Հա

Քաղաքական

27/09/2022 - 13:00

Արեւմո՞ւտք, թէ՞ արեւելք

Վերջին տարիներին փորձում եմ թարմացնել իմ գիտելիքները հայոց պատմութեան հարցերում։

Ցանկալի կը լինէր, որ մեր պատմաբանները մի կողմ դնէին իրենց կարծրատիպերը եւ խորը, փաստերի վրայ յենւած, վերլուծական աշխատութիւն հրապարակէին այս թեմայով։

Ինչեւէ, փորձեմ հակիրճ ներկայացնել հայոց պատմութեան որոշ դրւագներ, այդ ամէնը դիտարկելով այսօրւայ քաղաքական իրավիճակով պայմանաորւած։ Մեր պատմութեան հազարամեակների ընթացքում, պատերազմել ենք ժամանակին մեզ հարեւան տարբեր կայսրութիւնների հետ՝ Ասորեստան, Բաբելոն, Հռոմ, Պարսկաստան եւ այլն։

Փորձենք դիտարկել հայոց պատմութեան որոշ դրւագներ, սկսած առաջին դարից մ․թ․ա.։ 

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Արեւելքի եդեմներին իջաւ պայծառ իրիկուն,

Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.

Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…

Ա՜խ, թէ նորից գըտնեմ ճամփան, դէպի էնտե՜ղ, դէպի տո՜ւն…

Յովհաննէս Թումանեան, 1919թ․

 

Վերջին տարիներին փորձում եմ թարմացնել իմ գիտելիքները հայոց պատմութեան հարցերում։

Ցանկալի կը լինէր, որ մեր պատմաբանները մի կողմ դնէին իրենց կարծրատիպերը եւ խորը, փաստերի վրայ յենւած, վերլուծական աշխատութիւն հրապարակէին այս թեմայով։

Ինչեւէ, փորձեմ հակիրճ ներկայացնել հայոց պատմութեան որոշ դրւագներ, այդ ամէնը դիտարկելով այսօրւայ քաղաքական իրավիճակով պայմանաորւած։ Մեր պատմութեան հազարամեակների ընթացքում, պատերազմել ենք ժամանակին մեզ հարեւան տարբեր կայսրութիւնների հետ՝ Ասորեստան, Բաբէլոն, Հռոմ, Պարսկաստան եւ այլն։

Փորձենք դիտարկել հայոց պատմութեան որոշ դրւագներ, սկսած առաջին դարից մ․թ․ա.։

Այն շրջանում արեւմուտքը ներկայացւած էր Հռոմէական կայսրութեամբ։ Ի դէպ, Հռոմը, բացի հռոմէացիներից եւ յոյներից, մնացած բոլոր ազգերին համարում էր բարբարոսներ, այդ թւում՝ հայերին։ Բարբարոսներին կարելի էր կոտորել, հարստահարել, ստրկացնել, օգտագործել գլադիատորական մարտերում։ Այդ շրջանում Հռոմի արեւելքի հիմնական հակառակորդը Պարթեւական (Պարսկաստան) թագաւորութիւնն էր։ Հռոմէական կայսրութիւնը մշտապէս փորձել է օգտագործել բարբարոս հայերին ընդդէմ բարբարոս պարթեւների։ Հայ արեւմտամէտ թագաւորների ջանքերը դաշնակցելու առաջադէմ Հռոմի հետ, մշտապէս ուղեկցւել են տարածքային եւ մարդկային կորուստներով։ Երբ հայոց արքայ Արտաւազդ Բ-ն դաշնակցեց պարթեւների հետ, համատեղ ջանքերով հայ-պարթեւական զօրքերը ջախջախեցին մեծն Կրասոսի անպարտելի թւացող լեգիոնը և Հայաստանը պահպանեց ե՛ւ անկախութիւնը, ե՛ւ տարածքները։ Հետագայում հայ արեւմտամէտների ներքին խառնակութիւնները թուլացրին Արտաւազդ Բ-ի իշխանութիւնը եւ նա փորձեց լեզու գտնել Հռոմի հետ։ Արդիւնքը՝ շուտով Մարկոս Անտոնիոսը գերեվարում է Արտաւազդ Բ-ին եւ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով գլխատւում են Արտաւազդն ու նրա կինը։ Հայոց թագաւորութիւնը յայտնւում է վերացման եզրին եւ նորից Պարթեւական երկրից գալիս է արքայազն Արտաշէսը, կարճ ժամանակ անց ջախջախում հռոմէական լեգիոնը եւ վերականգնում հայոց թագաւորութիւնը։

Հետագայում, Արշակունիների թագաւորութեան (65-428թթ․) հիմքերը դրւեցին հայ-պարթեւական դաշինքի շնորհիւ, հռոմէացիների դէմ յաղթանակի արդիւնքում։ Հետաքրքրական է, որ ընդունելով իր պարտութիւնը, նաեւ յարգելով յաղթողին, Հռոմի կայսր Ներոնը հրաւիրում է Տրդատ Արշակունուն Հռոմ եւ թագադրում։ Արշակունեաց թագաւորութիւնը բաւականին հզօր պետութիւն էր՝ ունենալով Պարթեւական պետութեան հետ դաշնակցային յարաբերութիւններ։ Որոշակիօրէն յարաբերութիւնները փչացան, Պարսկաստանում յեղաշրջման եւ Սասանեանների իշխանութեան գալով։ Սակայն, Արշակունի թագաւորներից վերջին, համեմատաբար հզօր թագաւոր Պապը սպանւեց Հռոմի Վաղէս կայսեր հրամանով։ Պապ թագաւորից յետոյ Արշակունիների թագաւորութիւնը թուլացաւ եւ 387թ․ Հայաստանը բաժանւեց Պարսկաստանի եւ Բիւզանդիայի միջեւ։ Հետաքրքրական է, որ բիւզանդական հատւածում վերացաւ հայոց թագաւորութիւնը, իսկ պարսկական մասում, թէկուզ կախեալ, բայց շարունակւեց Արշակունիների իշխանութիւնը։ Եւ հէնց Պարսկահայաստանում Վռամշապուհ թագաւորի աջակցութեամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Իսկ ո՞վ վերացրեց Արշակունիների թագաւորութիւնը․․․ հայոց իշխանները, ովքեր խնդրեցին պարսից արքային գահընկեց անել հայոց թագաւորին։ Պարսից արքան ստիպւած անսաց հայոց իշխանների խնդրանքին եւ  428թ․ գահընկեց արեց վերջին Արտաշէս Դ թագաւորին եւ նշանակեց մարզպետ։

Բաւականին ուշագրաւ աշխատութիւն է պատմաբան Համլետ Դաւթեանի «Հայոց պատմական հնարաւորութիւնները 6-7-րդ դարերում»։ Այդ ողջ ժամանակաշրջանում հայոց իշխանները եղել են անմիաբան եւ հիմնականում արեւմտամէտ։ Հետաքրքիր է, որ 6-րդ դարում Պարսկաստանում տեղի է ունենում յեղաշրջում եւ իշխանութիւնը վերցնում են Պարթեւ Արշակունիները։ Նրանք նամակով դիմում են հայ իշխաններին, որ իրենք յաղթել են նաեւ հայոց թշնամիներին եւ խոստանում են վերականգնել հայոց թագաւորութիւնը։ Գահընկեց եղած Սասանեան ժառանգները դիմում են Բիւզանդիայի կայսրին, խնդրելով աջակցել իրենց գահին վերադառնալու համար, որպէս փոխհատուցում առաջարկելով Պարսկահայաստանի մեծ մասը։ Բիւզանդիայի կայսրը դիմում է հայոց իշխաններին եւ․․․ հայոց զօրքը յարձակւում, յաղթում է Արշակունիներին, գահը վերադարձնելով Սասանեաններին։

9-րդ դարում երկարատեւ ընդմիջումից յետոյ վերականգնւեց հայոց թագաւորութիւնը։ Այն հիմնադրւեց հայոց իշխան Աշոտ Բագրատունու կողմից արաբների դէմ երկարատեւ պատերազմներից յետոյ։ Նրան արաբական խալիֆը ճանաչեց որպէս իշխանաց իշխան, հետագայում որպէս հայոց թագաւոր։ Այո՛, ինչպէս Ներոնը, այնպէս էլ խալիֆը յարգեցին յաղթողին։ Դրանից յետոյ Բիւզանդիան նոյնպէս ճանաչեց հայոց թագաւորութիւնը։ Եւ ո՞վ կործանեց շուրջ երկու դար տեւած հայոց Բագրատունեաց թագաւորութիւնը․․․հայ արեւմտամէտ իշխանները Վեստ Սարգիսի եւ կաթողիկոս Պետրոս Գետադարձի առաջնորդութեամբ՝ պետութիւնը վաճառելով Բիւզանդիային։

Հայոց յաջորդ պետականութիւնը 11-14-րդ դարերում Կիլիկիոյ թագաւորութիւնն էր։ Այդ շրջանի մասին յատուկ գիտելիքներ չունեմ։ Սակայն որքան ինձ յայտնի է, Կիլիկիոյ թագաւորութեան ամենածաղկուն շրջանում, թագաւորները ռազմաքաղաքական դաշինք են կնքել մոնղոլների հետ եւ համատեղ ուժերով տարել յաղթանակներ։ Հետագայում Կիլիկիոյ թագաւորներն աչքերն ուղղել են դէպի արեւմուտք, քրիստոնեայ Եւրոպա, փորձելով դաշնակցել խաչակիրների հետ։ Եւ երբ մամլուքները յարձակւել են Կիլիկիայի վրայ, քրիստոնեայ Եւրոպան միայն դիտորդի դերում է եղել։

Դարերի ընթացքում զրկւած լինելով պետականութիւնից, այնուամենայնիւ պարսկական տիրապետութեան տակ գտնւող պատմական Հայաստանի Արցախ նահանգում պահպանւում էր հայկական ինքնավարութիւն։ Իսկ 19-րդ դարում Սիւնիքում տեղի ունեցաւ Դաւիթ Բէկի ապստամբութիւնը Օսմանեան Թուրքիայի դէմ։ Եւ ո՞վ ճանաչեց եւ օժանդակեց Դաւիթ Բէկին․․․ Այո՛, պարսից շահ Թահմազը։

Յիշենք նաեւ 1878թ․ ռուս-թուրքական պատերազմից յետոյ Սան Ստեֆանոյում կնքւած պայմանագիրը, որտեղ նոր պատմութեան մէջ առաջին անգամ յիշատակւեց Հայաստան անւանումը։ Սակայն արեւմտեան կայսրութիւնների ջանքերով, նոյն թւականին հրաւիրւեց Բեռլինի համաժողովը, որտեղ Հայաստան եւ հայեր բառերը փոխարինւեցին «Հայկական հարց» ոչինչ չասող ձեւակերպումով։

Դարաւոր ընդմիջումից յետոյ, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտի շնորհիւ հռչակւեց Հայաստանի անկախ հանրապետութիւնը։ Հանրապետութիւնը կարճ կեանք ունեցաւ, ընդամէնը 1,5 տարի։ Եւ իմ համոզմամբ առաջին հանրապետութիւնը կործանւեց նոյն արեւմտամետութեան պատճառով։ Հայաստանի ղեկավարութիւնը հաշւի չառաւ տարածաշրջանային իրողութիւնները եւ Հայաստանը համարելով Անտանտի դաշնակից, յոյսը դրեց արեւմուտքի օգնութեան վրայ։ 1920թ․ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարութեանն առաջարկեց ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը, շուրջ 60 հազ. քառ.կմ տարածքով, ինչպէս ճանաչել էր Ֆինլանդիան, չէզոքութեան պայմանով։ Սակայն Հայաստանի ղեկավարութիւնը թափահարում էր Սեւրի դաշնագրով գծւած Հայաստանի քարտէզը։ Թերեւս անխուսափելի էր դառնալ ԽՍՀՄ հանրապետութիւն, բայց ճիշտ քաղաքականութեան արդիւնքում կունենայինք 60 հազ․ քառ․կմ տարածքով Խորհրդային Հայաստան, ներառեալ Նախիջեւանը եւ Արցախը։ Յանուն վիլսոնեան թղթէ Հայաստանի, նոյնիսկ Հայաստանի ղեկավարութիւնը յորդորում էր Գարեգին Նժդեհին թողնել Սիւնիքը, քանի որ այն մաս չէր կազմում վիլսոնեան թղթին։ Ի դէպ, Սիւնիքի, այն է՝ Լեռնահայաստանի ինքնապաշտպանութեանը նոյնպէս օժանդակել է Պարսկաստանը։ Ուղղակի զարմանալի է, նոյն 1920թ․ Անտանտի անդամ, մեծ հայասէր Ֆրանսիան համաձայնութեան գալով Թուրքիայի հետ, լքեց Կիլիկիան, տեղի հայերին կանգնեցնելով հերթական ցեղասպանութեան առաջ, բայց Հայաստանի ղեկավարութիւնը շարունակում էր երկրպագել արեւմուտքին։

Եւս մէկ նկատառում։ Ո՞ր երկրներում է հայկական սփիռքը, հայկական համայնքն առաւել ճանաչւած, ինքնուրոյն։ Պատասխան՝ արեւելքում, յատկապէս՝ Իրան, Սիրիա, Լիբանան։

Եթէ արեւմուտքում հայկական համայնքն ընդամէնը բարեկեցիկ գոյատեւում է եւ յաջորդ սերունդն արդէն դժւարութեամբ է մտաբերում իր հայ լինելը, ապա արեւելքում հայկական համայնքը ճանաչւած է եւ ուծացման վտանգ չի սպառնում։ Լիբանանում հայերն, ըստ էութեան, պետական համայնք են, ունենալով պատգամաւորական, նախարարական օրէնքով ամրագրւած քւոտաներ։ Հայկական համայնքները պատգամաւորական քւոտաներ ունեն նաեւ Իրանում եւ Սիրիայում։

Ինչու կատարեցի այս պատմական էքսկուրսը։ Չեմ կարծում, որ վերը նկարագրւածը պատահականութիւն է, այն յստակ օրինաչափութիւն է։

Արդեօք նոյն պատմական սխալները չենք կրկնո՞ւմ 1991թ․ սկսած անկախութեան, յատկապէս վերջին 4 տարիներին։ Լինելով Ռուսաստանի դաշնակից երկիր, յատկապէս 2018թ․ սկսւեց բացայայտ հակառուսական, նաեւ հակաիրանական, հակաչինական, ընդգծւած արեւմտամէտ քաղաքականութիւն։ Կարելի է համառօտ թւարկել․ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին առաջադրւած շինծու մեղադրանքը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւանում «ջերմ» ընդունելութիւնը, Ռուսաստանի «ադապտացումը», Ալեքսէյ Նաւալնու Հ1-ով հարցազրոյցը, ինչպէս նաեւ իշխանամերձ լրատւամիջոցներով հակառուսական քարոզչութիւնը, Իրանի սահմանի «անիմաստ» լինելը, հակաչինական ալեանսին միանալը։ Այս հետեւողական քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնը պայմանաւորւած պատերազմն ու պարտութիւնն էր։

Եւ այդ նւաստացուցիչ պարտութիւնից յետոյ նոյն քաղաքականութիւնը հետեւողականօրէն շարունակւում է։ Վարչապետ կոչեցեալը բարբառում է իբր զէնքի ձեռք բերման սահմանափակումների մասին՝ ակնարկելով ռուսական արգելքը։ Բացայայտ սուտ։ Այո, Ռուսաստանը թերեւս չի հանդուրժի ՆԱՏՕ-ական զէնքի գնումներ, բայց եթէ նոյնիսկ բացառենք Ռուսաստանի գործօնը, արդեօք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր պատրա՞ստ է զէնք վաճառել իր դաշնակից Թուրքիայի բարեկամ Ադրբեջանի թշնամուն։ Իսկ Ռուսաստանը հաստատ չի խոչընդոտի Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից զէնքերի ներմուծմանը։ Ըստ հաւաստի լուրերի պատերազմի ժամանակ Հնդկաստանն առաջարկել է ներկայացնել անհրաժեշտ զէնքերի ցանկ, բայց․․․ ձայն բարբարոյ անապատի։ Եւ վերջապէս, չմոռանանք, որ Ռուսաստանը միայն Հայաստանին էր տւել իր հզօր զէնքերից «Իսկանդերը», որն այդպէս էլ չխփեց ադրբեջանական նաւթագազամուղերին եւ զօրքերի կուտակումներին։ Կարծում եմ, որ դեռեւս նախորդ իշխանութիւնները պէտք է սերտացնէին յարաբերութիւնները, առաջին հերթին Իրանի, նաեւ Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի հետ, նաեւ ռազմական ոլորտում։

Կարծում եմ, որ ի տարբերութիւն արեւմտեան վեկտորի, այս պարագայում Ռուսաստանի կողմից յատուկ խանդ չէր ցուցաբերւի։

Այսօր, երբ Հայաստանի լինել չլինելու հարցն է դրւած, միակ երկիրը, որ լուրջ անհանգստութիւն է արտայայտում եւ պատրաստ է ռազմական միջամտութիւն ցուցաբերել՝ Իրանն է, բնականաբար ելնելով առաջին հերթին իր ազգային շահերից։ Սակայն, իմ կարծիքով, բացի իր ազգային շահերից, Իրանը նաեւ ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ։ 20-րդ դարում Իրանում տեղի են ունեցել մի քանի յեղափոխութիւններ։ Եւ ամէն նոր իշխանութիւն մշտապէս դրական է վերաբերւել հայ համայնքին։ Եւ փոխանակ, Հայաստանը կտրուկ, այո՛ կտրուկ քաղաքական շրջադարձ կատարի դէպի Իրան, Հայաստանի տարբեր պաշտօնեաներ հանդիպումներ են ունենում ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Հայաստանի հնարաւոր օկուպացիայի դէպքում, այդ արեւմտեան կառոյցների «հայասէր» ղեկավարները խորը մտահոգութիւններ կը յայտնեն, խստօրէն կը դատապարտեն, լաւագոյն դէպքում կը պահանջեն զօրքերի յետքաշում․․․ եւ վերջ։

Հռոմէական շրջանից սկսած արեւմուտքում իշխել է չոր պրագմատիկ քաղաքականութիւնը, ինչպէս վերը նշեցի՝ հնում այլ ազգերը համարւել են բարբարոսներ, միջնադարում՝ խաչակրաց արշաւանքներն ու գաղութատիրութիւնը՝ պայքար անհաւատների դէմ, այսօր՝ յանուն «ոսկէ միլիարդի» բարեկեցութեան՝ ժողովրդավարութեան անւան տակ, իբր պայքար աւտորիտարիզմի եւ բռնապետութեան դէմ։ Արեւմտեան մեծ մարդասէրներ Ֆրիտեոֆ Նանսէնը, Ֆրանց Վերֆէլը դւ այլոք երբեք չեն ազդել եւ չեն ազդելու իրենց երկրների պրագմատիկ քաղաքականութեան վրայ։

Ինչպէս ասել է Նապոլէոն Բոնապարտը «Քաղաքականութիւնն առաջին հերթին աշխարհագրութիւն է»։

Եթէ նախկինում Հայաստանի համար արեւմուտքը, համեմատաբար քաղաքակիրթ Հռոմն էր, հետագայում Բիւզանդիան, ապա այսօր, Հայաստանից արեւմուտք, նոյն արեւմուտքի դաշնակից ցեղասպան Թուրքիան է։

Իմ հանդիպումների, զրոյցների ժամանակ թունդ արեւմտամէտ, նաեւ հակառուս արեւելաեւրոպական երկրների իմ ընկերների, նաեւ արեւմտեան երկրների դիւանագէտների հետ, նրանց ներկայացնում եմ․ «Ի՞նչ երկրներ են գտնւում Ուկրայինայի, Մոլդովայի, Բելառուսի, Էստոնիայի, Լատւիայի, Լիտւայի արեւմուտքում։ Ճիշտ էք՝ Լեհաստան, Ռումինիա եւ այլ եւրոպական երկրներ։ Նոյնիսկ Վրաստանի դէպքում, դէպի արեւմուտք ծովի ելք կայ։ Իսկ ո՞ր երկիրն է Հայաստանից արեւմուտք․․․Թուրքիան»։

Եւ հաւատացնում եմ, բոլոր զրուցակիցներս 100%-ով հասկանում եւ ընդունում են իմ փաստարկները։

Այլ է Հայաստանի արեւմտամէտների դէպքում։ Նրանք չեմ կարծում, թէ այս տարրական ճշմարտութիւնը չեն հասկանում։ Եթէ Կիլիկիոյ թագաւորութեան, առաջին Հանրապետութեան ղեկավարները անկեղծ հաւատում էին արեւմուտքին, ապա այսօրւայ արեւմտամէտները վեստսարգիսներ են՝ յանուն փողի պատրաստ վաճառելու հայրենիքը։ Եւ ինչպէս նշեցի, Հայաստանի համար այսօրւայ արեւմուտքը՝ Թուրքիան է, հետեւաբար այսօրւայ արեւմտամէտներն իրականում, յանուն փողի, սպասարկում են մեր դարաւոր թշնամի Թուրքիայի շահերը, թաքնւած արեւմտեան «ժողովրդավարութեան» արժէքների քողի տակ։

Այսպիսով, հնարաւոր իշխանափոխութեան, Հայաստանի հնարաւոր փրկութեան դէպքում, նոր Հայաստանի քաղաքականութիւնը պէտք է ուղղւած լինի դէպի արեւելք, դաշնակցային յարաբերութիւններ հաստատելով առաջին հերթին Իրանի, ապա Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Սիրիայի հետ, իհարկէ պահպանելով դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, ունենալով նաեւ ջերմ դիւանագիտական յարաբերութիւններ արեւմուտքի հետ։

Արտաքին քաղաքականութեան այսպիսի ուղղութեանը բացարձակապէս չի հակասում, որ ներքին քաղաքականութեամբ Հայաստանը լինի իրական իրաւական պետութիւն, յստակ ազգային-պետական շահերին սպասարկող սահմանադրութեամբ եւ օրէնքներով, իրական անկախ դատաիրաւական համակարգով։ Իսկ, այսպէս կոչւած ժողովրդավարութիւնը զրօ է ոչ իրաւական պետութեան պարագայում, ինչպիսին այսօրւայ Հայաստանն է։

Բայց, կարծում եմ, որ արեւմտամէտութիւնը, այն է՝ օտարամոլութիւնը, նիւթապաշտութիւնն ու հարուստ հովանաւորի փնտրտուքը մեր ժողովրդի թերեւս անբուժելի թւացող հիւանդութիւն է։ Հայաստանի ինչպիսի բժիշկ-ղեկավար, իր համախոհներով պէտք է յայտնւի, որ փորձի առանց անզգայացման, ցաւոտ վիրահատութեամբ բուժել մեր ժողովրդին։

Յօդւածն աւարտենք նոյն հայոց հանճար Յովհաննէս Թումանեանով․

Արիւնալի աղէտներով, աղմուկներով ահարկու,

Արեւմուտքի ըստրուկները մեքենայի եւ ոսկու`

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դէպ արեւելքն աստւածային - հայրենիքը իմ հոգու…

Յովհաննէս Թումանեան, 1921թ․ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։