Print this page
23/05/2022 - 10:40

«Սահմանազատում, խաղաղութեան պայմանագիր, ապաշրջափակում». Միշէլը յայտնել է, թէ որ հարցերի շուրջ են Փաշինեանն ու Ալիեւը արդիւնքի հասել

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը յայտարարութիւն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման արդիւնքներով:

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը յայտարարութիւն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման արդիւնքներով: Գրում է Tert.am-ը:

Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիունը.

«Այսօր կրկին հիւրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինեանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձեւաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարաւային Կովկասում տիրող իրավիճակի եւ երկու երկրների, ինչպէս նաեւ աւելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ յարաբերութիւնների զարգացման վրայ։
Քննարկումն անկեղծ եւ արդիւնաւէտ էր։ Մենք վերանայել ենք հարցերի մի ամբողջ փաթեթ: Մենք մանրամասն քննարկել ենք մարդասիրական հարցերի, այդ թւում՝ ականազերծման, կալանաւորներին ազատելու եւ անյայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղւած ջանքերի վերաբերեալ:

Մենք հասել ենք հետեւեալ արդիւնքների՝

Սահմանային հարցեր

Առաջիկայ օրերին միջպետական սահմանին տեղի կունենայ Սահմանային յանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնայ բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանը եւ ինչպէս նաեւ կայուն իրավիճակի լաւագոյնս ապահովմանը:

Կապ

Ղեկավարները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Նրանք համաձայնութեան են եկել Արեւմտեան Ադրբեջանի եւ Նախիջեւանի եւ Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպէս նաեւ երկու երկրների հաղորդակցութեան ենթակառուցւածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Յատկանշական է, որ նրանք համաձայնութեան են եկել սահմանների կառավարման, անվտանգութեան, ցամաքային վճարների, ինչպէս նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կը տանեն առաջիկայ օրերին։

Խաղաղութեան համաձայնագիր

Ղեկավարները պայմանաւորւել են առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնները կարգաւորող ապագայ խաղաղութեան պայմանագրի շուրջ քննարկումները։ ԱԳ նախարարների գլխաւորած խմբերը առաջիկայ շաբաթների ընթացքում առաջ կը տանեն այս գործընթացը։ Ի յաւելումն այս ուղու, ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի, որ անհրաժեշտ է, որ ուշադրութիւն դարձնեն Ղարաբաղում էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներին եւ անվտանգութեանը:

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կը շարունակի Տնտեսական խորհրդատւական խմբի աշխատանքը, որը ձգտում է զարգացնել տնտեսական զարգացումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչութեան:

Ես նաեւ շեշտեցի բնակչութեանը երկարաժամկէտ կայուն խաղաղութեան նախապատրաստելու կարեւորութիւնը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցութիւնը:

Մենք պայմանաւորւեցինք սերտ կապի մէջ մնալ եւ նորից հանդիպել նոյն ձեւաչափով մինչեւ յուլիս/օգոստոս։ Շնորհակալութիւն»:

 

Յարակից լուրեր