Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրոյթներում արեւմտեան ներթափանցման ազդեցութեան գօտիներ ստեղծելու ընդհանուր մօտեցումն է, որը համընկնում է Ամերիկայի Միացեալ Նահանգների, Եւրոպական Միութեան մօտեցումներին։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանեան «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի քայլերին Հայաստանի շուրջ ստեղծւած իրավիճակի ուղղութեամբ։
«alikonline.ir» - Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրոյթներում արեւմտեան ներթափանցման ազդեցութեան գօտիներ ստեղծելու ընդհանուր մօտեցումն է, որը համընկնում է Ամերիկայի Միացեալ Նահանգների, Եւրոպական Միութեան մօտեցումներին։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանեան «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի քայլերին Հայաստանի շուրջ ստեղծւած իրավիճակի ուղղութեամբ։
Երէկ վարչապետ Նիկոլ Փաշինեանին Փարիզում ընդունել էր Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Համատեղ ասուլիսին Մակրոնը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին թուլացնել լարւածութիւնը եւ վերսկսել բանակցութիւնները։ «Փարիզը համոզւած է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մէկի համար։ Եւ որ առանց յապաղելու երկխօսութիւնը պէտք է վերսկսւի»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը: Վերջինս նաեւ նշել էր, որ Ֆրանսիան կանի ամէն ինչ, որ Հարաւային Կովկասը լինի կայուն, յուսալի եւ բարգաւաճ տարածաշրջան։
Բացի այդ, Ֆրանսիան այն պետութիւններից մէկն էր, որն Ադրբեջանին հասցէական նշել էր որպէս սեպտեմբերյան յարձակման պատասխանատու եւ կոչ արել զօրքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից ու վերադառնալ ելման դիրքեր։
Միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն ասաց, որ Ֆրանսիայի նախագահի ելոյթում ուշագրաւ ուղերձներ են հնչել։
«Այսպէս, նա հաստատում է, որ Ադրբեջանը թիրախաւորել է Հայաստանի տարածքը, աւերել քաղաքացիական ենթակառուցւածքներ: Մակրոնը սա անընդունելի է համարել եւ հաստատել, որ Ֆրանսիան այս առումով ստանձնել է իր պարտականութիւնները:
Այս հաստատումը ուղղակի ագրեսոր է համարում Ադրբեջանին, դատապարտում նրա ներխուժումը հայաստանեան ինքնիշխան տարածքներ եւ փոխանցում, որ հրադադարի հաստատման կամ ուժի կիրառման շարունակութեան առումով Ֆրանսիան դեր է վերցրել։ Եւ երբ ասւում է, որ բանակցութիւնները տարւում են տարբեր ձեւաչափերով, մասնաւորապէս ԵՄ հովանու ներքոյ, եւ պէտք է դրանք վերսկսել, դա դիւանագիտօրէն շրջանցում է ռուսական միջնորդական եւ երաշխաւորման գործօնը եւ այդ դերը բացառապէս վերապահում ԵՄ-ին»,- պարզաբանեց Գանտահարեանը։
Երկրորդը, ըստ «Ազդակ»-ի գլխաւոր խմբագրի, այն է, որ Ֆրանսիան պահանջել է, որպէսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. «Այս պահանջը Մակրոնն ուղղակի փոխանցել է Ալիեւին, որ սահմանի` սահմանագծւած չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում միւս երկրի տարածք: Այս դիրքորոշումով ֆրանսիացի նախագահը դատապարտում է ուժի կիրառմամբ սահմանազատում իրականացնելու Բաքւի քաղաքականութիւնը»։
Երրորդը, ըստ նրա, Ռուսաստանին ուղղւած սլաքն է. «Այն պարփակում է այն ուղերձը, որ 44-օրեայ պատերազմի իբրեւ հետեւանք ընդգծում է տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնւած ներկայութիւնը»:
«Եւ չորրորդ․ Ֆրանսիան առաջարկ է հրապարակայնացնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին առընչել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը։ Սա եւս կարծում եմ՝ պէտք է դիտարկել իբրեւ ռուսական երաշխաւորման եւ միջնորդական կարգավիճակի հակակշռման գործողութիւն»։
Գանտահարեան կարծիքով՝ մի քանի կարեւոր հանգամանք պէտք է նկատի ունենալ Ֆրանսիայի քայլերում. «Նախ, այն, որ պաշտօնական Փարիզի յայտարարութիւնում որոշակի հասցէականութիւն կայ։ Երկրորդ, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ պահանջեց ադրբեջանական զօրքերի՝ ելման կէտ վերադառնալու մասին։ Իսկ արցախեան ուղղութեամբ Ֆրանսիան համանախագահող միջնորդ երկիր է, որը համարում է, որ թէ՛ արցախեան հակամարտութիւնը դեռ չի լուծւել, թէ՛ կարգավիճակ չի որոշւել։ Աւելի ընդհանուր դիտարկումով նկատելի է համակարգելու համաձայնեցւածութիւն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ հետզհետէ միջազգային ընտանիքի երկրների միջեւ»։
Ըստ նրա՝ սա կարելի է դիտարկել ռուսական գործօնի հակակշռման գործողութիւնների կոնտեքստում։ «Այս տեսութեան վառ ապացոյցն այն է, որ Միացեալ Թագաւորութիւնը եւս հանդէս է եկել զօրքերի յետքաշման պահանջով։ Միաժամանակ, կայ հաշւարկ Ադրբեջանի հետ էներգիայի ոլորտում կայացած գործաքների կամ արբանեակային շուկայի ուղղութիւններով։ Այս բոլորով Ֆրանսիան կը փորձի տարածաշրջանում դեր վերցնել եւ միջնորդի կարգավիճակով հանդէս գալ։ Ֆրանսիան ինքը նախաձեռնեց ՄԱԿ Անվտանգութեան նիստը, ինչը շատ կարեւոր է»,- շեշտեց Գանտահարեանը։
«Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիրն ասաց, որ Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրոյթներում արեւմտեան ներթափանցման ազդեցութեան գօտիների ստեղծելու ընդհանուր մօտեցումն է, որը համընկնում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի մօտեցմանը․ «Էներգետիկ ոլորտում մեծ կապեր ունեցող Միացեալ Թագաւորութիւնը եւս իր դեսպանատան միջոցով յայտարարեց, որ ադրբեջանական զօրքերը պէտք է վերադառնան ելման կէտեր»։
«Արեւելեան Միջերկրական խնդրով հակաթուրքական դաշինքը՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Յունաստան, Կիպրոս, Թուրքիայի սպառնալիքների դէմ եթէ ունէր տարբեր շարժառիթներ, ապա Հարաւային Կովկասում նոյնը չեն, իհարկէ։ Բայց սա յատկապէս Ուկրայինայի պատերազմից յետոյ պէտք է ընկալել, որ չպէտք է լինի ռուսաստանյան մենաշնորհեալ տիրոյթ, սա աշխարհաքաղաքական նոր գիծ է։ Եւ չպէտք է առանձին վերցնել Ֆրանսիայի դիրքորոշումը, սա հետզհետէ ծաւալւող նոր քաղաքական վարքագիծ է շատ աւելի համարձակ դրսեւորումներով»,- յաւելեց նա։
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու հնարաւորութեանը՝ Գանտահարեանն ընդգծեց, որ այս հարցում աւելի մեծ գործօն է Միացեալ Նահանգները. «Չնայած որոշ կարմիր գծեր պահպանւում են Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ այն բոլոր ռազմական գործողութիւնների կամ Հայաստանի գերիշխան տարածքներ ադրբեջանական ներխուժումների ընթացքում հաշւի է առնւում նաեւ Ռուսաստանի գործօնը եւ ոչ միայն Արեւմուտքի։ Այստեղ այնպէս չէ, որ Ռուսաստանի շահերից բխում է շատ աւելի լայնածաւալ պատերազմը, շատ աւելի ծաւալուն ներխուժումը։ Ի վերջոյ, Հայաստանը ռուսական ազդեցութեան տիրոյթում է, եւ ցանկացած փոփոխութիւն չի բխում Ռուսաստանի շահերից»։
«Տեսանելի բաժինն այն է, որ կան որոշակի պայմանաւորւածութիւններ նոյեմբերի 9-ի հրադադարի յայտարարութեան կոնտեքստում։ Եւ 44-օրեայ պատերազմում յաղթանակած կողմը շտապողականութիւն է դրսեւորում իր շահերից բխող 5 կէտանոց խաղաղութեան օրակարգային կէտերն իրականացնելու համար։ Այստեղ, հաւանաբար, կան որոշ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական մօտեցումներ»,- եզրափակեց Շահան Գանտահարեանը։
Սերգէյ Առաքելեան