական արմատները բացայայտած Ֆեթհիյէ Չեթինի կեանքում

    Թուրքիայում գործող իրաւաբան, գրող, մարդու իրաւունքների պաշտպան Ֆեթհիյէ Չեթինը, որը նաեւ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հաւատացած է, որ օրերից մի օր Թուրքիայի հասարակութիւնը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, կընդունի ճշմարտութիւնը: Նա համոզւած է, որ պէտք է շարունակել պարբերաբար դրա մասին խօսել, մարդկային պատմութիւնները վերհանել, ինչպէս արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացայայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: Մայրական տատիկը, որը փրկւել էր 1915 թւականի Եղեռնից, հետագայում ամուսնանում է թուրքի հետ: Նա երբեք չի մոռանում իր արմատները եւ կեանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքը բացում է թոռանը՝ Ֆեթհիյէ Չեթինին:

  • Հայոց Ցեղասպանութիւնը
    Հայոց Ցեղասպանութիւնը

    Անլուր տառապանք է կրել հայ ժողովուրդը, թուրքական բիրտ լծի ներքոյ իր հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

    Աւելի քան 600 տարի, նա շատ մօտկից զգացել է օսմանեան աւազակային պետութեան սարսափներն ու բռնութիւնները, բայց այն ինչ բաժին ընկաւ մեր ժողովրդին, Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին իր նախադէպը չի ունեցել թէ՛ մեր ժողովրդի պատմութեան, եւ թէ՛ մարդկային պատմութեան մէջ, որի 107-րդ տարելիցը լրացել է 2022 թ.-ին:

  • ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «TRT Haber»-ին․ «Բայդէնի կողմից Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործումը հիմնւած է պատմական արձանագրումների վրայ»
    ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «TRT Haber»-ին․ «Բայդէնի կողմից Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործումը հիմնւած է պատմական արձանագրումների վրայ»

    Թուրքիայի պետական լրատւական հեռուստաընկերութիւնը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից ապրիլքսանչորսեան ելոյթում Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործման հետ կապւած հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։