Գերմանիայի նախագահ վերընտրւած Շտայնմայէրը ելոյթ է ունեցել Դաշնային ժողովի առաջ եւ անդրադարձել Ուկրայինայի շուրջ ստեղծւած իրավիճակին:
«alikonline.ir»- Գերմանիայի նախագահ վերընտրւած Շտայնմայէրը ելոյթ է ունեցել Դաշնային ժողովի առաջ եւ անդրադարձել Ուկրայինայի շուրջ ստեղծւած իրավիճակին. տեղեկացնում է Armeniansputnik.am-ը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտէր Շտայնմայէրը, որը վերընտրւել է երկրորդ ժամկէտի համար, յայտարարել է, որ Եւրոպայում «պատերազմի վտանգ» կայ, եւ յորդորել միասին ուղիներ փնտրել աշխարհամասում խաղաղութիւն հաստատելու համար։ Այս մասին նա ասել է նախագահի պաշտօնում վերընտրւելուց անմիջապէս յետոյ Դաշնային ժողովի առաջ ելոյթ ունենալիս։
«Պատերազմի բացակայութիւնը մեր աշխարհամասում սովորական բան է դարձել։ Բարեկամների պաշտպանութիւն, խաղաղութիւն հարեւանների հետ, 30 տարի վերամիաւորումից անց. ինչն յաջողութիւն է մեր երկրի համար։ Սակայն այս օրերին մենք հասկացանք, որ խաղաղութիւնն ինքնին ենթադրեալ բան չէ, դրա համար պէտք է աշխատել, երկխօսութեան մէջ լինել, անհրաժեշտութեան դէպքում` պարզ, զսպող, վճռական տեսքով, այդ ամէնը հարկաւոր է այսօր։ Պարզութեան առումով պէտք է նշել, որ կարելի է երկար բանավիճել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող անմիաբանութիւն պատճառների մասին։ Սակայն անվիճելի է, որ մենք Արեւելեան Եւրոպայում պատերազմի, ռազմական հակամարտութեան սպառնալիքի իրավիճակում ենք գտնւում»,- յայտարարել է Շտայնմայէրը։
Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ-ի սկզբունքներին` կոչ անելով «թարմացնել այդ անգին ժառանգութիւնը»։ Բացի այդ, նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մեզ հետ միասին ուղիներ փնտրէք, որոնք Եւրոպայում խաղաղութիւն կը երաշխաւորեն»,- ասել է Շտայնմայէրը։
Արեւմուտքը մեղադրում է ՌԴ-ին Ուկրայինայի շուրջ իրավիճակը սրելու համար։ Մոսկւայում դա կտրականապէս հերքում են եւ մշտապէս յայտարարում, որ որեւէ մէկին որեւէ բանով չեն սպառնում, իսկ բոլոր նման յայտարարութիւնները առիթ են աւելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա ՌԴ սահմանների մօտ տեղակայելու համար։
Ինչպէս աւելի վաղ յայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, Ռուսաստանը որեւէ առիթ չի ստեղծում Ուկրայինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու համար։ Նրա խօսքով` Ռուսաստանը չի բացառում, որ Ուկրայինայի վերաբերեալ Արեւմուտքի հիստերիան միտւած է Դոնբասի վերաբերեալ Մինսկի համաձայնագրերի սաբոտաժի ենթարկելու Կիեւի դիրքորոշումը քողարկելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խօսքով` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի տեղեկատւական հիստերիան Ուկրայինայի վերաբերեալ շռայլօրէն պատւած է ստով եւ ֆէյքերով։