Հա

Քաղաքական

13/07/2022 - 12:30

Եւրոպացի մարդու ուկրայինական բեռը, կամ Եւրոմիութիւնում 2 բեւեռ է ձեւաւորւում

Եւրոպական հանրութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական գործիչներն ու դիւանագէտներն աստիճանաբար յանգում են իրենց համար անմխիթար այն եզրակացութեանը, որ ուկրայինական ճգնաժամն արդէն չափազանց ծանր բեռ է դառնում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհեանը:

«alikonline.ir» - Եւրոպական հանրութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական գործիչներն ու դիւանագէտներն աստիճանաբար յանգում են իրենց համար անմխիթար այն եզրակացութեանը, որ ուկրայինական ճգնաժամն արդէն չափազանց ծանր բեռ է դառնում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհեանը:

 

Սրանք դեռ ծաղիկներն են, ծաղկեփնջերն առջեւում են

Ուկրայինական ճգնաժամը, որը հրահրել են Միացեալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, մի ամբողջ շերտ խնդիրներ է բարձրացրել. այն դամոկլեան սրի պէս կախւած է եւրոպացիների գլխին։ Երկար կարելի է թւարկել: Այստեղ թէ՛ արդիւնաբերութեան եւ ջեռուցման համար անհրաժեշտ էներգակիրների պակասն է, թէ՛ բենզինի եւ դիզվառելիքի թանկութիւնը, որն ազդում է սպառողական ապրանքների ու սննդամթերքի գների վրայ, թէ՛ հերթական միգրացիոն ալիքի սպառնալիքը, որն առաջանում է համաշխարհային սովի վտանգի պատճառով։

Սակայն Եւրոմիութեան երկրները կարող էին յաղթահարել այս ամէնը, եթէ չլինէր գլխաւոր վտանգը՝ նրանց միջեւ առկայ մի շարք հակասութիւններն ու տարաձայնութիւնները։ Եւ այդ տարաձայնութիւններն առաջին հերթին վերաբերում են ուկրայինական իրականութեանը եւ ԵՄ-Ռուսաստան հակամարտութեանը։

Արդէն իսկ ակնյայտ է, որ ուկրայինական ճգնաժամը բուն Եւրոպայում երկու ուժային բեւեռ է ձեւաւորում։ Մէկն ակնյայտ ռուսատեաց երկրներն են։ Այստեղ են ե՛ւ մերձբալթեան ամայացող երկրները, ե՛ւ Լեհաստանը։ Որպէս այս խմբի վերակացու եւ, եթէ կարելի է այսպէս ասել, համակարգող հանդէս է գալիս Բրիտանիան, որը վառ արտայայտւած ռուսատեաց դիրքորոշում ունի։

Երկրորդ ուժային բեւեռը ձեւաւորւում է զարգացած եւրոպական երկրներից, ովքեր կորցնելու բան ունեն հակառուսական պատժամիջոցներից, որոնք Վաշինգտո-Բրիւսէլ տանդեմը բառացիօրէն փաթաթել է նրանց վզին։ Այդ պատժամիջոցները, ինչպէս պարզւեց, աւելի շատ վնաս են հասցնում ոչ թէ Ռուսաստանի, այլ հէնց եւրոպացիների տնտեսութեանը, արդիւնաբերութեանն ու ֆինանսական կառոյցներին։ Արդէն հիմա երեւում է, որ Գերմանիան թերեւս բոլորից շատ է տուժել։

Եւրոմիութեան ներսում այս երկու ուժային «դաշինքների» միջեւ արմատական հակասութիւններն էլ հէնց եւրոպական հանրութեան ամենամեծ խնդիրն են։ Դա վտանգ է, որը ամենամօտ ապագայում Եւրոպական Միութիւնը սպառնում է եթէ ոչ փլուզել, ապա առնւազն յետ շպրտել ժամանակակից համաշխարհային քաղաքակրթութիւնից։

Աշխարհաքաղաքական ասպարէզում Եւրոմիութեան հեղինակութեան եւ ազդեցութեան կտրուկ անկման վտանգ կայ, քաղաքական էլիտաների անկման վտանգ` առնւազն մի քանի զարգացած եւրոպական երկրներում։ Այն նոյն երկրներում, որտեղ նախորդ տասնամեակների ընթացքում բնակչութիւնը սովորել է կուշտ-կուշտ ուտել եւ ֆինանսական կամ սոցիալական խնդիրներ առանձնապէս չունենալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականն ընդամէնը ծաղիկն է։ Ծաղկեփունջը դեռ առջեւում է...

 

Ֆրանսիա, Գերմանիա. ամէն մէկն իր խաղալիքներն ունի

Սպասւող «ծաղկեփունջը» կարող է իսկապէս սարսափելի տեսք ունենալ։ Այնպիսի տպաւորութիւն է, որ Բրիտանիայի վարչապետի հրաժարականից անմիջապէս յետոյ ինչ-որ անյայտ մէկը սկսել է Գերմանիայի կանցլեր Շոլցի «տակը փորել»։ Յամենայն դէպս, վերջին օրերին հէնց արեւմտեան դեղին մամուլում են սկսել տեղեկութիւններ յայտնւել նրա մասնակցութեամբ ինչ-որ երեկոյթների, գրեթէ «նարկոերեկոյթների» մասին։

Ճիշտ է, երբ նայում ես Շոլցի դէմքին, դժւարանում ես նրան պատկերացնել կիսահարբած կնոջը գրկած, հետն էլ կոկայինով կամ մի հաբ էքստազիով զւարճանալիս։ Այստեղ իսկապէս աւելի սազական է կանցլերի համեմատութիւնը նեղացած լիւերնեան երշիկի հետ, որի հեղինակը Գերմանիայում Ուկրայինայի արդէն նախկին դեսպան Անդրէյ Մելիկն էր։ Բայց սա էլ դեռ ամենակարեւորը չէ։

Ֆրանսիան, որի արդիւնաբերական ներուժը շատ աւելի քիչ է կախւած ռուսական էներգակիրներից, միեւնոյն է, չկարողացաւ խուսափել նոյն խնդրից։ Արդէն հիմա ֆրանսիացիների վստահութեան վարկանիշը կտրուկ թեքւել է նախագահ Մակրոնի գլխաւոր մրցակցի օգտին։

Ամենազօր Le Figaro-ն պնդում է, որ վերջին հարցումներով «Ազգային միաւորման» առաջնորդ Մարին Լը Պէնը յաջողացրել է հաւաքել վստահութեան 39 տոկոսը` յետեւում թողնելով գործող նախագահին՝ իր 32 տոկոսով։

Ֆրանսիացիների համակրանքի այդպիսի կտրուկ փոփոխութեան մի վագոն պատճառ կարելի է նշել։ Բայց ամենակարեւորը, կարելի է չկասկածել` ֆինանսական բաղկացուցիչն է։ Երկրում ամէն ինչ շատ թանկացել է, բենզինից մինչեւ սննդամթերք։

Ինչպէս վերջերս յայտարարեց Ֆրանսիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Վիլրուա դը Գալոն՝ այսուհետ երկիրը չի կարող թոյլ տալ իրեն մենակ դիմանալ ուկրայինական ճգնաժամի տնտեսական հետեւանքներին։ Ֆրանսիայի ԿԲ-ի ներկայացուցիչը նաեւ բարձրաձայնեց այն, ինչն իր խորհրդարանական նախընտրական արշաւի ժամանակ չհամարձակւեց ասել գործող նախագահ Մակրոնը։

Այն է՝ «տնային տնտեսութիւնները ստիպւած կը լինեն բախւել գնողունակութեան ժամանակաւոր անկման, իսկ ընկերութիւնները՝ աւելի փոքր մարժայի հետ»։ Ինչի համար էլ, ի դէպ, պատասխան տւեց. Մակրոնի կուսակցութիւնը կորցրեց մեծամասնութիւնը խորհրդարանում։

Կրկնում եմ՝ խօսքը մի երկրի մասին է, որը, ի տարբերութիւն Գերմանիայի, այդքան էլ ուժեղ կապւած չէ ռուսական գազին․ ընդհանուր սպառման ընդամէնը 17 տոկոսը։ Միեւնոյնն է, գազից մազութի են անցնում։ Իսկ այդտեղից արդէն փայտն էլ հեռու չէ...

 

Հարաւսլաւիայից յետոյ զէնքի մաքսանենգութիւնը մանրուք կը թւայ

Ամէն դէպքում, երբ ուշադիր հետեւում ես Եւրոմիութեան տեղեկատւական հոսքին, հասկանում ես, որ այնտեղի քաղգործիչներն ու դիւանագէտներն աստիճանաբար այն ոչ մխիթարական եզրակացութեանն են գալիս, որ Ուկրայինայի ճգնաժամն իրենց համար չափազանց ծանր բեռ է դառնում։ Անգամ Գերմանիայի պաշտպանութեան նախարարը՝ ակնյայտօրէն ռուսատեաց Աննալենա Բերբոկն, անհանգստանում է, որ ռուսական էներգակիրների դեֆիցիտը կարող է յանգեցնել գերմանական հանրութեան պառակտմանը։

Ուկրայինայի հետախուզութիւնն աշխատում է յանցագործների հետ՝ սեւ շուկայում զէնքի վաճառքի համար

Նա հրաժարւում է Ուկրայինայի երկնքում ոչ թռիչքային գօտի մտցնել (ինչպէս Կիեւն է պահանջում) եւ եթերում պաթոսային բաներ է ասում. «Լաւ արտաքին քաղաքականութիւնը նշանակում է, որ դուք պահպանում էք սթափ գլուխը, նոյնիսկ եթէ ձեր հոգում ամէն ինչ եռում է... Դիմանալ, քանի դեռ ոչինչ չես կարող անել․ երբեմն դրա մէջ է արտաքին քաղաքականութեան դաժանութիւնը»։

Բացի այդ, վերջին օրերի լրահոսից իմանում ենք, որ Լատւիան (վերոյիշեալ ռուսատեաց ամայացող մերձբալթեան երկրներից մէկը) արդէն հրաժարւում է ուկրայինացի փախստականներ ընդունել. փողերը վերջացել են։ Յուլիսի մէկից երկիրը իւրաքանչիւր փախստականի համար ի վիճակի է յատկացնել օրական ընդամէնը 3,5 եւրօ․ դրանք կոպեկներ են, որոնցով հաստատ չես ապրի։

Իսկ Ուկրայինան յանկարծակի նեղացել է իր ամենահաւատարիմ պաշտպաններից մէկից՝ Կանադայից, այդ երկրի ժամանակաւոր հաւատարմատարին ԱԳՆ կանչելով։

Դիւանագէտից պահանջել են Օտտաւային փոխանցել, որ «Հիւսիսային հոսք 1»-ի տուրբինները Գերմանային վերադարձնելը «եւրոատլանտեան միասնականութեան խախտում» է եւ օգնութիւն Ռուսաստանին, որը «էներգակիրները որպէս հիբրիդային զէնք է օգտագործում Եւրոպայի դէմ»։ Միաժամանակ յայտնի է, որ ԱՄՆ-ն հանդէս է եկել տուրբինները վերադարձնելու օգտին, որպէսզի Գերմանիային օգնի լրացնել գազի պաշարները։

Եթէ դրան աւելացնենք մի շարք հանգամանքներ, որոնք Եւրոպայում որակւել են որպէս ուկրայինական ճգնաժամի հետեւանք, ապա կարելի է գնահատել այն ողջ ծանրութիւնը, որը Միացեալ Նահանգները բարդել է եւրոպացիների ուսերին։ Այդ հանգամանքներից մէկը զէնքի մաքսանենգութիւնն է, այն զէնքի, որն անվերահսկելի կերպով մատակարարւում է Ուկրայինային։

Օրերս ներքին գործերի եւրոյանձնակատար Իլւա Եոհանսոնը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «...Փորձը ցոյց է տալիս, որ զէնքը պատերազմների ժամանակ կամ յետոյ շատ է տեղաշարժւում։ Մենք գիտենք, թէ հիմա որքան զէնք կայ Ուկրայինայում եւ, իհարկէ, ոչ բոլոր զէնքեր են միշտ ճիշտ ձեռքերում»։

Կարծում եմ՝ ԵՄ երկրների կողմից Ուկրայինային մատակարարւող զէնքի իւրօրինակ «վերաարտահանման» խնդիրը դեռ արձագանգ կունենայ եւրոպական տարածքներում։ Եւ Հարաւսլաւիայի պատերազմից յետոյ զէնքի մաքսանենգութիւնը մանրուք կը թւայ…

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։