Հա

Քաղաքական

12/05/2022 - 10:15

«Ռուսաստանը Եւրոպայում պատերազմ չի ցանկանում». Լաւրով

Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում Եւրոպայում, բայց հէնց արեւմտեան երկրներն են մշտապէս յայտարարում, թէ Մոսկւային «պէտք է պարտութեան մատնել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում Եւրոպայում, բայց հէնց արեւմտեան երկրներն են մշտապէս յայտարարում, թէ Մոսկւային «պէտք է պարտութեան մատնել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը, ըստ News.am-ի՝ տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթէ դուք մտահոգւած էք Եւրոպայում պատերազմի հեռանկարով, մենք դա բնաւ չենք ցանկանում, բայց ձեր ուշադրութիւնն եմ հրաւիրում այ բանին, որ հէնց Արեւմուտքն է մշտապէս, յամառօրէն յայտարարում, որ այս իրավիճակում պէտք է Ռուսաստանին պարտութեան մատնել։ Հետեւութիւններն ինքներդ արէք»,- ասել է նա Օմանի գործընկերոջ հետ բանակցութիւններն ամփոփելիս։

Նրա խօսքով՝ Մոսկւան յոյս ունի, որ ռազմական գործողութեան աւարտը՝ դրա շրջանակում առաջադրւած նպատակների իրականացմամբ, կը նպաստի միջազգային իրաւունքը խափանելու, ՄԱԿ Կանոնադրութեան սկզբունքները, ներառեալ պետութիւնների ինքնիշխան հաւասարութեան սկզբունքը անտեսելու եւ կոպտօրէն խախտելու Արեւմուտքի փորձերի դադարեցմանը, եւ կը ստիպի Արեւմուտքին դադարեցնել Միացեալ Նահանգների ու նրա դաշնակիցների գերիշխանութեամբ, այսպէս կոչւած, միաբեւեռ աշխարհի գաղափարի առաջմղումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Եթէ աւելի լայն խօսելու լինենք, քան հումանիտար այն դերն է, որը կարող էր խաղալ ՄԱԿ-ը, ապա, ցաւօք սրտի, այդ կազմակերպութեան քարտուղարութիւնը, ներառեալ նրա գլխաւոր քարտուղարը [Անտոնիօ Գոււտերէշը], բաց է թողել քաղաքական կարգաւորման հասնելու հնարաւորութիւնը, երբ նրանք եօթ երկար տարիներ ոչ մի կերպ չարձագանգեցին Կիեւի ռեժիմի կողմից Անվտանգութեան խորհրդի 2 202 բանաձեւի բացայայտ, անթաքոյց սաբոտաժին, այդ բանաձեւը հաստատում էր Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման մինսկեան պայմանաւորւածութիւնները»,- աւելացրել է նա։

Ինչպէս նշել է Լաւրովը, Ռուսաստանը շահագրգռւած է, որպէսզի բոլոր խաղաղ բնակիչները հեռանան Ուկրայինայում յատուկ գործողութեան իրականացման գօտուց։ «Մենք շարունակում ենք բացել հումանիտար միջանցքներ, դրանցով անցնում են մարդիկ, մենք շահագրգռւած ենք, որպէսզի բոլոր քաղաքացիական անձինք հեռանան [ՌԴ յատուկ գործողութեան իրականացման] այդ գօտիներից»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։