Հա

Քաղաքական

16/08/2022 - 08:25

Աւելի քան 5 միլիարդ մարդ սովից կը մահանայ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լայնածաւալ միջուկային պատերազմի դէպքում

Աւելի քան 5 միլիարդ մարդ սովից կը մահանայ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լայնածաւալ միջուկային պատերազմի դէպքում։ Սա ամենավատ սցենարն է Nature Food-ի հետազօտութեան մէջ, որն ուսումնասիրել է այրւող քաղաքների եւ անտառների մրի հետեւանքով առաջացած անուղղակի մահացութիւնների թիւը:

«alikonline.ir» - Աւելի քան 5 միլիարդ մարդ սովից կը մահանայ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լայնածաւալ միջուկային պատերազմի դէպքում։ Սա ամենավատ սցենարն է Nature Food-ի հետազօտութեան մէջ, որն ուսումնասիրել է այրւող քաղաքների եւ անտառների մրի հետեւանքով առաջացած անուղղակի մահացութիւնների թիւը:

Հետազօտութեանը կից յայտարարութեան համաձայն, Ռաթգերսի համալսարանի թիմը զոհերի թւի վերաբերեալ այդ եզրակացութիւնն արել է՝ գնահատելով, թէ որքան կը տուժի գիւղատնտեսական մշակաբոյսերի համաշխարհային բերքատւութիւնը, քանի որ թափառող ամպերը արգելափակում են արեւի լոյսը, որը սնում է բոյսերը, որոնցով սնւում են մարդիկ, ըստ News.am-ի՝ գրում է The Hill-ը:

Նախ, հետազօտողները գնահատել են մոխրի քանակութիւնը, որը դուրս կը թափւի տարբեր չափերի միջուկային պատերազմների հետեւանքով, երբ այրւեն Հնդկաստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի խոշոր քաղաքները: Այնուհետեւ նրանք դա ներբեռնել են կլիմայի կանխատեսման գործիքի մէջ, որպէսզի հետեւեն, թէ ինչպէս է այդ մոխիրը կը շարժւի ամբողջ աշխարհով մէկ, եւ որտեղ ու որքանով այն կազդի սննդի արտադրութեան վրայ:

Մոդելը ցոյց է տւել, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային պատերազմի դէպքում մոլորակի քամիները ծխի եւ մասնիկների պտտւող ամպեր կը բարձրացնեն երկինք՝ սննդամթերքի խոշոր արտահանողների վրայ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:

Այս երկրներում բերքատւութեան անկումը կառաջացնի աճող հետեւանքների կասկադ, որը ճգնաժամի մէջ կը քաշի մնացած աշխարհը: Երբ բերքատւութիւնը նւազի, սննդամթերքի արտահանումը նոյնպէս կը նւազի՝ սով տարածելով Աֆրիկայում եւ Մերձաւոր Արեւելքում, որոնց գոյատեւումը կախւած է սննդամթերքի ներմուծումից:

Այս սցենարով Երկրի վրայ գտնւող մարդկանց երեք քառորդը սոված կը մնայ հրթիռների անկման դադարումից յետոյ երկու տարւայ ընթացքում, եւ դա կը լինի միայն սկիզբը:

Ռաթգերսից համահեղինակ Լիլի Սեայի խօսքով՝ շատ մանրամասներ այն մասին, թէ որքանով կը տուժի բերքը այդ դէպքում, մնում են անհասկանալի:

Թիմի ուսումնասիրած նոյնիսկ ամենասահմանափակ միջուկային պատերազմի ժամանակ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային հարւածների լոկալ փոխանակման դէպքում, սննդամթերքի համաշխարհային արտադրութիւնը կը նւազի 7 տոկոսով` մթնոլորտ ներթափանցող պայթիւններից մրի եւ մոխրի պատճառով:

Նման աւերածութիւնը կը հարւածի աշխարհին, որն արդէն կանգնած է կլիմայի փոփոխութեան պատճառով բերքատւութեան նւազման հեռանկարի առջեւ:

«Նոր հետազօտութեան եզրակացութիւնը պարզ էր՝ միջուկային պատերազմը «կը կործանի համաշխարհային պարենային համակարգերը»,- ասւում է հետազօտութեան համահեղինակ Ալան Ռոբոքի յայտարարութեան մէջ:

Նա մատնանշել է միջուկային զէնքի արգելման մասին ՄԱԿ-ի պայմանագիրը, որը վաւերացրել են 66 երկրներ, սակայն միջուկային ինը տէրութիւններից ոչ մէկը: «Մեր աշխատանքը յստակ ցոյց է տալիս, որ ժամանակն է, որ այս ինը երկրները ականջալուր լինեն գիտութեանը ու մնացած աշխարհին եւ ստորագրեն այս պայմանագիրը»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։