Հա

Քաղաքական

12/07/2022 - 13:20

Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի օրակարգում՝ «3+3»-ն է․ ինչ են խօսել Փաշինեանն ու Էրդողանը

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Մալաշենկոն ասաց, որ «3+3»-ի մասին խօսակցութիւնները կրկին ակտիւացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի չթուլացման ֆոնին:

Ըստ նրա, բնական է, որ պատերազմը ցնցել է եւ շարունակելու է ցնցել միջազգային յարաբերութիւնները՝ յետսովետական տարածքում եւ աշխարհում նոր կարգերի, վերադասաւորումների յանգեցնելով:

«alikonline.ir» - Տարածաշրջանում կրկին ակտիւ օրակարգ է վերադարձել ռեգիոնալ «3+3» ձեւաչափի մասին «խօսակցութիւնը»:

Վերջերս այցով Թեհրանում գտնւող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովը յայտարարել էր, որ «3+3» ձեւաչափով յաջորդ հանդիպումը կը կայանայ Իրանում։ «Ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձեւաչափերին, այդ թւում՝ «3+3» հարթակին մասնակցութեան եւ համագործակցութեան հարցում։ Իրանը մօտ ապագայում կը հիւրընկալի այս ձեւաչափով հանդիպումը»,- ասել էր Բայրամովը։

Ձեւաչափի մասին յունիսի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ հանդիպումից յետոյ կայացած ճեպազրոյցում խօսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը՝ նշելով, որ Հարաւային Կովկասում «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) երկրորդ հանդիպումը նախապատրաստւում է եւ կը կայանայ առաջիկայ ժամանակահատւածում։

«Պայմանաւորւել ենք, թէ ինչպէս հետագայում աշխատենք Հարաւային Կովկասում։ Գիտէք, որ Թուրքիայի նախաձեռնութեամբ ստեղծւել է «3+3» ձեւաչափը։ Մենք առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկւայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ նրանց միշտ ուրախ կը լինենք տեսնել։ Հերթական հանդիպումը նախապատրաստւում է ամենամօտ ժամանակահատւածում։ Յոյս ունեմ, որ մենք կը կարողանանք յայտարարել դրա անցկացման մասին»,- ասել էր Լաւրովը՝ յաւելելով, որ Վրաստանի համար ձեւաչափի դռները շարունակում են բաց մնալ:

Նրա այս յայտարարութեանը յաջորդեց Լաւրովի այցը Երեւան, այստեղ եւս Սերգէյ Լաւրովը խօսեց ձեւաչափի մասին:

Ռուս դիւանագէտը կարծիք էր յայտնել, որ տարածաշրջանային խնդիրների ու յարաբերութիւնների կարգաւորմանը կարող է նպաստել նաեւ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Նրա որակմամբ, դա կը դառնայ լրացուցիչ խողովակ տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ երկխօսութեան հաստատման եւ բազմակողմ համագործակցութեան զարգացման համար:

Այս թեմայի համատեքստում ուշագրաւ ուղերձներ էր փոխանցել իրանցի անվտանգային բարձրաստիճան պաշտօնեայ, Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով օրերս Երեւանում էր եւ իր այցի շրջանակում նշել էր, որ հաւաքական համագործակցութեան ընդլայնումն առանց օտար ուժերի միջամտութեան տարածաշրջանի ամենահրատապ կարիքներից մէկն է անվտանգութեան ապահովման համար։ Շամխանին նաեւ նշել էր տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցութեան միջոցով խաղաղութեան եւ կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնը եւ ասել, որ Իրանը աջակցում է այնպիսի ձեւաչափերի, ինչպիսին է «3+3», որը ներառում է Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Նրա այս շեշտադրումները հայկական մամուլում գրեթէ որեւէ տարածում չէին գտել, քանի որ պաշտօնական հաղորդագրութիւններից եւս բացակայում էին իրանցի բարձրաստիճան պաշտօնեայի այս շեշտադրումները:

Ստացւում է, որ «3+3»-ը ուկրայինական պատերազմի ֆոնին շարունակում է մնալ տարածաշրջանային ուժերի օրակարգում, եւ յաջորդ կանգառը նախատեսւում է Թեհրանում: Այս ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թւականի դեկտեմբերի 10-ին Մոսկւայում։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահէ Գէորգեանը։ Միւս երկրները եւս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխաւոր տնօրէնը։

«3+3» ձեւաչափի ստեղծման մտադրութեան մասին աւելի վաղ յայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ի սկզբանէ նախատեսւում էր, որ ձեւաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը։ Սակայն Վրաստանը շարունակաբար հերքում է իր մասնակցութիւնը Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում այսօր կարեւոր տեղեկատւութիւն յայտնւեց, որ Փաշինեան-Էրդողան առաջին հեռախօսազրոյցն է կայացել ամենայն հաւանականութեամբ հայկական կողմի նախաձեռնութեամբ, քանի որ թուրք ժողովուրդը տօնում է մահմեդական զոհաբերութեան գլխաւոր տօնը՝ Կուրբան Բայրամը, իսկ Նիկոլ Փաշինեանն Էրդողանին շնորհաւորել է Կուրբան Բայրամի առիթով: Այսինքն՝ Փաշինեանը որոշել է առաջին քայլն անել:

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Մալաշենկոն ասաց, որ «3+3»-ի մասին խօսակցութիւնները կրկին ակտիւացան Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի չթուլացման ֆոնին:

Ըստ նրա, բնական է, որ պատերազմը ցնցել է եւ շարունակելու է ցնցել միջազգային յարաբերութիւնները՝ յետսովետական տարածքում եւ աշխարհում նոր կարգերի, վերադասաւորումների յանգեցնելով:

«Շատերի պատկերացումը Ռուսաստանի շուտափոյթ պարտութիւնն էր բոլոր ուղղութիւններով, եւ քանի որ դա տեղի չի ունենում, աւելին՝ շարունակւում է դիւանագիտութիւնը, աշխատանքը պատերազմին զուգահեռ, տեղում տարբեր տարածաշրջաններում փորձ են անում խնդիրներ լուծել: Եթէ փորձենք պարզ ներկայացնել, ապա տարածաշրջանային հիմնական տէրութիւնները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք բոլորն էլ ունեն իրենց այս կամ այն խնդիրներն Արեւմուտքի հետ, աւելին՝ ունեն համագործակցութիւն տարբեր ռեգիոններում, աւելի ինտենսիւ՝ Մերձաւոր Արեւելքում։ Ցանկանում են համագործակցութեան այդ ձեւաչափը տարածել նաեւ Հարաւային Կովկասի վրայ, որտեղ ակտիւութեան մեծ փորձեր է անում Արեւմուտքը, մասնաւորապէս՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:

Կայ կոնսենսուս Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով քննարկել տարածաշրջանային խնդիրների լուծման ձեւաչափերը, փորձ է նւազեցնելու Արեւմուտքի ազդեցութիւնը: Յաջողւել է Իրանին եւս ներքաշել այս ձեւաչափին, որը կարող է ամրապնդւել ու բոլոր խնդիրների կառավարմամբ զբաղւել: Սակայն կան նաեւ խոչընդոտներ, աւելի փոքր երկրները, այսինքն՝ կոնկրետ հարաւկովկասեան երկրներն ունեն համագործակցութիւն Արեւմուտքի հետ, իսկ այս ծրագրի նպատակը դա վերացնելն է, ուստի այստեղ սպասւում է բազմապլան աշխատանք: Դա կախւած է նաեւ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, եթէ լինեն ճնշումներ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ, ՀՀ-ն անընդհատ փորձելու է կոնտակտներ գտնել Արեւմուտքում: Իսկ եթէ հարցերը լուծւեն դիւանագիտօրէն, ապա հնարաւոր է՝ այս ծրագիրն ամրապնդւի»,- ասաց նա:

Այնուամենայնիւ, նրա խօսքով, հանգամանքը, որ եղել է մէկ հանդիպում, նշանակում է՝ հեշտ չի լինելու դրա կայացման ճանապարհն աշխարհաքաղաքական ներկայիս փուլում:

Խօսելով Փաշինեան-Էրդողան հեռախօսազրոյցի մասին՝ Մալաշենկոն ասաց, որ հայկական կողմը վաղուց առաջարկել էր հանդիպել, դա կարծես ժամանակին չյաջողւեց, այս փուլում յաջողւեց կազմակերպել զանգ:

«Իհարկէ բնական է, սպասելի էր, որ բանակցային գործընթացի մեկնարկից յետոյ, երբ արդէն հանդիպել են նաեւ ԱԳ նախարարները, կարող է լինել նաեւ ղեկավարների մակարդակով շփում: Այստեղ նկատենք, որ քայլեր անում է հայկական կողմը, մեկնում է Թուրքիա, զանգահարում է, խաղաղութիւն, բնականաբար, հարկաւոր է Հայաստանին, բայց վստահաբար նշել, թէ որքանո՞վ են այս հաշւարկները յաջող՝ չեմ կարող ասել, քանի որ թուրքական քաղաքականութիւնը վստահելի չէ»,- ասաց նա: Վերլուծաբանն այն կարծիքին է, որ առաջին զրոյցը՝ որպէս այդպիսին, լուրջ թեմաներ քննարկելու միտւած չի եղել:

«Սա պէտք է դիտարկել որպէս առաջին քայլ՝ բարձրաստիճան կոնտակտներ հաստատելուն ընդառաջ թեթեւ, ոչ քաղաքականացւած օրակարգով: Խնդիրները, ինչպէս տեսնում ենք, դրւում են «թեթեւից դէպի ծանր» սկզբունքով»,- ասաց Մալաշենկոն:

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Սոսօ Ցինցաձէն 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ Ռուսաստանի շահն այս պրոյեկտում Վրաստանն է, ու միջազգային մեկուսացման ընթացքում համագործակցութիւնների խորացումը հնարաւոր այլ ռեգիոններում: «Ռուսաստանի յոյսն այն է, որ Վրաստանը չի կարողանայ դիմադրել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի խնդրանքներին կամ իրեն չի կարող դուրս դնել տարածաշրջանային ձեւաչափից: Դա, ինչ խօսք, այդպէս է, սակայն այս պահի դրութեամբ նաեւ յստակ չէ՝ այդ ձեւաչափը կաշխատի՞, թէ՞ ոչ, քանի որ տեսնում ենք, որ դեռ մէկ հանդիպում է կայացել: Վրաստանը դէմ է, եւ չեմ կարծում՝ այդ դիրքորոշումը կը փոխւի»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է Փաշինեան-Էրդողան հեռախօսազրոյցին, ապա Ցինցաձէն ասաց, որ բանակցութիւնները յատուկ ներկայացուցիչների միջեւ պէտք է ուղեկցւեն նաեւ պաշտօնական այլ քայլերով:

«Ցանկացած շփում լաւ է, ժամանակը ցոյց կը տայ, թէ այս լարւած մթնոլորտում երբ ու ինչ յաջողութեամբ կաւարտւեն հայ-թուրքական բանակցութիւնները»,- ասաց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։