Հա

Քաղաքական

24/05/2022 - 12:30

Բրիւսէլեան երրորդ ռաունդը՝ հայկական ֆիասկօ. ի՞նչ արձանագրեցին Փաշինեան-Միշէլ-Ալիեւ բանակցութիւնները

Էական առաջընթաց», «աննախադէպ բեկում». ադրբեջանական ու արեւմտեան աղբիւրներում առանձնակի ոգեւորութեամբ են քննարկւում Բրիւսէլում նախօրէին տեղի ունեցած Փաշինեան-Միշէլ-Ալիեւ շուրջ 5 ժամ տեւած բանակցային երրորդ ռաունդի արդիւնքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգեւորութեան առիթ չկայ, ակտիւութիւն է միայն արեւմտամէտ շրջանակներում, որոնց համար կարեւորը գործընթացից Մոսկւայի դուրսմղումն է ու Բրիւսէլի դիրքերի ամրապնդումը:

«alikonline.ir» - «Էական առաջընթաց», «աննախադէպ բեկում». ադրբեջանական ու արեւմտեան աղբիւրներում առանձնակի ոգեւորութեամբ են քննարկւում Բրիւսէլում նախօրէին տեղի ունեցած Փաշինեան-Միշէլ-Ալիեւ շուրջ 5 ժամ տեւած բանակցային երրորդ ռաունդի արդիւնքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգեւորութեան առիթ չկայ, ակտիւութիւն է միայն արեւմտամէտ շրջանակներում, որոնց համար կարեւորը գործընթացից Մոսկւայի դուրսմղումն է ու Բրիւսէլի դիրքերի ամրապնդումը: Նախօրէի հանդիպումն այս խնդիրը կարծես վերջնականապէս լուծեց կամ գոնէ ստեղծեց նման տպաւորութիւն այս փուլում: Դա են խոստովանում նաեւ ռուսաստանեան փորձագիտական շրջանակները: Սակայն, թէ ինչ ստացան Հայաստանն ու Արցախն այս բանակցութիւններից, հայաստանեան հանրութեան համար անհասկանալի է մնում:

Ինչպէս յայտնի է, բանակցութիւնների արդիւնքներով Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը հրապարակեց բանակցութիւնների արդիւնքների մասին 4 կէտանոց հաղորդագրութիւն, հանդիպումն ընդհանուր առմամբ որակելով անկեղծ ու արդիւնաւէտ: ԵՄ-ն վերջին բանակցութիւններով հաստատեց իր դերը սահմանազատման, ապաշրջափակման գործընթացներում, որոնք ամիսներ առաջ լիովին մոսկովեան հովանու ներքոյ առաջմղւող գործընթացներ էին, ինչպէս նաեւ ԵՄ-ն շարունակեց կողմերին Խաղաղութեան պայմանագիր ստորագրելուն նախապատրաստելու գործընթացը, միեւնոյն ժամանակ նախանշելով, որ այս միջնորդական ուղին կողմերին խոստանում է տնտեսական զարգացում ԵՄ ներդրումների եւ աջակցութեան փաթեթների շնորհիւ:

Ըստ ամենայնի, պատահական չէ, որ Փաշինեան-Միշէլ վերջին հանդիպումների պաշտօնական հաղորդագրութիւններում կրկին նշւում է 2.6 միլիարդ եւրոյի տնտեսական եւ ներդրումային փաթեթի իրականացման մասին: Այստեղ հարկ է յիշեցնել Նիկոլ Փաշինեանի ԱԺ յայտնի ելոյթն այն մասին, որ միջազգային հանրութիւնը Հայաստանի եւ Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթէ Երեւանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը: Իրականում, թէ դէպի ուր են իջեցրել Արցախի կարգավիճակի նշաձողը ՀՀ իշխանութիւնները, հանրութիւնը միայն պէտք է ենթադրութիւններով առաջնորդւի, քանի որ կարգավիճակի հարցում յստակ տեսլական ՀՀ իշխանութիւնները չեն ներկայացնում, իսկ հրապարակային տեքստերի տողատակերում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրութիւնն է:

Ո՛չ Փաշինեան-Միշէլ, ո՛չ Փաշինեան-Ալիեւ-Միշէլ հանդիպման պաշտօնական հաղորդագրութիւններում որեւէ խօսք չկայ Արցախի կարգավիճակի մասին: Դրան վերաբերող թոյլ ձեւակերպում իր յայտարարութիւնում արել էր Շառլ Միշէլը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը»:

Այսինքն՝ հայկական կողմը հրաժարւել է խոսել նաեւ չյստակեցւած կարգավիճակի մասին, որի մասին յիշատակում եւս չկար հայկական կողմի հաղորդագրութիւններում: Ընդհանուր առմամբ Միշէլի ձեւակերպումը դիւանագիտական բառապաշարի յաւելեալ «թարգմանութեան» կարիք չունի, քանի որ օգտագործւած է միմիայն «Ղարաբաղ» անւանումը, որը լիովին տեղաւորւում է գործընթացի ադրբեջանական մօտեցման շրջանակում: Յատկանշական է, որ չկար յայտարարութիւնում որեւէ յղում յետպատերազմեյան ռուսական միջնորդութեամբ ձեռք բերւած երեք եռակողմ փաստաթղթերին, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին:

Հայաստանում փորձագիտական հանրութիւնը՝ բրիւսէլեան բանակցութիւնների արդիւնքները տապալւած, իսկ ադրբեջանական կողմը՝ բեկումնային է որակում, համարելով, որ Միշէլի յայտարարութիւնը լիովին կառուցւած էր ադրբեջանական թէզերի ու ադրբեջանահաճոյ ձեւակերպումների վրայ: Առանձնայատուկ ոգեւորութեամբ է նշւում յատկապէս «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը» ձեւակերպումը: Աւելին, ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնք 44-օրեայ պատերազմից յետոյ ամէն կերպ մերժում էին արեւմտեան որեւէ միջնորդութիւն կարգաւորման գործընթացին, այսօր բրիւսէլեան հարթակն անւանում են անայլընտրանք դիւանագիտական հարթակ Երեւանի ու Բաքւի միջեւ կարգաւորման գործընթացի համար:

Զուգահեռաբար տեղեկացնենք, որ այսօր (մայիսի 23-ին, Խմբ.) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ, ու ՀՀ ԱԳՆ հաղորդագրութեան համաձայն, hեռախօսազրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. յունւարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ յայտարարութիւնների դրոյթների իրականացման ընթացքին: Հետաքրքրականն այստեղ այն է, որ Երեւանը Մոսկւայի հետ քննարկում է վերոնշեալ երեք փաստաթղթերը, իսկ Բրիւսէլի հետ՝ ապրիլի 6-ի եւ մայիսի 22-ի փաստաթղթերը, այսինքն՝ Երեւանն ունի փաստաթղթային երկու օրակարգ, ինչը նոնսենս է:

Հարցին, թէ ի՞նչ խնդիր լուծեց բրիւսէլեան երրորդ ռաունդը, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆեոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրոյցում պատասխանեց, որ ակնյայտօրէն գլխաւոր խնդիրն այն է, որ գործընթացն իր բոլոր բաղադրիչներով զարգանայ ԵՄ հովանու ներքոյ, որի դիմաց Բրիւսէլը կոնկրետ խոստումներ է տալիս:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ակնյայտօրէն պասիւացել է՝ ելնելով օբիեկտիւ հանգամանքներից: «Սակայն, կարծում եմ, սա գործընթացի վերջը չէ, եւ Մոսկւան եթէ կորցրել է իր միջնորդական դիրքը, ամէն պահի կարող է վերականգնել: Ակնյայտօրէն Մոսկւան ունի հաշւարկներ, որոնցով առաջնորդւում է: Գլխաւոր կէտն էլ այն է, որ միեւնոյն է՝ հակամարտութիւնը երկարաձգւող է, եւ ամէն դէպքում շուտ լուծումներ չեն լինելու առաջիկայում»,- նկատեց նա:

Կարգավիճակի հարցը, նրա խօսքով, այդքան էլ հեշտ լուծելի չէ, որքան կարող է թւալ:

«Կարող է ինչ-որ յայտարարութիւն լինել ադրբեջանամէտ կամ հայամէտ, բայց խնդրի էութիւնը բարդ է, լուծումները՝ եւս, Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները, եւ նրանցից այսօր շատ բան է կախւած: Կարգավիճակի հարցը կը դրւի Խաղաղութեան համաձայնագրում, սակայն ներկայումս տպաւորութիւն է, որ լուծւում է տարածաշրջանում գլխաւոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը, բայց դա կարող է փոխւել աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների հետեւանքով»,- նկատեց նա:

Իսկ Երեւանը, նրա խօսքով, փորձում է մանրեւել, բայց գլխաւոր բանակցութիւնները Բրիւսէլում են:

«Թէ ինչպէս Մոսկւան կարձագանգի հետագայ զարգացումներին՝ պարզ կը դառնայ առաջիկայում»,- նկատեց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։