Սպիտակ տունը յայտնում է՝ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտօնին Ուկրայինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտօնակատար Քրիստինա Քւիէնի (Kristina Kvien) թեկնածութեան առաջադրման մտադրութեան մասին:
«alikonline.ir» - Սպիտակ տունը յայտնում է՝ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտօնին Ուկրայինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտօնակատար Քրիստինա Քւիէնի (Kristina Kvien) թեկնածութեան առաջադրման մտադրութեան մասին: Տեղեկացնում է News.am-ը:
Ծնունդով Կալիֆորնիայից Քրիստինա Քւիէնն արհեստավարժ դիւանագէտ է: Նա Ուկրայինա է ժամանել 2019 թւականի մայիսին եւ ստանձնել դեսպանի ժամանակաւոր պաշտօնակատարի պաշտօնը Ջոզէֆ Փենինգտոնի հեռանալուց յետոյ: Երկրորդ անգամ Ուկրայինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քւիէնը դեսպանի գործառոյթները որպէս պաշտօնակատար ստանձնել է 2020 թ. յունւարից մինչեւ մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թւականից մինչեւ 2019 թւականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտօնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտօնները:
Բացի այդ, իր դիւանագիտական գործունէութեան ընթացքում Քրիստինա Քւիէնը տարբեր պաշտօններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկեան դիւանագիտական առաքելութիւններում: Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարութիւնում նա աշխատել է Եւրոմիութեան խնդիրների եւ Սլովենիայի հետ երկկողմ յարաբերութիւնների ոլորտներում: Աւելի վաղ իր կարիերայի ընթացքում Քւիէնը Վաշինգտոնում Ազգային անվտանգութեան խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրայինայի եւ Բելառուսի հարցերով տնօրէն: Քրիստինա Քւիէնը քաղաքագիտութեան բակալաւրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազօտութիւնների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի եւ պատերազմի քոլեջից (U.S. Army War College):