Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիօ Դրագին, որոնք անցեալ շաբաթ եղել են Ուկրայինայում, Կիեւին մերժել են օպերատիւ մատակարարումների հարցում:
«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիօ Դրագին, որոնք անցեալ շաբաթ եղել են Ուկրայինայում, Կիեւին մերժել են օպերատիւ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրեայ յօդւածում գրել է Դոյլ Մակմանուսը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Հեղինակի կարծիքով՝ Եւրոպայի կառավարութիւններում կուտակւում է «յոգնածութիւն Ուկրայինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրւած էին գործադրելու Ռուսաստանի վրայ, խփում է հէնց իրենց:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն է, որ դրանք կը գործեն սոսկ եթէ վնասեն նաեւ մեզ»,- մէջբերում է յօդւածագիրն ի հաստատումն իր խօսքի իր մտերիմներից մէկի՝ նախկին ուսուցիչ Ռոբերտօ Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում է, որ չնայած այն բանին, որ Եւրոպայի երեք խոշոր պետութիւնների ղեկավաները ժամանել էին Կիեւ եւ կրկին աջակցութիւն յայտնել Ուկրայինային, սակայն այնտեղ այդպէս էլ չստացան ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:
«Այդ երեքը (Ուկրայինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին չտւեցին ամենաբաղձալին. նոր զէնքի արագ առաքումը»,- գրել է նա:
Հեղինակը նաեւ թերահաւատօրէն է վերաբերել ԵՄ-ին Ուկրայինայի անդամակցութեան հնարաւորութեանը եւ Մակրոնի, Շոլցի եւ Դրագիի կողմից այդ քայլի աջակցութիւնը համարել է «զուտ խորհրդանշական»:
Անցեալ շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Եոհաննիսն այցելել են Ուկրայինա, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցութիւնների հիմնական թեման է դարձել Ուկրայինայի շուրջ ներկայիս իրադրութիւնը: Գերմանական Die Welt թերթը հանդէս է եկել ենթադրութեամբ, որ եւրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել նստելու բանակցութիւնների սեղանի առջեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: