Հա

Քաղաքական

12/07/2022 - 10:05

Միջուկային պատերազմը աշխարհը կը սուզի «փոքր սառցէ դարաշրջանի» մէջ

Երկու երկրների միջեւ միջուկային պատերազմը բաւական կը լինի, որպէսզի աշխարհն ընկղմւի «փոքր սառցէ դարաշրջանի» մէջ, նախազգուշացրել են գիտնականները։

«alikonline.ir» - Երկու երկրների միջեւ միջուկային պատերազմը բաւական կը լինի, որպէսզի աշխարհն ընկղմւի «փոքր սառցէ դարաշրջանի» մէջ, նախազգուշացրել են գիտնականները։ Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է Telegraph-ը։

Հետազօտողները յայտնաբերել են, որ անգամ հակամարտութեանը չմասնակցող երկրները կը բախւեն անբերքատւութեան եւ ջերմաստիճանի կտրուկ անկման, քանի որ միջուկային փոթորիկների մոխիրը եւ ծուխը հազարաւոր մղոններով կը ծածկեն արեւը։

Լուիզիանայի եւ Ռութգերսի համալսարանների փորձագէտները նախազգուշացրել են, որ միջուկային պայթիւնից յետոյ առաջին ամսում միջին գլոբալ ջերմաստիճանը կընկնի Ֆորենհէյթի 13 աստիճանով, ինչն աւելին է, քան վերջին սառցէ դարաշրջանի ժամանակ։

Որքան մոլորակն աւելի սառչի, այնքան ծովի սառոյցը կընդլայնւի՝ աւելի քան վեց միլիոն քառակուսի մղոնով, եւ կը հասնի 6 ֆուտ խորութեան որոշ ջրաւազաններում՝ փակելով խոշոր նաւահանգիստները, ներառեալ Պեկինի Տեանցզին նաւահանգիստը, Կոպենհագէնը եւ Սանկտ Պետերբուրգը։

Ծովի սառոյցը կը տարածւի սառցից ազատ մերձափնեայ շրջաններում՝ փակելով նաւագնացութիւնը Հիւսիսային կիսագնդում, ինչը կը դժւարացնի ուտելիքի եւ այլ ապրանքների առաքումը որոշ քաղաքներ։

Ովկիանոսի լուսաւորութեան եւ ջերմաստիճանի յանկարծակի անկումը, յատկապէս Արկտիկայից մինչեւ Հիւսիսային Ատլանտիկա եւ Խաղաղ ովկիանոսի հիւսիսային մաս, կը սպանի ծովային ջրիմուներին, որոնք ծովային սննդի ցանցի հիմնական մասն են կազմում, ինչն առաջ կը բերի քաղց ովկիանոսում եւ փաստացի կը կանգնեցնի ձկնարդիւնաբերութիւնը։

«Կարեւոր չէ՝ ով է ռմբակոծողը, գուցէ Հնդկաստանը եւ Պակիստանը, կամ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը»,- ասել է Լուիզիանայի նահանգի համալսարանի պրոֆեսոր, ովկիանոսագէտ Շերիլ Հարիսոնը։ «Հէնց որ ծուխը յայտնւի մթնոլորտի վերին շերտերում, այն կը տարածւի ամբողջ աշխարհում եւ բոլորի վրայ։ Մենք պէտք է անենք հնարաւոր ամէն բան, որպէսզի խուսափենք միջուկային պատերազմից։ Հետեւանքներն, ամենայն հաւանականութեամբ, գլոբալ առումով աղէտալի կը լինեն»։

Հետազօտութիւնն առաջինն է, որում գնահատւում է միջուկային զէնքի ազդեցութիւնը եւ մոդելաւորւում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի ներգործութիւնը։ Դիտարկւել է նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պատերազմը։

Հետազօտողները հաշւարկել են, որ անգամ փոքր պատերազմի ընթացքում մթնոլորտի վերին շերտեր կարտամղւի 11-103 մլրդ ֆունտ ծուխ եւ մոխիր, որոնք կը փակեն արեւի լոյսը։ Գերտէրութիւնների միջեւ պատերազմը կարող է երեք անգամ աւելի վատ լինել։

Ովկիանոսի վերականգնումը, հաւանաբար, տասնամեակներ կը տեւի մակերեսի եւ հարիւրամեակներ՝ խորութեան համար, այն դէպքում, երբ արկտիկեան ծովային սառցի փոփոխութիւնները, հաւանաբար, կը տեւեն հազարամեակներ եւ փաստացի կը դառնան «միջուկային փոքր սառցէ դարաշրջան»։

«Միջուկային պատերազմը կը յանգեցնի աղէտալի հետեւանքների բոլորի համար»,- աւելացրել է Ռուտգերսի համալսարանի պրոֆեսոր Ալան Ռոբոկը։

«Համաշխարհային լիդերները նախկինում՝ 1980-ականներին, օգտագործում էին մեր հետազօտութիւնները որպէս խթան միջուկային սպառազինութիւնների մրցավազքը դադարեցնելու, իսկ հինգ տարի առաջ՝ ՄԱԿ-ում միջուկային զէնքի արգելման պայմանագրի ընդունման համար։ Մենք յոյս ունենք, որ այս նոր հետազօտութիւնը աւելի շատ երկրների կը մղի վաւերացնել այդ պայմանագիրը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։