ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր առանձնատանը գաղտնի նիւթեր գտնելու նպատակով Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի իրականացրած խուզարկութիւնից յետոյ առաջին հանրահաւաքում գործող նախագահ Ջօ Բայդէնին անւանել է «պետութեան թշնամի»:
«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր առանձնատանը գաղտնի նիւթեր գտնելու նպատակով Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի իրականացրած խուզարկութիւնից յետոյ առաջին հանրահաւաքում գործող նախագահ Ջօ Բայդէնին անւանել է «պետութեան թշնամի», ըստ News.am-ի՝ տեղեկացրել է BBC-ին։
Փենսիլւանիայի նահանգի Ուիլքս Բար քաղաքում իր կողմնակիցների առջեւ ունեցած ելոյթում ԱՄՆ նախկին նախագահը Բայդէնին մեղադրել է ՀԴԲ-ին իր դէմ օգտագործելու մէջ։
«Նրանց խուզարկութիւնը ցանկացած վարչակազմի կողմից իշխանութեան ամենացնցող չարաշահումներից մէկն էր Ամերիկայի պատմութեան մէջ»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նահանգ էր եկել հանրապետական երկու թեկնածուների՝ Մեհմէթ Օզին եւ Դագ Մասթրիանոյին աջակցելու համար։
Դոկտոր Մեհմէթ Օզը առաջադրւել է Սենատում ընտրւելու համար, իսկ նահանգի սենատոր Դագ Մասթրիանոն ընտրութիւններին մասնակցում է Փենսիլւանիայի յաջորդ նահանգապետի պաշտօնի համար։
76-ամեայ Թրամփը մօտ երկժամեայ ելոյթի առաջին մասը ծախսել է ՀԴԲ-ի խուզարկութիւնը քննադատելու վրայ, բայց յետոյ վերադարձել է 2020թ. ընտրութիւնների թեմային՝ յայտարարելով, որ դրանք գողացել են իրենից, քննադատել է Դեմոկրատական կուսակցութեան իր մրցակիցներին եւ խոստացել «փրկել մեր երկիրը»։