Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպէս ուրբաթ յայտնել են Ելիսէյեան պալատում, Զելենսկին նրանց հետ քննարկել է Ուկրայինայում տիրող իրավիճակը, ինչպէս նաեւ բարձրացրել է Ուկրայինայում ատոմային օբիեկտների պաշտպանութեան հարցը:
«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպէս ուրբաթ յայտնել են Ելիսէյեան պալատում, Զելենսկին նրանց հետ քննարկել է Ուկրայինայում տիրող իրավիճակը, ինչպէս նաեւ բարձրացրել է Ուկրայինայում ատոմային օբիեկտների պաշտպանութեան հարցը, ըստ News.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնաւորապէս, Մակրոնն անդրադարձել է ուրբաթ գիշեր Զապորոժիէի ատոմակայանում տեղի ունեցած ռազմական գործողութիւնների թեմային, ինչպէս նաեւ իր զրուցակիցներին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի հետ հեռախօսազրոյցի արդիւնքների մասին, որը կայացել էր հինգշաբթի։ Ելիսէյեան պալատի յայտարարութեան համաձայն՝ բոլոր զրուցակիցները «ողջունել են նախագահի առաջարկը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկութիւնների կատարման ուղղութեամբ՝ Ուկրայինայի հիմնական միջուկային օբիեկտների անվտանգութեան ապահովման համար»։
Շոլցի հետ առանձին Մակրոնը քննարկել է նաեւ մարտի 10-ին եւ 11-ին նախատեսւած ԵՄ երկրների գագաթնաժողովը, որը տեղի կունենայ Վերսալում։ Ելիսէյեան պալատում նշել են, որ այդ հանդիպմանը Մակրոնը նախատեսում է քննարկել ուկրայինական վերջին իրադարձութիւնների հետեւանքներին եւրոպական երկրների ադապտացման հետ կապւած հարցեր։ Զելենսկու հետ, միջուկային օբիեկտների անվտանգութիւնից բացի, Մակրոնը քննարկել է հումանիտար հարցեր եւ խոստացել, որ Փարիզն կամրապնդի աջակցութիւնն Ուկրայինային այդ ուղղութեամբ։