Հա

Քաղաքական

31/07/2022 - 12:30

«Ադրբեջանը մտավախութիւններ ունի»․ Խրամչիխին

168am-ի հետ զրոյցում, գնահատելով հակամարտութեան գօտում ստեղծւած իրավիճակը, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ-ի ուղղութեամբ, իսկ այսօր նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, որը դեռեւս սահմանազատւած չէ, ռազմական սադրանքները ռազմական տեսութեան տեսանկիւնից բնականոն երեւոյթ են, եւ դրանք կարելի է բացառել միմիայն հակամարտութեան գօտում բոլոր խնդիրների լուծումից յետոյ։

«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախեան ուղղութեամբ Ադրբեջանի ռազմական սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանութիւնները նպատակադրւած կերպով սրում են ռազմատենչ հռետորաբանութիւնը տարածաշրջանում։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն յուլիսի 30-ին զինծառայողներին կենտրոնական հրամանատարական կէետում ծառայողական խորհրդակցութեան ժամանակ կոչ է արել պատրաստ լինել հակառակորդի՝ իբրեւ թէ Հայաստանի ռազմական սադրանքներին, աւելին՝ ճնշել դրանք։ Հայկական կողմերը, մասնաւորապէս՝ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն անցնող օրերի ընթացքում հաղորդագրութիւններ էին տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Իսկ այսօր ՀՀՊՆ-ն յայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն ապատեղեկատւութիւն է տարածել, յայտարարելով, թէ իբր յուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում տեղակայւած ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ, իսկ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայուն է եւ գտնւում է ՀՀ ԶՈՒ լիարժէք վերահսկողութեան ներքոյ։

168am-ի հետ զրոյցում, գնահատելով հակամարտութեան գօտում ստեղծւած իրավիճակը, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ-ի ուղղութեամբ, իսկ այսօր նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, որը դեռեւս սահմանազատւած չէ, ռազմական սադրանքները ռազմական տեսութեան տեսանկիւնից բնականոն երեւոյթ են, եւ դրանք կարելի է բացառել միմիայն հակամարտութեան գօտում բոլոր խնդիրների լուծումից յետոյ։

Նրա խօսքով, նման իրավիճակում ռազմական սադրանքները յաճախակի կարող են լինել նաեւ հակամարտող կողմերի միջեւ ռազմական հաւասարակշռութեան խախտման եւ կողմերից մէկի աւելի մեծ ռազմական ուժի պարագայում։

«Հայաստանի եւ Ադրբեջանի դէպքում այս երկու բաղադրիչն էլ կայ՝ ե՛ւ չկարգաւորւած խնդիրներ, ե՛ւ ուժային հաւասարակշռութեան էական խախտում։ Ուժային հաւասարակշռութեան խախտումը պատերազմի մեկնարկի պատճառ էր նաեւ, այդ հաւասարակշռութիւնը, որը խաղաղութիւնը երաշխաւորող գործօն է, դեռ չի վերականգնւել։ Եթէ դա չկայ, շատ բարդ է հակամարտութեան գօտում խօսել խաղաղութեան հեռանկարների, սադրանքների բացակայութեան մասին, քանի որ հակառակորդի ռազմական ուժը կարող է զսպել միայն դրա դիմաց կանգնած նոյնպիսի ռազմական ուժը։ Թէ ի՞նչ է այս առումով անում ՀՀ իշխանութիւնը, ես չեմ կարող ասել, բայց փաստօրէն մենք ունենք չփոփոխւած իրավիճակ։ Սակայն դա նաեւ նշանակում է, որ լայնածաւալ պատերազմի ռեսուրս չկայ տարածաշրջանում եւ կա միայն պատերազմի սպառնալիք՝ քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Բացի այդ, ադրբեջանական կողմը խօսել էր սադրանքները բացառելու մասին, եւ կոնկրետ ուղիղ սպառնալիքներ չէին հնչել։ Իսկ պատերազմներին ընդառաջ ռազմական գործիչները սովորաբար աւելի սուր հռետորաբանութեամբ են հանդէս գալիս։ Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը մտավախութիւն ունի, որ պատերազմն Ուկրայինայում կը ստիպի մոռանալ Հարաւային Կովկասի եւ Ադրբեջանի յաղթանակի, դրա արդիւնքների մասին, որոնք դեռ յստակեցւած չեն վերջնականօրէն Ադրբեջանի համար։

Սա ստիպում է գործի դնել ռազմատենչ հռետորաբանութիւն եւ այլ մեխանիզմներ խնդիրները լուծելու համար»,- ասաց Խրամչիխինը։

Ուստի, ըստ նրա, եթէ չեն լուծւում խնդիրները, եւ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութեան չեն գալիս Ղարաբաղի ու սահմանների հարցի շուրջ, պէտք է սպասել ու պատրաստ լինել սադրանքների։

«Ադրբեջանի դէպքում կայ նաեւ պատերազմում իր յաղթանակի գործօնը, 2020-ին ռազմական սցենարն Ադրբեջանի համար դրական ընթացք է ունեցել, ուստի այս թեման Ադրբեջանն այսօր աւելի հեշտ ու յաճախ է օգտագործում՝ որպէս յաջողւած օրինակ։ Սակայն, միւս կողմից, ինչպէս ասացի, պատերազմն Ուկրայինայում շատ բան է փոխում, եւ կան կոնկրետ մտավախութիւններ, որ հակամարտութիւնը եւ բոլոր հարցերը կը սառեցւեն ու կը սառեցւեն նաեւ դրսի դերակատարների կողմից, ուստի Ադրբեջանը բոլորին փորձում է հասկացնել, որ իր համար չլուծւած խնդիրներ կան»,- նկատեց նա՝ գրեթէ բացառելով լայնածաւալ պատերազմական սցենարը։

Վերլուծաբանի համար այդքան էլ հասկանալի չէ՝ ինչ են անում ՀՀ իշխանութիւնները։ Նա չի բացառում, որ պարզապէս ժամանակ են ձգձգում։

«Ադրբեջանն էլ փորձում է դա թոյլ չտալ»,- նկատեց նա։

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։