ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հետ հանդիպմանը Երուսաղէմի հայ պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը ներկայացրել է հայկական ժառանգութիւնը ու ներկայութիւնը, քրիստոնէական համայնքի ունեցած դժւարութիւնների եւ կոնֆլիկտների մասին։
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հետ հանդիպմանը Երուսաղէմի հայ պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը ներկայացրել է հայկական ժառանգութիւնը ու ներկայութիւնը, քրիստոնէական համայնքի ունեցած դժւարութիւնների եւ կոնֆլիկտների մասին։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան դիւանապետ Կորիւն վարդապետ Բաղդասարեանը։
«Ջօ Բայդէնը մեզ մօտ մնացել է մօտ 40 րոպէ, եւ հանդիպումն անցել է շատ լաւ մթնոլորտում։ Պատրիարքը շնորհակալութիւն է յայտնել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար։ Ապա ներկայացրել է Սուրբ Ծննդեան տաճարում մեր ունեցած եկեղեցու իրաւունքները եւ առհասարակ՝ Սուրբ եկեղեցում ունեցած հայ եկեղեցու իրաւունքները։ Պատրիարքը նաեւ խօսել է մեր պատմութեան, հայկական ժառանգութեան, ներկայութեան եւ քրիստոնէական համայնքի ունեցած դժւարութիւնների ու կոնֆլիկտների մասին։ ԱՄՆ նախագահը ցանկութիւն էր յայտնել հանդիպել բոլոր հոգեւոր հայրերի հետ լսելու համար նրանց մտահոգութիւնները եւ խնդրանքները»,- նշեց նա։
Կորիւն վարդապետ Բաղդասարեանի խօսքով՝ պատրիարքը նախագահին նւիրել է յախճապակուց պատրաստւած ափսէ եւ նուռ, քանի որ յախճապակին հայկական արւեստի մասերից մէկն է։
«Յախճապակու արւեստը Երուսաղէմում դարձել է մի իւրայատուկ բրենդ։ Իսկ Ջօ Բայդէնի նւէրը մեզ կը յանձնեն դեսպանատնից»,- նշեց վարդապետ Բաղդասարեանը՝ յաւելելով, որ Բեթղեհէմից յետոյ Ջօ Բայդէնն ուղեւորել է Սաուդական Արաբիա։