Հա

Քաղաքական

22/08/2022 - 13:30

Թեհրանից Սոչի. տարածաշրջանային առաջնորդների տարբերւող (հակասական) օրակարգերը

Յուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցաւ Աստանայի ձեւաչափի շրջանակում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների 7-րդ եռակողմ գագաթնաժողովը: Սիրիական հիմնախնդրի կարգաւորմանը միտված այս եռակողմ ձեւաչափը, որի գաղափարական հիմքը «տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի ներուժով լուծելու» սկզբունքն է, գործում է 2017 թւականից եւ զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ներկայումս ընթացող «կառավարելի հակամարտութեան» ստատուս քւոյի հաստատման հարցում: 

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Յուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցաւ Աստանայի ձեւաչափի շրջանակում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների 7-րդ եռակողմ գագաթնաժողովը: Սիրիական հիմնախնդրի կարգաւորմանը միտված այս եռակողմ ձեւաչափը, որի գաղափարական հիմքը «տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի ներուժով լուծելու» սկզբունքն է, գործում է 2017 թւականից եւ զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ներկայումս ընթացող «կառավարելի հակամարտութեան» ստատուս քւոյի հաստատման հարցում: Ձեւաչափի տրամաբանութիւնը հետեւեալն էր. Թեհրանը եւ Մոսկւան գործում են սիրիական վարչակարգի հետ սերտ համագործակցութեամբ եւ ընդհանուր պայմանաւորւածութիւնների ու գործողութիւնների համակարգմամբ, Թուրքիան՝ վերահսկելի ընդդիմադիր խմբաւորումների։ Հէնց Աստանայի ձեւաչափի գործարկման արրդիւնքում սիրիական հակամարտութեան հարցում հակասական դիրքորոշումներ ունեցող Ռուսաստանին եւ Իրանին՝ մի կողմից, Թուրքիային՝ միւս կողմից, յաջողւել է զգալիօրէն թուլացնել մրցակից այնպիսի խաղացողների դիրքերը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, արաբական առանցքային երկրները եւ այլն։ Աստանայի եռեակի վերջին գագաթնաժողովը կազմակերպւել էր 2020 թ. յուլիսին առցանց ձեւաչափով՝ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետեւաբար Պուտին-Էրդողան-Ռէյիսի հերթական հանդիպումը որոշակիօրէն նաեւ օրակարգային կարեւորութիւն էր ձեռք բերել։

Միեւնոյն ժամանակ հարկ է նշել, որ ուկրայինական ճգնաժամի պատճառով աշխարհում ստեղծւած բազմաշերտ լարւածութեան պայմաններում միաժամանակ մի քանի ենթատարածաշրջաններում հատւող շահեր եւ վճռորոշ դերակատարում ունեցող նշւած տէրութիւնների ղեկավարների հանդիպումն օբիեկտիւ անհրաժեշտութիւն էր նաեւ յարակից այլ խնդիրներ քննարկելու, «ժամացոյցները համապատասխանեցնելու» տեսանկիւնից։ Իսկ երեք առաջնորդներին մի տեղում հաւաքելու ամենապատեհ հարթակը հէնց Աստանայի ձեւաչափն էր, մանաւանդ երբ թեմատիկ առիթը բաւականաչափ «տաք» էր. ձեւաչափի մասնակիցներից Թուրքիան ս.թ. մայիսին կրկին արհեստականօրէն օրակարգ էր բերել Սիրիայի հիւսիսում քրդական խմբաւորումների դէմ «հակաահաբեկչական» գործողութիւն իրականացնելու հարցը:

Այսպիսով՝ վերոնշեալի համատեքստում թեհրանեան բանակցութիւնների առնչութեամբ կարելի է առանձնացնել դերակատարների առանցքային ակնկալիքների որոշակի շրջանակ, որոնց իրացման առաւելագոյն հնարաւորութեանն էր ձգտում կողմերից իւրաքանչիւրը։ Մասնաւորապէս, Թուրքիան նպատակ էր հետապնդում ստանալու գործընկերների համաձայնութիւնը Սիրիայում քրդական խմբաւորումների դէմ սահմանափակ ռազմագործողութիւն իրականացնելու, հարաւկովկասեան գործընթացներում թիւրքամէտ լուծումների հասնելու հարցերում, տնտեսական ոլորտում նոր պայմանաւորւածութիւնների միջոցով մեղմելու երկրում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, իսկ Ռուսաստանի հետ յաւելեալ պայմանաւորւածութիւնների հասնելով՝ ամրապնդելու Ստամբուլում «պարենային միջանցքի» ձեւաւորման շուրջ ձեռք բերւած համաձայնութիւնը՝ դրանով իսկ փրկելով ուկրայինական ճգնաժամի համատեքստում սեփական միջնորդական դերակատարութիւնը, ինչի ձախողումը ճակատագրական սպառնալիքներով է յղի Էրդողանի վարչակարգի համար, յատկապէս ակնկալւող համապետական ընտրութիւններին ընդառաջ:

Ռուսաստանի համար թեհրանեան բանակցութիւնները կարեւոր էին այլ կենսական տարածաշրջաններում Մոսկւայի համար ոչ ցանկալի զարգացումները կառավարելի պահելու, ուկրայինական ճգնաժամի համատեքստում հակաարեւմտեան գործընկերների շրջանակն ընդլայնելու, Արեւմուտքի մեկուսացման քաղաքականութիւնը մեղմելու, դրա հետ կապւած՝ ֆինանսատնտեսական, լոգիստիկ խնդիրները հնարաւորինս կարգաւորելու համար եւ այլն։

Իրանի համար եռակողմ հանդիպումը նշանակալից էր «Միջուկային համաձայնագրի» վերականգնման գործընթացի ձգձգման պայմաններում շարունակւող տնտեսական եւ քաղաքական մեկուսացումը մեղմելու, տարածաշրջանային կարեւոր գործընկերների հետ ֆինանսատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում նոր պայմանաւորւածութիւնների միջոցով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելաւելու, ինչպէս Սիրիայում, այնպէս էլ կենսական շահերի գօտի հանդիսացող այլ տարածաշրջաններում (Հարաւային Կովկաս) գործընկերների երկկողմ պայմանաւորւածութիւնների հնարաւորութեան դէպքում սեփական «կարմիր գծերը» ուրւագծելու տեսանկիւնից եւ այլն։

Վերոնշեալի համատեքստում, հաշւի առնելով կուտակւած խնդիրների սրութիւնն ու բազմաշերտութիւնը, թեհրանեան բանակցութիւնները տեղի ունեցան նախ երկկողմ՝ Իրան-Թուրքիա, Իրան-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա, ապա՝ նաեւ եռակողմ ձեւաչափով։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներին ընդունեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէին: Ինչպէս եւ կանխատեսւում էր, Սիրիայի հարցից բացի, Ռէյիսին, Էրդողանն ու Պուտինը քննարկեցին նաեւ իրենց երկրների միջեւ փոխյարաբերութիւնները, ուկրայինական եւ պարենային ճգնաժամերը, գլոբալ լարւածութիւնը, Իրանի միջուկային ծրագիրը, հակաահաբեկչական պայքարը, պաղեստինեան հիմնախնդիրը, Հարաւային Կովկասին առնչւող եւ այլ հարցեր։ Այն, որ բանակցութիւնները չափազանց բարդ էին, իսկ կողմերի դիրքորոշումները՝ անզիջում եւ յաճախ նաեւ անհամադրելի, պարզորոշ երեւում էր ոչ միայն հանդիպումների ընդհանուր մթնոլորտից, այլեւ դրանք ամփոփող յայտարարութիւնների տեքստերից։

 

Իրան-Թուրքիա բանակցութիւններ

Թուրքիայի եւ Իրանի նախագահների համանախագահութեամբ անցկացւեց երկու երկրների համագործակցութեան բարձրագոյն խորհրդի 7-րդ նիստը, որի շրջանակներում կողմերը ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցութեան 8 փաստաթուղթ ու յուշագիր, այդ թւում՝ երկարաժամկէտ եւ համապարփակ համագործակցութեան նախագիծը: Երկու երկրների ղեկավարների քննարկումների շրջանակներում էին նաեւ Իրան-Թուրքիա գազի պայմանագիրը երկարաձգելու եւ ընդարձակելու, համատեղ ներդրումների, գիտատեխնիկական պարկերի ստեղծման, ահաբեկչութեան, կազմակերպւած յանցագործութեան եւ թմրանիւթերի դէմ պայքարի հարցերը: Իրանի նախագահը շեշտել էր երկկողմ առեւտուրը եռապատկելու՝ 30 մլրդ դոլարի հասցնելու նպատակը:

Երկկողմ հանդիպումն ամփոփող յայտարարութեան տեքստում անդրադարձ է եղել նաեւ Հարաւային Կովկասին։ Ընդգծւել է բազմակողմ համագործակցութեան զարգացման տեսանկիւնից «3+3» տարածաշրջանային խորհրդակցութիւնների հարթակի կարեւորութիւնը, որը ենթադրում էր «Աստանայի ձեւաչափի տեղայնացում Հարաւային Կովկասում»։

Հաշւի առնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառավարման համակարգի առանձնայատկութիւնները՝ յատկապէս յատկանշական են Իրանի փաստացի ղեկավար այաթ. Խամենէիի եւ Էրդողանի հանդիպմանն իրանական կողմի հնչեցրած սկզբունքային ու վճռորոշ ուղերձները։ Այաթ. Խամենէին մասնաւորապէս ընդգծել է.

- «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը շատ կարեւոր է: Սիրիայի հիւսիսում ցանկացած ռազմական յարձակում լինելու է յօգուտ ահաբեկիչների եւ ի վնաս Թուրքիայի, Սիրիայի եւ ամբողջ տարածաշրջանի»:

- «Իրանը Թուրքիայի եւ նրա սահմանների անվտանգութիւնն իր անվտանգութիւնն է համարում։ Դուք էլ պէտք է Սիրիայի անվտանգութիւնը ձեր անվտանգութիւնը համարէք: Սիրիայի հարցը պէտք է բանակցութեամբ լուծւի: Իրանը, Թուրքիան, Սիրիան եւ Ռուսաստանը այս հարցը պէտք է բանակցութեամբ լուծեն»:

Այաթ. Խամենէին, գոհունակութիւն յայտնելով «Ղարաբաղի՝ Ադրբեջանին վերադարձի» կապակցութեամբ, նշել է. «Իհարկէ, եթէ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականութիւն լինի, Իսլամական Հանրապետութիւնը դէմ կը լինի դրան, քանի որ այս սահմանը հազարամեակների վաղեմութիւն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»:

 

Իրան-Ռուսաստան բանակցութիւններ

Իրանի ու Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում ընդգծւել է տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային նոր ոլորտներում համագործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը, շեշտւել տարածաշրջանում անկախ երկրների անվտանգութեան ամրապնդման հարցում իրենց լուրջ կամքը: Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարում երկու երկրների յաջող համագործակցութեան փորձին՝ Իրանի նախագահը այն համարել է տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդման հիմք:

Բացի այդ՝ Վլադիմիր Պուտինին եւս ընդունել է Իրանի հոգեւոր առաջնորդը։ Հանդիպմանը այաթ. Խամենէին մասնաւորապէս նշել է.

- «Արեւմտեան պատժամիջոցների պայմաններում Իրան-ՌԴ տնտեսական համագործակցութիւնն անհրաժեշտութիւն է եւ երկու երկրների օգտին»:

- «Պատերազմը դաժան բան է, եւ Իսլամական Հանրապետութեանը բոլորովին հաճելի չէ, որ դրանից տուժում են հասարակ մարդիկ, բայց Ուկրայինայի դէպքում, եթէ դուք նախաձեռնութիւնը ձեր ձեռքը չվերցնէիք, միւս կողմը սեփական նախաձեռնութեամբ էր պատերազմի պատճառ դառնալու»։

- «Արեւմուտքը անկախ եւ ուժեղ Ռուսաստանի դէմ է, եւ ՆԱՏՕ-ն վտանգաւոր կառոյց է: Եթէ ՆԱՏՕ-ի առջեւ ճանապարհը բաց լինի, նրանք չափ ու սահման չեն ճանաչի։ Եթէ նրանց առաջխաղացումը Ուկրայինայում չկանխւէր, Ղրիմի պատրւակով նրանք էին պատերազմ սկսելու»։

- «Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի հանդուրժի որեւէ քաղաքականութիւն եւ ծրագիր, որը Իրանի ու Հայաստանի սահմանի փակմանը կը յանգեցնի»։

Այաթ. Խամենէին շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանն աջակցելու եւ այդ երկրի վրայ ռազմական յարձակմանը դէմ լինելու Իրանի դիրքորոշումն ու յաւելել նաեւ, որ ամերիկացիները պէտք է դուրս գան Սիրիայից։

Հարկ է նշել, որ Իրան-Հայաստան սահմանի վերաբերեալ շեշտադրումը տարածւել է նաեւ Իրանի բարձրագոյն ղեկավարի թւիթերեան էջում։

Թեհրանում հանդիպել են նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները: Հանդիպման վերաբերեալ Կրեմլի տարածած հաղորդագրութեան մէջ նշւել է նաեւ, որ քննարկւել են երկկողմ յարաբերութիւնները, ուկրայինական ճգնաժամը, Սեւ ծովով հացահատիկի արտահանման խնդիրը, ինչպէս նաեւ արցախեան հիմնախնդիրը եւ այլն։

 

Աստանայի ձեւաչափի երկրների համատեղ յայտարարութիւնը

Երկկողմ հանդիպումներից յետոյ անցկացւել է Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այն ամփոփող համատեղ յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւել է, որ կողմերը՝

- քննարկել են վերջին հանդիպումից յետոյ արձանագրւած զարգացումները, ընդգծել եռակողմ համագործակցութեան անհրաժեշտութիւնը,

- ընդգծել են իրենց անսասան հաւատարմութիւնը Սիրիայի ինքնիշխանութեանը, անկախութեանը, միասնութեանը եւ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան նպատակներին ու սկզբունքներին, շեշտադրել, որ այդ սկզբունքները պէտք է յարգւեն բոլորի կողմից, եւ ոչ մի գործողութիւն չպէտք է խախտի դրանք,

- իրենց վճռականութիւնն են յայտնել շարունակելու համագործակցութիւնը ահաբեկչութեան դէմ պայքարում բոլոր ձեւերով եւ միջոցներով, դատապարտել Սիրիայի տարբեր շրջաններում տարբեր անուններով ահաբեկչական խմբաւորումների եւ դրանց յարակից խմբերի ներկայութիւնն ու ակտիւութիւնը, այդ թւում՝ քաղաքացիական օբիեկտների վրայ յարձակումները, որոնք անմեղ մարդկանց մահւան են յանգեցնում, ընդգծել Հիւսիսային Սիրիային առնչւող բոլոր միջոցառումների լիարժէք իրականացման անհրաժեշտութիւնը,

- այս առումով ընդգծել են, որ անընդունելի են ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով տեղում նոր իրողութիւններ ստեղծելու բոլոր ջանքերը, այդ թւում՝ ինքնավարութեան անօրինական նախաձեռնութիւնները, որ պէտք է դիմակայել անջատողական օրակարգերին, որոնք ուղղւած են Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան թուլացմանը, ինչպէս նաեւ սպառնալիք են հարեւան երկրների ազգային անվտանգութեան համար,

- մանրամասն քննարկել են իրավիճակը Իդլիբի դէէսկալացիոն գօտում, ընդգծել խաղաղութեան պահպանման, Իդլիբին առնչւող բոլոր պայմանաւորւածութիւնները կատարելու անհրաժեշտութիւնը, լուրջ մտահոգութիւն են յայտնել ահաբեկչական խմբաւորումների առկայութեան եւ գործունէութեան առնչութեամբ, որոնք սպառնում են խաղաղ բնակչութեանը, պայմանաւորւել աւելի շատ ջանքեր գործադրել Իդլիբի դէէսկալացիոն գօտում եւ դրա շրջակայքում իրավիճակի կայուն կարգաւորումը, այդ թւում՝ հումանիտար օգնութիւնն ապահովելու համար,

- խոր մտահոգութիւն են յայտնել Սիրիայում մարդասիրական օգնութեան ու միակողմանի պատժամիջոցների առնչութեամբ, որոնք հակասում են մարդասիրական իրաւունքին ու ՄԱԿ-ի կանոնադրութեանը, ինչպէս նաեւ Սիրիայի որոշ շրջանների նկատմամբ կիրառւող բացառութիւններին, որոնք կարող են նպաստել անջատողականութեան օրակարգին, միջազգային կազմակերպութիւններին կոչ են արել մարդասիրական օգնութիւն տրամադրելու թափանցիկ եւ բոլոր սիրիացիներին,

- ընդգծել են, որ սիրիական հակամարտութիւնը չունի ռազմական լուծում եւ կարող է լուծւել միայն ներքաղաքական գործընթացի միջոցով,

- նշելով, որ փախստականները եւ ներքին տեղահանւած անձինք ունեն վերադառնալու եւ աջակցութիւն ստանալու իրաւունք, շեշտել են նրանց կամաւոր եւ անվտանգ վերադարձն ապահովելու անհրաժեշտութիւնը՝ միջազգային հանրութեանը կոչ անելով համապատասխան օգնութիւն ցուցաբերելու փախստականներին վերաբնակեցնելու եւ բնականոն կեանքի վերադարձնելու հարցում,

- դատապարտել են Սիրիայի վրայ Իսրայէլի ռազմական յարձակումները՝ այդ թւում՝ քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ, դրանք համարելով միջազգային իրաւունքի, միջազգային հումանիտար իրաւունքի եւ Սիրիայի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան խախտում, ինչպէս նաեւ տարածաշրջանում լարւածութիւնը մեծացնող գործօն,

- սիրիական հարցից զատ՝ ընդգծել են եռակողմ համագործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը,

- պայմանաւորւել են Աստանայի ձեւաչափով յաջորդ հանդիպումն անցկացնել մինչեւ 2022թ. տարեվերջ Ռուսաստանում:

- Պաշտօնական յայտարարութիւնների յատկապէս ընդգծւած հատւածներն ի ցոյց են դնում կողմերի միջեւ եղած խորքային եւ չյաղթահարւած տարաձայնութիւնները նաեւ թեհրանեան բանակցութիւններից ունեցած ակնկալիքների համատեքստում։ Այս առումով ակնյայտ է, որ արձանագրւած խնդիրները հիմնականում պայմանաւորւած էին Թուրքիայի դիրքորոշմամբ, ընդ որում՝ ինչպէս Սիրիայում, այնպէս էլ Հարաւային Կովկասում։ Յատկապէս երկու ենթատարածաշրջաններում ենթադրւող խնդիրների վերլուծութեան համատեքստում կարելի է յանգել հետեւեալ եզրակացութիւններին.

1. Աստանայի ձեւաչափի մասնակից դերակատարների միջեւ սկզբունքային տարաձայնութիւնները վերաբերում են Սիրիայի հիւսիսային շրջաններին, որտեղ տեղակայւած քրդական ուժերի դէմ թուրքական կողմը ծրագրում է նոր «հակաահաբեկչական» ռազմագործողութիւն իրականացնել։ Յայտարարութիւնների տեքստերում արւած շեշտադրումները թոյլ են տալիս հաւաստել, որ Մոսկւան ու Թեհրանն առայժմ չեն արտօնել Անկարայի նշւած գործողութիւնը։

2. Ինչպէս Սիրիայում, այնպէս էլ Հարաւային Կովկասում ծաւալւող գործընթացների վերաբերեալ 3 տէրութիւնների դիրքորոշումներում կան սկզբունքային տարաձայնութիւններ, եւ Իրանը հերթական անգամ ընդգծել է իր «կարմիր գծերը» ակնկալւող հնարաւոր զարգացումներին ընդառաջ։ Այս համատեքստում ուշագրաւ է յատկապէս Էրդողանի հետ հանդիպմանն Իրանի առաջնորդի շեշտադրումը՝ «Իրան-Հայաստան սահմանը հազարամեակների վաղեմութիւն ունեցող հաղորդակցական ճանապարհ է» (այսինքն՝ ի հակադրութիւն նրա, որ թիւրքական տարրը եկւոր է):

3. Հանդիպումների ընթացքում «3+3» ձեւաչափի առաջմղման վերաբերեալ բովանդակային շեշտադրումների բացակայութիւնը (բացի թեմատիկ թւարկումից) փաստում է այն մասին, որ առնւազն ներկայ շրջափուլում հարաւկովկասեան տարածաշրջանում կողմերի միջեւ համագործակցութեան հնարաւորութիւնը բաւականաչափ ցածր մակարդակի վրայ է։ Բայց եւ այնպէս, պայմանաւորւած տարածաշրջանային հնարաւոր զարգացումներով, անշուշտ կանխատեսելի է նաեւ կողմերի միջեւ բազմաշերտ քաղաքական սակարկութիւնների հնարաւորութիւնը։

 

Պուտին-Էրդողան Սոչիի հանդիպումը

Ինչպէս արդէն նշւեց, թեհրանեան հանդիպումները ոչ միայն չարդարացրին մասնակիցների հակասական ակնկալիքների զգալի մասը, այլեւ նոր՝ անյետաձգելի բանակցութիւնների օրակարգ ձեւաւորեցին, բայց արդէն ոչ եռակողմ ձեւաչափով։ Յատկապէս իրանական դիրքորոշմամբ պայմանաւորւած խնդիրների մասին բաւականաչափ ուղիղ եւ ուշագրաւ գնահատական է զետեղւել թուրքական «Anadolu» պետական լրատւական գործակալութեան ռուսական բաժնում հրապարակւած վերլուծականում. «Իրանը կրկին յիշեցրել է տարածաշրջանային անվտանգութեան կարեւորագոյն հարցերի շուրջ խնդիրներ ստեղծելու իր «ունակութիւնը»։ Թեհրանը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ չի ցանկանում ընդունել կայունացման համապարփակ սցենարը։ Իսլամական Հանրապետութիւնը պահպանել է իրեն բնորոշ դիրքորոշումը՝ բանակցութիւնների միւս մասնակիցներից պահանջելով ամէն ինչ, բայց միաժամանակ չցանկանալով գնալ զիջումների»։

Իրանական վերլուծական դաշտում ընդգծւել է Թեհրանում ուրւագծւած՝ ռուս-թուրքական բանակցութիւնների առաջնահերթութեան հանգամանքը՝ պայմանաւորւած ինչպէս աշխարհաքաղաքական իրողութիւններով, այնպէս էլ երկու երկրների ներքին խնդիրներով։ Այս տեսանկիւնից առանձնայատուկ կերպով շեշտւել է, որ Մոսկւայի եւ Անկարայի ակնկալիքների տեսանկիւնից Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումը շատ աւելի կարեւոր է, քան բուն Աստանայի գործընթացը։ Նրանց շահերը որոշակիօրէն համադրելի են ինչպէս Սիրիայում, այնպէս էլ հիմնականում ուկրայինական ճգնաժամով պայմանաւորւած իրողութիւններում, մասամբ՝ նաեւ Հարաւային Կովկասում։ Ուստի միայն թեհրանեան բանակցութիւնները բաւարար չեղան Ռուսաստանի եւ Թուրքիայի առջեւ ծառացած բազմաթիւ հարցեր քննարկելու համար։ Ուստի Թեհրանից ընդամէնը 17 օր անց երկու առաջնորդները հանդիպեցին Սոչիում։ Առանձին հանդիպման նպատակը մի կողմից հէնց առաջնային երկկողմ օրակարգերի առաջմղումն էր, միւս կողմից, չի բացառւում, որոշ խնդրայարոյց հարցերում նաեւ Իրանի դիրքորոշումը շրջանցելը։ Վերջինն ակնյայտ էր, օրինակ, թեհրանեան բանակցութիւնների հարաւկովկասեան թեմատիկայում, երբ Իրանի փաստացի առաջնորդը Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին յիշեցրեց իրանական կողմի «կարմիր գծերը»։

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը եւս, ըստ էութեան, բաւականաչափ տարողունակ էր. բանակցութիւնները ձգւել են աւելի քան 4 ժամ։

Թուրքական պատւիրակութեան պատկառելի կազմից՝ (ուժային, հետախուզական, ֆինանսատնտեսական, տրանսպորտային ոլորտների պատասխանատուներ) ընդհանուր մթնոլորտը եւ հանդիպման մասին բաւականաչափ սուղ տեղեկատւութեան տարածումից կարելի է ենթադրել զգալի ծաւալով ստւերային պայմանաւորւածութիւնների հնարաւորութեան մասին։

Ինչպէս եւ ակնկալւում էր, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը՝ առեւտուր, էներգետիկա, տրանսպորտ, գիւղատնտեսութիւն, արդիւնաբերութիւն, ֆինանսներ, զբօսաշրջութիւն, շինարարութիւն: Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներից նշւել է ուկրայինական ճգնաժամին, «հացահատիկային» միջանցքի շուրջ Ստամբուլի փաթեթային գործարքին, սիրիական եւ լիբիական հակամարտութիւններին անդրադարձների մասին։ Նման ընդգրկուն օրակարգով տեւական բանակցութիւններից յետոյ երկու առաջնորդները բաւարարւեցին ընդամէնը շատ սեղմ ամփոփիչ յայտարարութեամբ, ինչը նաեւ զգալի թւով հարցերի եւ ենթադրութիւնների տեղիք է տալիս, յատկապէս հանդիպման կարեւորութեան վերաբերեալ դրան նախընթաց Էրդողանի ամպագորգոռ գնահատականի համատեքստում. «Եւ այս հարցերի հետ մէկտեղ այսօր աշխարհը աչքը սեւեռել է Սոչիին՝ ինչ են անելու Սոչիում, ինչով են զբաղւելու, ինչ են քննարկելու։ Հաւանաբար, (աշխարհը) ուշադիր հետեւում է մեր հանդիպմանը Սոչիում։ Եւ մեր հանդիպումից յետոյ, հաւանաբար, լաւագոյն պատասխանը կուղարկւի այս շրջանակներին, այս անհատներին»։

Վերոնշեալի համատեքստում բաւականաչափ «խօսուն» է յայտարարութեան տեքստում զետեղւած հետեւեալ ձեւակերպումը. «Տարածաշրջանային հարցերի առնչութեամբ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ անկեղծ եւ վստահելի յարաբերութիւնների կարեւորութիւնը՝ հասնելու տարածաշրջանային եւ միջազգային կայունութեան»։

Գուցէ նաեւ հէնց այս մտքի միջոցով են ակնարկւում երկու կողմերի հետաքրքրութիւնների շրջանակում գտնւող այնպիսի հարցեր, որոնց մասին ուղղակի արձանագրում չկայ տեքստում։ Դրանց թւում են, բնականաբար, Հարաւային Կովկասին առնչւող հարցերը, արցախեան հիմնախնդիրը, որի շրջանակում վերջին ռազմական լարւածութիւնը Բերձորի հատւածում ադրբեջանական կողմից հրահրւել էր Սոչիի հանդիպումից ընդամէնն օրեր առաջ։ Ուստի այս խնդրի եւ ընդհանրապէս հարաւկովկասեան զարգացումների շուրջ յատուկ շեշտադրումների բացակայութիւնն առնւազն ստւերային քննարկումների վերաբերեալ ենթադրութիւնների հիմքեր է ստեղծում, մանաւանդ այն դէպքում, երբ դեռ բանակցութիւններից առաջ հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական թեմատիկայի ընդգրկման մասին նշւել էր երկու կողմից էլ, ընդ որում՝ նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի ներառմամբ։ Բացի այդ՝ Ռուսաստանն ու Թուրքիան արցախեան հիմնախնդրի շրջանակում ունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու յատուկ գործառոյթ՝ ի դէմս Աղդամում տեղակայւած մոնիթորինգային կենտրոնի։ Հետեւաբար արցախեան հիմնախնդրի, հարաւկովկասեան զարգացումների փաստացի հրապարակային «անտեսումը» չի բացառում դրանց առնչւող ստւերային սակարկութիւնների հնարաւորութիւնը, յատկապէս աւելի վաղ Թեհրանում իրանական կողմի արտայայտած կտրուկ դիրքորոշման համատեքստում։

Ամփոփելով նշենք, որ Սոչիի բանակցութիւնների ընդհանուր արդիւնքների ու հնարաւոր նոր պայմանաւորւածութիւնների իրական պատկերը, նաեւ թեհրանեան բացայայտ հակասութիւնների պայմաններում, կարող է աւելի տեսանելի դառնալ առաջիկայ զարգացումների ընթացքում՝ ինչպէս գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներում, այնպէս էլ, մասնաւորապէս, արցախեան ռազմական թատերաբեմում եւ բանակցային հարթակներում։

 

«Դրօշակ» թիւ 8 (1669), 2022թ․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։