Հա

Քաղաքական

22/05/2022 - 12:00

Ո՞ւմ օրակարգով եւ ինչի՞ է պատրաստւում Փաշինեանը․ Փաշինեան-Միշէլ-Ալիեւ երրորդ դէմ առ դէմ հանդիպումը Բրիւսէլում

168․am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը նախ նշեց, որ Խաղաղութեան համաձայնագիրը մէկ-երկու ամսում չի կազմւում, այն երկարատեւ գործընթաց է յատկապէս մի փուլում, երբ կայ աշխարհաքաղաքական «մեծ պատերազմ»։

«alikonline.ir» - Այսօր՝ մայիսի 22-ին, Բրիւսէլում նախատեսւում է Փաշինեան-Միշէլ-Ալիեւ թւով երրորդ դէմ առ դէմ հանդիպումը։ Օրերս յայտնի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրիւսէլ, նոյն օրն առանձնազրոյց է ունենալու Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ եւ եռակողմ հանդիպում Ղարաբաղեան, այսպէս կոչւած, բրիւսէլեան հարթակում։

 

Ըստ Արմէն Գրիգորեանի՝ փաստաթուղթ չի ստորագրւի

Մտահոգութիւնները, թէ Բրիւսէլում Փաշինեանը կարող է, այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագիր ստորագրել, փորձել է փարատել ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը՝ նշելով, որ եռակողմ հանդիպմանը որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսւում։

Նա վստահեցրել է, որ որեւէ փաստաթղթի ստորագրում Բրիւսէլում նախատեսւած չէ, եւ ենթադրւում է, որ կը լինի քննարկումների արդիւնքների մասին հաղորդագրութիւն: ԱԽ քարտուղարը նաեւ տարօրինակ է որակել հնչող քննադատութիւնը, թէ հանդիպման օրակարգը գաղտնի է պահւում՝ նշելով, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգը հանրայայտ է:

«Դրանք են՝ յարաբերութիւնների կարգաւորման կամ խաղաղութեան բանակցութիւնների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կէտերը, որոնք նոյնպէս հրապարակւած են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման թեման, գերիների վերադարձի եւ անյայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապւած հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպէս նաեւ սահմանային անվտանգութեան հարցերով երկկողմ յանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապւած հարցեր: Սա նոյն օրակարգն է, ինչ քննարկւել է նախորդ հանդիպումների ընթացքում»,- ասել է Արմէն Գրիգորեանը:

 

Փաշինեան-Ալիեւ վերջին հանդիպումը՝ կրկին Բրիւսէլում

Փաշինեան-Միշէլ-Ալիեւ եռակողմ վերջին հանդիպումը կայացել էր ապրիլի 6-ին Բրիւսէլում, որտեղ աւելի քան չորս ժամ տեւած բանակցութիւնների արդիւնքում պայմանաւորւել էին մինչեւ ամսւայ վերջ համատեղ յանձնաժողով ստեղծել, որը պէտք է զբաղւի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպէս նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու յարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, ինչպէս յայտարարեց Շառլ Միշէլի գրասենեակը, յանձնարարւել էր արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղութեան ապագայ պայմանագիրը, որն «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թէ որոնք են այդ հարցերը, եւրոպական կողմը չէր յստակեցրել։ Ապրիլի 6-ի հանդիպումից յետոյ եղաւ Միրզոյեան-Բայրամով 2 հեռախօսազրոյց, ինչպէս նաեւ հանդիպում՝ մոսկովեան հարթակում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի միջնորդութեամբ։

 

Երեւանն անմիջապէս ընդունեց Բաքւի առաջարկները, իսկ Բաքուն՝ ոչ

Մինչ այդ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել էր 5 առաջարկներ, որոնք, ըստ Ադրբեջանի, պէտք է կազմէին Խաղաղութեան պայմանագրի հիմքը, Հայաստանն այն միանգամից ընդունեց, յստակեցնելով, որ Ադրբեջանի առաջարկները պէտք է լրացւեն, ի պատասխան ներկայացնելով 6 առաջարկներ, որոնք ադրբեջանական կողմը ոչ միայն չի ընդունել, այլեւ ծաղրի է ենթարկել։

Ի դէպ, հայկական «առաջարկները» հայաստանեան հանրութեան համար բացայայտւեցին շատ աւելի ուշ, քան փոխանցւել էին ադրբեջանական կողմին։

Ընդհանուր առմամբ՝ փորձագիտական հանրութեան մի ստւար հատւած գտնում է, որ Հայաստանի ներկայացրած առաջարկներն իրենց բովանդակութեամբ համարժէք չեն Ադրբեջանի ներկայացրած փաթեթին, այնպէս էլ չեն արտայայտում հայկական շահը, քանի որ դրանում ներառւած չէ գոնէ Արցախի համար կարմիր գիծ համարւող ազգերի ինքնորոշման իրաւունքի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Ուշագրաւ է յատկապէս այն դրւագը, որ հայկական կողմն ընդունել է ադրբեջանական փաթեթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ, ինչը նշանակում է, որ հայկական կողմը Բրիւսէլ է մեկնում, ըստ էութեան, ադրբեջանական օրակարգով բանակցութիւնների, այլապէս ադրբեջանական կողմը կընդունէր, կամ հայկական կողմը չէր ընդունի բանակցութիւնները հէնց այս փուլում շարունակելու առաջարկը։ Հարց է առաջանում, թէ ինչի շուրջ են բանակցելու Փաշինեանն ու Ալիեւը Բրիւսէլում, եթէ հայկական կողմի նոյնիսկ կիսատ, հայկական կողմի շահը չարտացոլող փաթեթն Ադրբեջանը չի ընդունել։

Պարզաբանենք, որ ՀՀ իշխանութիւններն առանձնակի հպարտութեամբ նշում էին, որ իրենց ներկայացրած կէտերում նշւած է Արցախի վերջնական կարգավիճակի մասին, այնինչ կարգավիճակ անորոշ որակումը կարող է նշանակել նաեւ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ինչն արցախահայութիւնը որեւէ պարագայում չի դիտարկում ու համարում է, որ ամենաքիչը պէտք է խօսւի ինքնորոշման իրաւունքի մասին։ Սակայն Ադրբեջանը, որի հետ ՀՀ իշխանութիւնները պատրաստւում են Խաղաղութեան դարաշրջան բացել, ՀՀ իշխանութիւններին թոյլ չի տալիս նոյնիսկ իրենց դէմքը փրկելու անյոյս փորձեր անել, քննարկելով եւ մանիպուլեացնելով «կարգավիճակի» թեման։ Ադրբեջանը համարում է եւ շեշտում է, որ կարգավիճակի հարցը փակ է, հակամարտութիւնը՝ լուծւած։ Թէեւ այստեղ հարկ է նաեւ շեշտել, որ այդպէս չեն կարծում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։

 

Սահմանազատման գործընթացի յետաձգումը՝ աշխարհաքաղաքական խնդիր

Մի առանձին թեմա է Երեւանի ու Բաքւի միջեւ սահմանազատման-սահմանագծման բանակցութիւնները, որոնք դեռեւս անցեալ տարւայ Փաշինեան-Պուտին-Ալիեւ Սոչիում կայացած եռակողմ բանակցութիւնների արդիւնքներով՝ արդէն պէտք է սկսւած լինէին, սակայն յետաձգւեցին, եւ այդ պայմանաւորւածութիւնները «տեղափոխւեցին» բրիւսէլեան հարթակ՝ ապրիլի 6-ի պայմանաւորւածութիւնների արդիւնքում մինչեւ ամսւայ վերջ պէտք է պատրաստ լինէին յանձնաժողովները։

Սակայն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինեանի պաշտօնական այցը Մոսկւա նաեւ սահմանազատման թեմային անդրադարձաւ։ Հանդիպման արդիւնքում տարածւած 30 կէտերից 26-րդում ասւում է. «Կողմերը պայմանաւորւեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանաւորւածութիւնների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգութեան հարցերով երկկողմ յանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնութեան խորհրդատւական աջակցութեամբ»:

Յատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդէն տեւական ժամանակ նշում է, որ պատրաստ է սահմանազատման Ադրբեջանի յանձնաժողովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի յանձնաժողովները պէտք է հանդիպէին Մոսկւայում, սակայն օրերս՝ մայիսի 18-ին, Լիտւայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիեւն ասաց, որ հայկական կողմը հրաժարւել է մէկ համաձայնեցրած հանդիպումից այդ հարցով եւ մերժել է մէկ այլ հանդիպում մայիսի 7-11-ն անցկացնելու նախնական առաջարկը։

Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը յստակեցրեց՝ յանձնաժողովի կազմը պատրաստ է, ըստ նրա, պատշաճ պահի աշխատանքային խմբի ղեկավարութիւնն այդ մասին կը յայտարարի: «Ինչպէս գիտէք, Սոչիի եւ Բրիւսէլի յայտարարութիւններով Հայաստանը եւ Ադրբեջանը ձեւաւորում են երկկողմ աշխատանքային խումբ՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով, եւ մենք կարող ենք օգնութիւն խնդրել ե՛ւ Մոսկւայից, ե՛ւ Բրիւսէլից, դա, բնականաբար, լինելու է երկկողմ աշխատանքային խմբում»,- նշել էր Գրիգորեանը, ըստ էութեան ակնարկելով, որ Մոսկւան այս հարցում եւս գլխաւոր միջնորդի դերում չի լինելու, թէեւ ամիսներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր, թէ քարտէզները ՌԴ գենշտաբում են, այդպիսով հասկացնելով, թէ որտեղ են լինելու բանակցութիւնները։ Արմէն Գրիգորեանն ասաց, որ Ադրբեջանը չի ներկայացրել անկլաւների մասով իրաւական հիմնաւորումներ։ Սահմանազատման յանձնաժողովների հանդիպման յետաձգումը կարող է՝ ինչպէս տեխնիկական, այնպէս էլ՝ աշխարհաքաղաքական պատճառ։ Կայ երկու հիմնական կարծիք այս թեմայի վերաբերեալ՝ յետաձգում է Մոսկւան, կամ յետաձգում են կողմերը՝ Մոսկւայի միջնորդական դերակատարութիւնն այս հարցում եւս Բրիւսէլի հետ կիսելու նպատակով։

 

Բրիւսէլեան հանդիպումը կը լուծի երկու խնդիր

168․am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը նախ նշեց, որ Խաղաղութեան համաձայնագիրը մէկ-երկու ամսում չի կազմւում, այն երկարատեւ գործընթաց է յատկապէս մի փուլում, երբ կայ աշխարհաքաղաքական «մեծ պատերազմ»։

Քաղաքագէտը յիշեցրեց օրերս Բրիւսէլ կատարած Արարատ Միրզոյեանի այցը, որի շրջանակում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզէֆ Բորէլն ակնարկել էր, որ դեռ վաղ է խօսել համաձայնագրից։

Ըստ Տարասովի՝ սա պատահական յայտարարութիւն չէր, թէեւ դիւանագիտութիւնը եւ հրապարակային յայտարարութիւնները շատ տարբեր են միմեանցից, իրական դիւանագիտութիւնը շատ աւելի առջեւում է, քան յայտարարութիւնները։

«Բայց այս փուլում, կարծում եմ՝ առաւելապէս լուծւելու է գործընթացում Բրիւսէլի հաստատման հարցը»,- նկատեց քաղաքագէտը։

Վերջինս նաեւ այն կարծիքին է, որ արդէն ունենալով միմեանց պատկերացումներն առաջարկների տեսքով, կողմերը վերջնական հաստատելու են այդ կէտերի հետ կապւած տարընթերցումները։

Տարասովի կարծիքով՝ Բաքուն ու Երեւանը փորձում են նստել երկու աթոռի վրայ, դա վաղուց Մոսկւայում նկատել են։

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այդ ուղղութեամբ բաւարար դիւանագիտական աշխատանք արւում է այս պահի համար։

«Մոսկւան գործընթացում է ու դեռ կը լինի։ Գործընթացները յուշում են, որ միայն պատերազմից յետոյ Մոսկւան կը կարողանայ նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում յաղթելուց յետոյ նոր թափով կաշխատի Հարաւային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթէ Երեւանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրիւսէլը եւս պէտք է զբաղւի, թող զբաղւի, այդ դէպքում Մոսկւայից ի՞նչ են ակնկալում։ Ակնյայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրայինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախւած նաեւ Հարաւային Կովկասի ապագայ տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։