Հա

Քաղաքական

14/05/2022 - 11:50

«Երեւանն ու Բաքուն խաղեր են տալիս, Մոսկւան նկատում է ամէն ինչ ու հարցին այլ թափով «կը վերադառնայ» Ուկրայինայի պատերազմից յետոյ». Տարասով

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը, գնահատելով բանակցութիւնների արդիւնքները, պատասխանելով հարցին, թէ բանակցային գործընթացի շրջանակում ինչով է զբաղւելու Բրիւսէլը, իսկ ինչով՝ Մոսկւան, նշեց, որ կողմերն ընդհանուր յայտարարութիւններ են արել, փոխանակւել մտքերով: Սակայն, ըստ նրա, չկայ հստակութիւն ու կոնկրետութիւն:

«alikonline.ir» - Երկար դադարից յետոյ նախօրէին ՌԴ հովանու ներքոյ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւններ տեղի ունեցան: Ինչպէս բոլոր միջազգային հանդիպումների ու յատկապէս բարդ բանակցային գործընթացների դէպքում, կարեւոր են դրանց արդիւնքում տարածւող յայտարարութիւնների դիւանագիտական շեշտադրումները: Այսպիսով՝ ՀՀ ԱԳՆ հաղորդագրութեան համաձայն, քննարկւել է՝

- 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. յունւարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ յայտարարութիւններով ստանձնած յանձնառութիւնների կատարման ընթացքը:

- տարածաշրջանային կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի ստեղծման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման պայմանագրի վերաբերեալ։

- Միրզոյեանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը արցախահայութեան անվտանգութեան, իրաւունքների եւ ազատութիւնների երաշխաւորման, ինչպէս նաեւ ԼՂ կարգավիճակի վերաբերեալ։

- հումանիտար խնդիրների շուտափոյթ լուծման կարեւորութիւնը, այդ թւում՝ հայ ռազմագերիների անյապաղ հայրենադարձման անհրաժեշտութիւնը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրութիւնում նշւում է, որ

- արձանագրւել է առաջընթաց եռակողմ համաձայնագրերի իրականացման հարցում, այդ թւում՝ ջանքերը տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղութեամբ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները, ինչպէս նաեւ կողմերի խնդրանքով ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման, սահմանագծման գործընթացի ուղղութեամբ Ռուսաստանի խորհրդատվական աջակցութեամբ։

- Քննարկւել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագրի նախապատրաստման թեմաները, որին ռուսական կողմը նոյնպէս պատրաստ է ամէն կերպ նպաստել։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրութիւնը բովանդակային առումով կրկնում էր հայկական կողմի տարածած յայտարարութիւնը, բացառութեամբ անդրադարձի հումանիտար խնդիրներին: Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգաւորման համաձայնագրին, այսինքն՝ այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագրին, որը, ըստ էութեան, Միշէլի օրակարգն է, անդրադարձել է միայն ՌԴ ԱԳՆ-ն: Եռակողմ բանակցութիւնների արդիւնքում տարածւած հաղորդագրութիւններում կրկին որեւէ խօսք չկայ ԵԱՀԿ ՄԽ համանախագահութեան մասին, թէեւ Դուշանբէում Միրզոյեանը մասնակցել էր ԱՊՀ մասնակից պետութիւնների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին, որտեղ, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համապարփակ կարգաւորման վերաբերեալ եւ այս առումով կարեւորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան մանդատի ներքոյ։

Իր հերթին՝ այդ նիստին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ՝ ներառեալ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը եւ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս առումով քայլեր են ձեռնարկւել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղութեամբ՝ ներառեալ երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման ազգային յանձնաժողովների նախագահներն են յստակեցւել եւ ձեւաչափը:

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը, գնահատելով բանակցութիւնների արդիւնքները, պատասխանելով հարցին, թէ բանակցային գործընթացի շրջանակում ինչով է զբաղւելու Բրիւսէլը, իսկ ինչով՝ Մոսկւան, նշեց, որ կողմերն ընդհանուր յայտարարութիւններ են արել, փոխանակւել մտքերով: Սակայն, ըստ նրա, չկայ հստակութիւն ու կոնկրետութիւն:

«Նախկինի նման օդից կախւած է մնում գլխաւոր հարցը, թէ ով է համակարգելու, վարելու բանակցային գործընթացը: Դուշանբէի յայտարարութիւնները վերլուծելով՝ կարող ենք ասել, որ Մոսկւան է զբաղւելու, սակայն խնդիրն այն է, որ Բաքուն յայտարարում է, որ գործընթացը կարգաւորում է նաեւ Բրիւսէլը, ու այդ դիրքորոշումը նրանց կողմից հերքւած չէ: Դեռ կան ընդհանուր յայտարարութիւններ առանց յստակութեան, իրավիճակը դեռ օդից կախւած է: Ակնյայտ է, որ Մոսկւան եւ Բրիւսէլը չեն կարող գործընթացով զբաղւել զուգահեռաբար, չեն կարող այն կիսել, նրանք յատկապէս ներկայումս անհամատեղելի են՝ որպէս միջնորդներ, որոնք կարող են միասին աշխատել որեւէ կարգաւորման շրջանակում»,- նման տեսակէտ յայտնեց Ստանիսլաւ Տարասովը:

Նա նաեւ ընդգծեց, որ Մոսկւայի տեսանկիւնից ներկայումս այնպէս է ստացւել, որ ղարաբաղեան հարցը Մոսկւայի համար երկրորդական ճակատի է վերածւել: «Մենք ներկայումս այլ խորութեամբ զբաղւում ենք Ուկրայինայով, Ուկրայինայից յետոյ աւելի լրջութեամբ ենք զբաղւելու Կովկասով: Ներկայումս Մոսկւայի համար ամենակարեւորը հարաւկովկասեան տարածաշրջանը լարումից հեռու պահելն է»,- ասաց Տարասովը: Իսկ իրականում, ռուս վերլուծաբանի խօսքով, Բրիւսէլի մասնակցութիւնը գործընթացին որոշում է ոչ թէ Մոսկւան, այլ Բաքուն ու Երեւանը՝ իրենց որոշումներով, նրանք խաղում են երկու հարթակներում:

«Իհարկէ, Մոսկւան այդ ամէնը նկատում է, սակայն այս տարածաշրջանում աւելի կակտիւանայ Ուկրայինայում պատերազմի աւարտից յետոյ: Բնականաբար, ռուսական քաղաքականութիւնն Ուկրայինայից յետոյ Հարաւային Կովկասում այլ վճռականութիւն է ունենալու»,- ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ այս ամէնը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Մոսկւայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարացել է, Մոսկւան աւելի թոյլ է դիտարկւում:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։