Ռուսաստանի ռազմական գործողութեան նպատակն ընդհանուր առմամբ կայանում է նրանում, որ հարեւան երկրից՝ Ուկրայինայից, էքզիստենցիալ վտանգ չտարածւի:
«alikonline.ir» - Ռուսաստանի ռազմական գործողութեան նպատակն ընդհանուր առմամբ կայանում է նրանում, որ հարեւան երկրից՝ Ուկրայինայից, էքզիստենցիալ վտանգ չտարածւի: Այդ մասին News.am-ի հետ զրոյցում յայտարարել է քաղաքագէտ Անդրէյ Արեշեւը:
Նրա խօսքով՝ այդ սպառնալիքը կարող է ամենատարբեր կերպով արտայայտւել՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ միջուկային (հաշւի առնելով Զելենսկու յայտարարութիւնները), ե՛ւ տեղեկատւական, ե՛ւ գաղափարամշակութային, ե՛ւ տնտեսական:
«Հաշւի առնելով Ուկրայինայում բարգաւաճող արմատական նացիոնալիզմը՝ խօսքը կարող է վերաբերել Ուկրայինայի իրաւաքաղաքական կարգավիճակի, դրա վարչատարածքային կառուցւածքի հիմնովին փոփոխութեանը՝ ի շահ փխրուն կոնֆեդերացիայի կենտրոնական կառավարութեան բաւականին սահմանափակ լիազօրութիւնների դէպքում, որն այդ պարագայում ունակ չի լինի ռազմական վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար:
Վերջին ութ տարիների ընթացքում բազմաթիւ դիւերսիաներն արդէն յանգեցրել են բաւականին լուրջ հետեւանքների»,- նշել է քաղաքագէտը:
Արեշեւը պարզաբանել է, որ փոփոխութիւնները, որոնք ցանկանում է գրանցել Ռուսաստանը, կապւած են Ուկրայինայի իրաւաքաղաքական ուրւագծի էւոլիւցիայի հետ: