Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է հարւածել Եւրոպայի ամենացաւոտ կէտին՝ էներգետիկային, վառելիքի գների աճը յանգեցրել է բարձր գնաճի եւ Արեւմուտքում տնտեսական անկման:
«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է հարւածել Եւրոպայի ամենացաւոտ կէտին՝ էներգետիկային, վառելիքի գների աճը յանգեցրել է բարձր գնաճի եւ Արեւմուտքում տնտեսական անկման, ըստ Tert.am-ի՝ գրում է Bloomberg-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ Եւրոմիութիւնն առաջ է քաշում Ռուսաստանի դէմ ամենախիստ սահմանափակումները, այնուամենայնիւ աճում է փոխզիջումների թիւը՝ սկսած նաւթամուղով նաւթի մատակարարումների զիջումներից մինչեւ պատրիարք Կիրիլի պատժամիջոցային ցուցակից հանելը»,- ասւում է հրապարակման մէջ։
Bloomberg-ը կարծում է, որ Ռուսաստանի դէմ տնտեսական պատերազմը պառակտել է ԵՄ-ն, քանի որ երկրները «յոգնել են պատժամիջոցներից»։
«Ֆինանսական զէնքը անկատար գործիք է, որը գործում է ընտրովի եւ յանգեցնում է անկանխատեսելի հետեւանքների»,- նշւում է յօդւածում։
Bloomberg Economics-ի գնահատմամբ՝ այս տարի Ռուսաստանի նաւթի եւ գազի եկամուտները կը կազմեն մօտ 285 միլիարդ դոլար։
«Դրան աւելացրէք այլ ապրանքներ, եւ դա գերազանցում է պատժամիջոցների տակ սառեցւած ռուսական արժութային պահուստների 300 միլիարդ դոլարը»,- եզրափակել է յօդւածի հեղինակը։
Ուկրայինայում ՌԴ-ի յատուկ ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ Արեւմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկւայի վրայ։ Եւրոպայում աւելի բարձր են հնչում ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախւածութիւնը նւազեցնելու կոչերը։ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նաւթի էմբարգոյի աստիճանական ներդրում։