Բայդէնը յայտարարել է, որ Պուտինը որոշում է կայացրել Ուկրայինա Ռուսաստանի ներխուժման մասին
«alikonline.ir»- ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրայինա. գրում է Panorama.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով։
Ուրբաթ օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրոյցում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնն ասել է, որ, ամերիկեան կողմի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարը հաւանութիւն է տւել վերոնշեալ որոշմանը։ Ուղիղ հարցին, թէ արդեօք ինքը համոզւած է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրայինա», Բայդէնը պատասխանել է՝«այո»։
Այս կապակցութեամբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին հարցրել են, թէ արդեօք դա նշանակում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է դիւանագիտական համագործակցութիւնը Մոսկւայի հետ Ուկրայինայի շուրջ ստեղծւած իրավիճակի շուրջ։ «Ոչ»,- պատասխանել է Բայդէնը։
«Քանի դեռ նա (Պուտինը) դա չանի (այսինքն՝ Ռուսաստանը չգնայ Ուկրայինայի դէմ ռազմականուժի կիրառմանը), դիւանագիտութիւնը միշտ կը մնայ որպէս տարբերակ»,- ասել է Բայդէնը։
Նրան խնդրել են բացատրել, թէ ինչ հիմքեր կան ենթադրելու, որ Պուտինն ընդհանրապէս դիտարկում է այս տարբերակը, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Մենք ունենք զգալի հետախուզական հնարաւորութիւններ»: