Հա

Քաղաքական

16/08/2022 - 13:10

«Պատերազմը խուճապ է սերմանում Եւրոպայում, ուկրայինացիները պէտք է պատրաստ լինեն թիկունքից հարւածի»․ The Guardian

«Արեւմուտքի ռազմավարական նպատակները Ուկրայինայում՝ յետ մղել ռուսական ներխուժումը, վերականգնել ազգային ինքնիշխանութիւնը եւ հասնել «խաւարի ուժերի» նկատմամբ գլոբալ դեմոկրատիայի յաղթանակի, մարտին Վարշաւայում յստակօրէն ասել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը, եւ այնուհետեւ դա արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԵՄ առաջնորդների հաւանութեանը»,- գրում է The Guardian-ը։

«alikonline.ir» - «Արեւմուտքի ռազմավարական նպատակները Ուկրայինայում՝ յետ մղել ռուսական ներխուժումը, վերականգնել ազգային ինքնիշխանութիւնը եւ հասնել «խաւարի ուժերի» նկատմամբ գլոբալ դեմոկրատիայի յաղթանակի, մարտին Վարշաւայում յստակօրէն ասել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը, եւ այնուհետեւ դա արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԵՄ առաջնորդների հաւանութեանը»,- ըստ News.am-ի՝ գրում է The Guardian-ը։

«Միշտ աւելի քիչ պարզ է եղել այն, թէ արդեօք նրանք իսկապէս ակնկալում են հասնել այդ նպատակներին՝ հաշւի առնելով ուղղակի մասնկցութեան ՆԱՏՕ-ի ոչ այնքան հերոսական մերժումը: Հիմա անյարմար, նոյնիսկ տխուր հարց է առաջանում՝ արժի՞ արդեօք, որ ուկրայինացիները պատրաստւեն այս ձմռանը թիկունքից հարւածի։

Պատերազմի սկզբից մօտ վեց ամիս անց, հռետորաբանութեան եւ իրականութեան միջեւ խորացող անջրպետը պոտենցիալ ճակատագրական է դառնում: Ներխուժման վերաբերեալ հանրային վրդովմունքը տեղի է տալիս խուճապի հասնող անհանգստութեանը՝ կապւած էներգիայի, սննդամթերքի եւ կեանքի գնի վրայ դրա տագնապալի հետեւանքների հետ:

Սա, իր հերթին, կասկածներ է առաջացնում Արեւմուտքի վճռականութեան վերաբերեալ: Որքա՞ն ժամանակ կը պահանջւի մինչեւ Եւրոպայի առանց այն էլ սասանւած միասնութիւնը փլուզւի, եթէ Ռուսաստանը վերջնականապէս անջատի գազի փականը։

Բայդէնը պատերազմը ներկայացրել է որպէս բարու եւ չարի համընդհանուր պայքարի մաս: «Մենք աջակցում ենք ձեզ»,- ասել է նա ուկրայինացիներին: «Արագ ու պատժիչ ծախսերը միակ բանն է, որը կը ստիպի Ռուսաստանին փոխել կուրսը»։

Չնայած աննախադէպ պատժամիջոցներին, Ռուսաստանը չի փոխել իր կուրսը։

Կրկնելով Բայդէնին՝ Բորիս Ջոնսոնը բազմանշանակ յայտարարել էր, որ «Վլադիմիր Պուտինի ագրեսիւ ակտը պէտք է անյաջողութեան մատնւի»։ Սակայն Ջոնսոնը անորոշ էր խօսել երկարաժամկէտ հեռանկարի մասին եւ չափազանցրել էր բրիտանական ազդեցութիւնը: «Մենք չենք կարող թոյլ տալ, որ Կրեմլը մի կտոր պոկի անկախ երկրից եւ մարդկային ահռելի տառապանքներ պատճառի»,- ասել էր նա: Այնուամենայնիւ, դա հէնց այն է, ինչ տեղի է ունենում մինչ օրս։

Ապրիլին Լիզ Թրասսն էլ աւելի զառանցական խոստումներ էր տւել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը եւ հնարաւոր յաջորդ վարչապետը Ռուսաստանից պահանջել էր լքել Ղրիմը եւ վերադառնալ 2014 թւականից առաջ գտնւող սահմաններին։ Խենթ գեներալիսիմուս յիշեցնող Թրասը երդւել էր. «Մենք աւելի ու աւելի արագ կը շարժւենք՝ Ռուսաստանին ամբողջ Ուկրայինայից դուրս մղելու համար»: Ովքե՞ր են «մենք»-ը։ Դուք եւ ո՞ւմ բանակը:

Սա է, իհարկէ, էականը։ Անցեալ շաբաթ ԱՄՆ-ը խոստացել է եւս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնութիւն, ինչի արդիւնքում Բայդէնի օրօք ընդհանուր գումարը հասել է 9,8 միլիարդ դոլարի: Մեծ Բրիտանիայում համարժէք ցուցանիշը գերազանցում է 2,3 միլիարդ ֆունտ սթեռլինգը: ԵՄ երկրները նոյնպէս զգալիօրէն մեծացրել են զէնքի մատակարարումները։ Առանց այս օգնութեան Ուկրայինան պարտութիւն կը կրէր։

Բայց Բայդէնի զգուշաւոր վճռականութիւնը՝ ամէն գնով խուսափել առճակատումից, նշանակում է, որ թէեւ Ռուսաստանը ի վերջոյ չի յաղթի, դժւար թէ վերջնականապէս պարտւի: Պատերազմը նման է եռացող կաթսայի, որը երբեք եռման աստիճանի չի հասնում...

Չնայած իր բոլոր ճոռոմ ու խանդավառ ելոյթներին՝ Ջոնսոնը բաւարարւում էր նրանով, որ թաքնւում էր Վաշինգտոնի՝ կռւելուց հրաժարւելու յետեւում: Այդպէս էր նաեւ Ֆրանսիայից Էմանուէլ Մակրոնի եւ Գերմանիայից Օլաֆ Շոլցի դէպքում:

Նման միահամուռութիւնն ամրապնդում է այն կասկածները, որ հոգու խորքում նրանք իրականում չեն հաւատում, որ Ռուսաստանին նւաստացնելու Արեւմուտքի նպատակը հասանելի է կամ նոյնիսկ ցանկալի:

Ուղիղ ռազմական յաղթանակի ճանապարհի բացակայութեան դէպքում Կիեւին հասանելի բոլոր տարբերակները քիչ թէ շատ վանող են: Չնայած հարաւում սպասւող յարձակմանը, Դոնեցկի պաշտպանութեանը եւ անցեալ շաբաթ Ղրիմում տեղի ունեցած պայթիւններին, Ուկրայինան, ինչպէս եւ Արեւմուտքը, բախւում է դաժան, բազմամեայ քայքայող պատերազմի հեռանկարին:

Զուգահեռաբար, ճնշումը կաւելանայ հրադադարի կամ, անկասկած, ինչ-որ ժամանակաւոր խաղաղութեան համաձայնագրի համար, որպէսզի Եւրոպայի տնտեսական ցաւը մեղմւի: Իտալիայում եւ այլուր աջ պոպուլիստական կուսակցութիւնները պատրաստ են օգտւել դրանից։ Բրիտանիան կենտրոնացած է թիկունքի վրայ։

Գերմանիայում հարցումը ցոյց է տալիս, որ մինչեւ 50 տոկոսը կողմ է Ռուսաստանին տարածքային զիջումներ անելուն։ Ուկրայինայի համար «արդարութիւն» փնտրողների եւ «խաղաղութեան» ձգտողների միջեւ կտրուկ անջրպետը տարածւում է ամբողջ Եւրոպայում եւ թեքւում է Կիեւի դէմ:

Ճակատագրի հեգնանքով, ամենաշատն անհանգստացնում է պատերազմի մնացած սցենարը` ուկրայինական ուժերի, այսպէս կոչւած, «աղէտալի յաջողութիւնը», որը, հերքելով բոլոր կանխատեսումները, կանխատեսում է Ռուսաստանի մօտալուտ պարտութիւնը:

Սրա հաւանականութիւնը շատ է վախեցնում արեւմտեան քաղաքական գործիչներին։ Նման սցենարում, որը նկարագրել է գեներալ սըր Ռիչարդ Բերոնսը, յուսահատ Պուտինը դիմում է քիչ հզօրութեամբ տակտիկական միջուկային զէնքի՝ աղէտը կանխելու համար: «Դա աներեւակայելի չէ, պարզապէս տհաճ է»,- սառնասրտօրէն զգուշացրել է Բերոնսը:

Ինչպէ՞ս պատասխանել։ Կարո՞ղ է տաբուն խախտող նման ոճրագործութիւնը յանգեցնել Ուկրայինայի անդամակցութեանը ՆԱՏՕ-ին եւ լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի դէմ: Ինչ-որ տեղ Արեւմուտքն իր երկչոտութեամբ ու կիսատպռատութեամբ իր գլխին կը բերէր նման աղէտ։ Բերոնսը պատրաստի պատասխաններ չունի։ Ոչ ոք չունի»,- գրում է հեղինակը, որը վերջում գալիս է այն եզրակացութեան, որ միակ ելքը «Պուտինի հեռանալն է»։ Նրա խօսքով, «դա ռազմավարական նպատակ է, որին բոլորը կարող են եւ պէտք է եռանդով ձգտեն»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։