Հա

Քաղաքական

02/07/2022 - 11:45

Ալիեւը կը տապալի՞ Միշէլի միջնորդութիւնը. որտե՞ղ եւ ո՞ւմ միջնորդութեամբ են շարունակւելու Փաշինեան-Ալիեւ բանակցութիւնները

Գնահատելով ռուս-ադրբեջանական շփումների մակարդակն ու որակը, բովանդակութիւնը, դրանց հնարաւոր ազդեցութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ, 168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականութեամբ պայմանաւորւած բարդ եւ ճկուն դիւանագիտական խաղի:

«alikonline.ir» - Օրերս Աշխաբադում անցկացւող Կասպեան 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցաւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Կրեմլի հաղորդագրութեան համաձայն՝ հանդիպման մեկնարկին Պուտինը, մասնաւորապէս, ասել է, որ երկու երկրների յարաբերութիւնները շատ լաւ վիճակում են։

«Բոլորովին վերջերս մեր ԱԳ նախարարն էր այդտեղ։ Նախապատրաստւում են մեր վարչապետի եւ Պետդումայի նախագահի այցերը։ Սակայն ամենակարեւորը մեր պլանների իրագործումն է, աւելի ճիշտ՝ մինչեւ 2024 թւականի մեր համատեղ՝ ռուս-ադրբեջանական պլանի։ Իհարկէ, կան տարածաշրջանային անվտանգութեան հարցեր, առաջին հերթին՝ կապւած Ղարաբաղեան կարգաւորման հետ։ Ձեզ հետ այդ մասին խօսել ենք, եւ հիմա հնարաւորութիւն կը լինի եւս մէկ անգամ այդ թեմայի շուրջ խօսելու»,- ասել է Պուտինը։

Ալիեւն իր հերթին համոզմունք է յայտնել, որ այս հանդիպումը կը նպաստի երկու երկրների միջեւ բարեկամական, բարիդրացիական յարաբերութիւնների զարգացմանը։ «Իհարկէ, այսօր եւս մէկ հնարաւորութիւն կը լինի խօսելու տարածաշրջանային խնդիրների շրջանակում ստեղծւած իրավիճակի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների կարգաւորման մասին»,- ասել է Ալիեւը՝ յոյս յայտնելով, որ երկու երկրների յարաբերութիւններն ապագայում եւս կը շարունակեն յաջողութեամբ զարգանալ։

Աշխաբադում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման յաջորդ օրը Իլհամ Ալիեւը կրկին յայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյութիւն չունի, եւ դատապարտել այն վերականգնելու ջանքերը։

Ալիեւի խօսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտութիւնը, վերջ է տւել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը ռազմական եւ քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլեւս չկայ։

«Մենք արդէն հրաժեշտ ենք տւել Մինսկի խմբին, բայց, ցաւօք, հայկական կողմը եւ այլք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը,- Բաքւում ելոյթ ունենալով Չմիաւորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ յայտարարել է Ալիեւը՝ ընդգծելով,- Ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդէն մեռած է, եւ մենք որպէս օկուպացիայից տուժած երկիր՝ այդ մասին բաց ասում ենք։ Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապւած ցանկացած շահարկում ոչ միայն անարդիւնաւէտ է, այլեւ՝ կործանարար։ Կործանարար հետեւանքներ է ունենում տարածաշրջանում խաղաղութեան հնարաւորութեան համար»:

Նա յիշեցրել է, որ 1992 թւականին ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ էր ձեւաւորել, որի նպատակը հակամարտութեան լուծումը գտնելն էր, Ալիեւի մեկնաբանութեամբ՝ օկուպացիային վերջ տալն էր, բայց ընդհակառակը՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածւել էր գործիքի նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ օկուպացիան յաւերժ շարունակւի»։

Աշխաբադի հանդիպումը Պուտին-Ալիեւ հերթական հանդիպումն էր Կրեմլում նրանց այս տարւայ փետրւարի 22-ի բանակցութիւններից յետոյ, որի շրջանակում նրանց դաշնակցային համագործակցութեան մասին ծաւալուն յուշագիր էր ստորագրւել: Այդ հանդիպումը, ի դէպ, տեղի էր ունեցել ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետութիւնների անկախութեան պաշտօնական ճանաչումից յետոյ: Վերջերս նաեւ Բաքւում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, ով նշել էր, թէ Մինսկի խմբի հարցը Բաքւում ընդհանրապէս չի քննարկւել, եւ որ ղարաբաղեան վերջին պատերազմից յետոյ բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցեալում է մնացել։ «Այն առաջարկները, որոնք եղել են եւ որոնք երկար տարիներ քննարկւել են՝ առանց տեսանելի արդիւնքների, կորցրել են իրենց այժմեականութիւնը։ Տեղի ունեցած իրադարձութիւնները յետեւում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբիեկտիւ իրականութիւն է»,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Լաւրովը միաժամանակ պնդել է, թէ 44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսւել՝ հակամարտութեան հետեւանքները վերացնելու ուղղութեամբ, եւ յատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ յայտարարութիւններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ։

Այս ամենին զուգահեռ՝ օրերս հայկական կողմն ուշագրաւ տեղեկատւութիւն յայտնեց, որ ադրբեջանական կողմը տապալում է հանդիպումները, որոնք ըստ էութեան բրիւսէլեան միջնորդութեան շրջանակում են:

Օրերս լրատւամիջոցների մեծ մասի կողմից բոյկոտւած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինեանն ասել էր, որ ադրբեջանական կողմը հրաժարւել է ընդունել ՀՀ ԱԳ նախարարութեան` ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիեւի հանդիպման առաջարկը: Նրանք հանդիպման ընթացքում պէտք է պայմանաւորւածութիւններ ձեռք բերէին խաղաղութեան պայմանագրի եւ հետագայ ընթացքի վերաբերեալ։ «Տարօրինակ են Ադրբեջանից հնչող յայտարարութիւնները, որտեղ փորձ է արւում ցոյց տալ, թէ Հայաստանը ձգձգում է խաղաղութեան պայմանագրի բանակցութիւնները եւ հետագայ ընթացքը։ Այդ յայտարարութիւններից յետոյ, քանի որ դրանք իրենց բնոյթով տարօրինակ են, ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳ նախարարութիւն, որպէսզի տեղի ունենայ այդ գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպում։ Արդէն առնւազն 1 դէպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է եւ չի ներգրաււել աշխատանքներին»,- նշել էր Փաշինեանը։

Գնահատելով ռուս-ադրբեջանական շփումների մակարդակն ու որակը, բովանդակութիւնը, դրանց հնարաւոր ազդեցութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ, 168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականութեամբ պայմանաւորւած բարդ եւ ճկուն դիւանագիտական խաղի:

Ադրբեջանը, ըստ նրա, այդ խաղն իրականացնողներից մէկն է, որն այն կառուցում է իր իրավիճակային շահերի վրայ՝ համագործակցելով մէ՛կ Բրիւսէլի, մէ՛կ Մոսկւայի հետ:

«Չի բացառւում, որ Բաքուն սկսի քիչ-քիչ հրաժարւել, այսպէս կոչւած, բրիւսէլեան միջնորդութիւնից, քանի որ այդ հարթակում բարձրացւում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման թեման, շատ աւելի հազէադէպ՝ ԼՂ կարգավիճակի հարցը, չնայած պէտք է նշել, որ ՌԴ նախագահն Ալիեւի հետ իր վերջին հանդիպման ժամանակ խօսեց ԼՂ հակամարտութեան մասին, ինչը դէմ է Ալիեւի գաղափարներին: Չէ՞ որ նա նշում է, թէ հակամարտութիւնը կարգաւորւած է: Սա ռուսական կողմից նաեւ իւրայատուկ մեսիջ էր Ադրբեջանին: ԼՂ կարգավիճակի հարցը ներկայումս ՌԴ օրակարգում եւս ակտիւօրէն չկայ, քանի որ ՌԴ-ն ունի ներկայութիւն Ղարաբաղում, համարում է, որ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը դա է՝ ռուսական անվտանգային պատասխանատւութեան գօտի, Ռուսաստանը նաեւ հետաքրքրւած չէ ԵԱՀԿ ՄԽ վերականգնմամբ: Գուցէ այնպէս ստացւի, որ այս փուլում Բաքուն աւելի շատ շահեր գտնի Մոսկւայի հետ, դա նաեւ հարկաւոր է Բաքւին Թուրքիայի հետ յարաբերութիւնների բալանսաւորման իմիտացիայի համար:

Բացի այդ, ՌԴ-ն մնում է խաղացող Հարաւային Կովկասում, իսկ Շառլ Միշէլի միջնորդութիւնը հնարաւոր դարձաւ, երբ դեռ ուկրայինական պատերազմն աւելի անորոշ փուլում էր:

Այնուամենայնիւ, դա նաեւ անշրջելի գործընթաց չէ կողմերի համար եւ, ինչպէս ցոյց է տալիս ժամանակը, եռակողմ փաստաթղթերն աւելի ազդեցիկ են, ապաշրջափակման բանակցութիւններն են ընթանում, դա շատ պէտք է Ադրբեջանին:

Տարածաշրջանում այսօր շատ բան է կախւած Ռուսաստանից, եւ պատկերացնել, որ Միշէլը հաստատւելու էր եւ միայնակ առաջ էր մղելու կարգաւորման գործընթացը, իհարկէ, անակնկալ զարգացում կը լինէր»,- ասաց Սկակովը:

Սակայն, նրա խօսքով, այնպէս էլ չէ, որ այս պահին յստակ կարելի է ասել, թէ ինչ կը լինի, եւ ով կմիջնորդի: Բայց այն, որ Բրիւսէլի դիրքերն ամուր չեն, ըստ նրա՝ յստակ է:

«Սակայն հանդիպումների չեղարկումը, որոնց ընթացքում պէտք է առարկայական հարցեր քննարկւէին, նշանակալի իրադարձութիւն է եւ ոչ պատահական: Չեմ կարծում, որ դա դեմարշ է միայն հայկական կողմին»,- նշեց վերլուծաբանը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։