Հա

Քաղաքական

02/10/2022 - 13:15

«Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

«alikonline.ir» - ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը նախօրէին յայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարաւորութեան մասին։ Նա մասնաւորապէս ասաց, որ այժմ քննարկւում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների համաձայնութիւնների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելու համար Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարաւորութիւնը:

Ըստ Սերգէյ Լաւրովի՝ խօսքը «մասնաւորապէս հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ ընդհանուր առմամբ Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման մասին է, ներառեալ՝ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը»: «Կարծում եմ՝ ԱՊՀ-ի կողմից աջակցութիւնը նոյնպէս պահանջւած կը լինէր»,- ՏԱՍՍ լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ասել է Լաւրովը:

Նախարարի հաւաստմամբ՝ պաշտօնական Մոսկւան մեծ նշանակութիւն է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցութեանը: Սրան զուգահեռ յայտնի դարձաւ նաեւ, որ Ժնեւում հոկտեմբերի 2-ին տեղի կունենայ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ նաեւ ԱՄՆ-ը չի շեղւում ԵՄ տրամաբանութիւնից, ու կողմերը որքան էլ ձգձգումներով պէտք է սկսեն աշխատել Խաղաղութեան համաձայնագրի վրայ, այդ իմաստով Ժնեւի հանդիպումն աւելի ինֆորմատիւ կը լինի եւ կը տայ մի շարք հարցերի պատասխաններ։

«Ուրւագծւում է այն պատկերը, որ Ռուսաստանը կը շարունակի ներկայութիւն պահպանել այն տեղերում, որտեղ դրա անհրաժեշտութիւնը կայ, եւ որը քայլեր չանելու դէպքում Արեւմուտքը կարող է զբաղեցնել, սակայն դիւանագիտական դաշտում ՌԴ-ն դեռ մասնակցութեան չի ձգտում։ Մոսկւայի համար աւելի կարեւոր է սահմանազատման գործընթացը եւ կոմունիկացիաների շուրջ բանակցութիւնները։ Այսքանը նման ծանր փուլում բաւարարում է Մոսկւային, ամէն հարցով հնարաւոր չէ զբաղւել, թէեւ չի բացառւում, որ Խաղաղութեան համաձայնագրի ուղղութեամբ լինեն քայլեր։ Այնուամենայնիւ կողմերի միջեւ ծանր դիւանագիտական առճակատում կայ, յենւելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Ռուսասստանի ու Թուրքիայի վրայ։

Այս ամէնը բովանդակային առումով ոչինչ չի փոխում, սակայն աշխարհաքաղաքական առումով կայ պայքար վերջնական կարգաւորման դափնիները վայելելու եւ տարածաշրջանում հաստատւելու հարցում։ Բայց Ուկրայինայում, ինչպէս տեսնում էք, լիովին նոր սցենարներ են ծաւալւում, որոնց վրայ է թէ Ռուսաստանի, թէ Արեւմուտքի ուշադրութիւնը։ Ինչպէս տեսնում էք՝ Ռուսաստանը գլոբալ հարց է լուծում իր համար եւ աշխարհաքաղաքական ժամանակաւոր ցնցումների յետեւից չի վազում»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խօսքով, եթէ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման կամ ներգրաւման որոշումը հաստատւի, այն եւս պէտք է դիտարկել Արեւմուտք-ՌԴ հարաւկովկասեան մրցակցութեան շրջանակում։

«ՌԴ-ն ակնյայտօրէն դէմ արտայայտւեց միջազգային դիտորդների տեղակայման հնարաւորութեանը, տեղում ներկայութեան, դիտորդութեան եւ ռազմական բաղադրիչի, անվտանգութեան հետ կապւած հարցերում չի զիջի»,- ասաց նա։

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։