168.am-ի հետ զրոյցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ այս հարցում ակնյայտօրէն լուրջ տարաձայնութիւններ կան Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ չի յաջողւում համաձայնութեան գալ ճանապարհի ձեւաչափի շուրջ, եւ Թուրքիան այդ հարցը նախատեսում է լուծել Ռուսաստանի հետ: Դա, նրա որակմամբ, վտանգաւոր իրավիճակ է, քանի որ Ռուսաստանին էլ աշխարհաքաղաքական զարգացումների այս հանգրւանում խիստ անհրաժեշտ է Թուրքիայի աջակցութիւնը, որն էլ իր հերթին՝ Արեւմուտքի մեծ ճնշման տակ է գտնւում Ռուսաստանի պատճառով:
«alikonline.ir» - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն իր հերթական հարցազրոյցում անդրադարձել է Հայաստանի հետ, այսպէս կոչւած, նորմալացման գործընթացին եւ «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին:
Թուրքական Haber Global հեռուստաընկերութեան եթերում թուրք դիւանագէտը նշել է, որ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը բոլորին տեսանելի է, Երեւանում պէտք է կողմնորոշւեն՝ ուզո՞ւմ են խաղաղութիւն, թէ՞ ոչ։
«Թուրքիայի եւ Հայաստանի յատուկ ներկայացուցիչներն անց են կացրել չորս հանդիպում։ Խօսքը գնում է յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման մասին։ Ադրբեջանի յաղթանակից յետոյ Թուրքիան հանդէս է եկել Հարաւային Կովկասում երկարաժամկէտ խաղաղութեան օգտին։ Այս ուղղութեամբ քայլերը շարունակւում են։ Խօսքը գնում է Հայաստանի հետ աւիահաղորդակցութեան մասին, եւ այլն։ Նաեւ որոշակի ջանքեր են ձեռնարկւել առեւտրային ոլորտում»,- յայտարարել է Չաւուշօղլուն։
Նրա պնդմամբ՝ Անկարան որեւէ գաղտնի պլան չունի Բաքւից։ «Հարաւային Կովկասում երկարաժամկէտ խաղաղութեան գրաւականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մասշտաբային խաղաղութեան պայմանագիրն է։ Բաքուն յայտարարել է իր նախաձեռնութիւնները, որոնց Երեւանը չի պատասխանել։ Ստեղծւել է համատեղ յանձնաժողով, որը պէտք է սկսի աշխատանքները։ Խօսքը գնում է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սակայն Հայաստանում մտահոգւած են դրանով։ Երեւանում պէտք է կողմնորոշւեն՝ ուզո՞ւմ են խաղաղութիւն, թէ՞ ոչ»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ ըստ էութեան ակնարկելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրում են «Զանգեզուրի միջանցքը», ու դրանից հրաժարւելն ունենալու է հետեւանքներ:
Չաւուշօղլուն եւս մէկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը չի կարելի առանձնացնել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացից, քանի որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են եւ կախւած են մէկը միւսից։
Օրերս APA-ի հետ զրոյցում Թուրքիայի առեւտրի նախարարի տեղակալ, Մաքսային վարչութեան տնօրէն Ռեզա Թունա Թուրագայն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարաւորութիւններին: Նրա խօսքով, «Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիային առաւելութիւն կը տայ այն իմաստով, որ Ադրբեջանի միջոցով երկիրը կը կարողանայ դուրս գալ Կենտրոնական Ասիայի երկրներ եւ աւելացնել առեւտրի ծաւալները: «Ռուսաստանի հետ ամենաբարձ մակարդակով շարունակում ենք բանակցել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցով: Ակնկալում ենք, որ միջանցքը կը բացւի ամենամօտ ժամանակներս»,- ասել էր թուրք փոխնախարարը:
Աւելի վաղ Իլհամ Ալիեւն էլ յայտարարել էր, թէ Բաքուն առաջիկայ շաբաթներին հայկական կողմից սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն:
«Մենք պէտք է խաղաղ բանակցութիւններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց յուսով եմ, որ մենք կը ստանանք այն։ Պէտք է ստեղծել դելիմիտացիայի յանձնաժողով։ Նրանք դէմ էին դրան, բայց ի վերջոյ համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցք» է պէտք, բայց նրանք դրան էլ էին դէմ։ Հիմա առաջիկայ շաբաթներին նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն»,- Ալիեւի խօսքերը մէջբերել են ադրբեջանական լրատւամիջոցները:
Եւ չնայած Նիկոլ Փաշինեանն օգոստոսի սկզբին յայտարարել էր, թէ ադրբեջանցիները ՀՀ օրէնսդրութեամբ սահմանւած կարգով հէնց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու գնալ Նախիջեւան, որը, ի դէպ, բացասաբար ընկալւեց հայ հասարակութեան մի մեծ հատւածի կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ պէտք է լինի միջանցք, եւ այդ հարցով բանակցում են ռուսական կողմի հետ:
168.am-ի հետ զրոյցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ այս հարցում ակնյայտօրէն լուրջ տարաձայնութիւններ կան Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ չի յաջողւում համաձայնութեան գալ ճանապարհի ձեւաչափի շուրջ, եւ Թուրքիան այդ հարցը նախատեսում է լուծել Ռուսաստանի հետ: Դա, նրա որակմամբ, վտանգաւոր իրավիճակ է, քանի որ Ռուսաստանին էլ աշխարհաքաղաքական զարգացումների այս հանգրւանում խիստ անհրաժեշտ է Թուրքիայի աջակցութիւնը, որն էլ իր հերթին՝ Արեւմուտքի մեծ ճնշման տակ է գտնւում Ռուսաստանի պատճառով:
«Ռուսաստանն ամէն գնով ցանկանում է պոկել Թուրքիային արեւմտեան ազդեցութիւնից, եւ ներկայումս ռուս-թուրքական աշխարհաքաղաքական «առեւտուրն» ամենաթէժ փուլում է: Էրդողան-Պուտին վերջին հանդիպումից յետոյ տեսանք, որ քննարկւեց թէ Սիրիան, թէ Հարաւային Կովկասը, թէ Ուկրայինան, թէ ուկրայինական հումանիտար խնդիրներ, թէ տնտեսական բլոկի փոխհամագործակցութիւն, սրանք այն թեմաներն են, որոնց շուրջ երկու կողմը բանակցում են եւ փորձում հասնել իրենց ցանկալի արդիւնքին: Ճանապարհի ձեւաչափի շուրջ ՌԴ-ն սկզբունքային մօտեցում չունի, թէեւ ռուսական կողմից եղել է յայտարարութիւն, որ ՀՀ ինքնիշխանութիւնը պահպանւելու է: Սակայն անկայուն աշխարհաքաղաքականութեան եւ ակտիւ բանակցութիւնների փուլում դիրքորոշումները կարող են փոխւել»,- ասաց վերլուծաբանը՝ յաւելելով, որ այս իմաստով դրական չէ նաեւ հայ-ռուսական սառնութիւնը, որն արտայայտւեց վերջերս ռուսական բողոքի նոտայով: Նրա կարծիքով, այս զարգացումների կոնտեքստում ուշագրաւ է յիշել Իրանից ամենաբարձր մակարդակով հնչող յայտարարութիւնները հայ-իրանական սահմանի արգելափակման անթոյլատրելիութեան մասին:
«Կան բանակցութիւններ, գործընթացներ, որոնք ամբողջութեամբ հրապարակային չեն, եւ միայն որոշ ժամանակ անց է աւելի պարզ դառնում այդ գործընթացների հնարաւոր ուղղութիւնը: Եւ ստացւում է, որ իրանական կողմն ունէր հիմքեր նման մտավախութիւնների համար: Այս առումով էական նշանակութիւն կարող է ունենալ նաեւ Իրան-Արեւմուտք միջուկային գործարքի վերականգնումը, որը կամրապնդի տարածաշրջանում Իրանի դիրքերն ու դիրքորոշումները: Կապ ունի նաեւ, թէ այն ինչ ժամկէտներում տեղի կունենայ, եւ Իրանի հետ ինչպէս կաշխատեն: Հարաւային Կովկասում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքերից է կախւած լինելու հնարաւոր համաձայնութիւնը, իսկ դրանք դեռ փոփոխւում են՝ Ռուսաստանի վիճակն է պատերազմում փոխւում, Թուրքիան է Արեւմուտքի ճնշումների ու Ռուսաստանի հետ բանակցութիւնների ընթացքում, Իրանն է Արմուտքի հետ համաձայնութիւնների շեմին: Սրանք էական գործընթացներ են, եւ Հայաստանի շահերից կը բխի այս հարցում Իրանի աւելի ծանրակշիռ խօսքը, որը կը լինի այդպիսին միջուկային նոր համաձայնութեան դէպքում»,- ասաց նա:
Յիշեցնենք, որ յունիսին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը Երեւան կատարած պաշտօնական այցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի յայտարարութիւններին, ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհային ռեժիմը հիմնւած կը լինի Հայաստանի տարածքի ինքնիշխանութեան ճանաչման վրայ։ «Դա կը լինի պարզեցւած, բայց միանշանակ հիմնւած կը լինի հայկական տարածքի ինքնիշխանութեան ճանաչման վրայ, եւ այստեղ ոչ մի երկիմաստութիւն լինել չի կարող»,- ընդգծել էր Լաւրովը:
Արաքս Մարտիրոսեան